• ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐՀԻԱՊԱՏԻՎ ՏԵՐ ԳԵՎՈՐԳ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՆՈՐԱՏՈՒՆԿՅԱՆԻ

    Սեպտեմբեր 26, 2024թ. Գյումրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցում տեղի ունեցավ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէների նորանշանակ Առաջնորդ՝ Արհիապատիվ Տեր Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանի գահակալության արարողությունը, ձեռամբ՝ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ․ Կաթողիկոս Պատրիարքի:


    Սուրբ և Անմահ Պատարագը մատուցվեց ձեռամբ Ն.Ա.Գ.Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ․ Կաթողիկոս Պատրիարքի, առընթերակայությամբ՝ Հալեպի Հայ Կաթողիկէ Թեմի Առաջնորդ Արհի. Տեր Պետրոս Արքեպս. Միրիաթեանի և Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէների նորանշանակ Առաջնորդ Արհի. Տեր Գևորգ Արքեպս. Նորատունկյանի:

     

    Գահակալության արարողությունն իրենց ներկայությամբ պատվեցին Հայաստանում Սուրբ Աթոռի նորանշանակ Առաքելական Նվիրակ Նորին Գերազանցություն Արհիապատիվ Տեր Անտե Յոզիչը, Վատիկանի Արևելյան Եկեղեցիների Գերատեսչության փոխքարտուղար Հայր Ֆիլիպ Չիամպանելին, Հայաստանում Սուրբ Աթոռի Առաքելական Նվիրակության քարտուղար և Նորին Սրբության պատվո մատրանապետ Հայր Ալիակսանդր Ռահինիան, Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և Լիազոր Դեսպան Ն.Գ. Օլիվիե Դըկոտինյին, պետական այրեր, ներկա էին Թեմի բոլոր հոգևոր հայրերը, Անարատ հղության միաբանության և Մայր Թերեզայի Գթության քույրերը, «Հայկական Կարիտասի» աշխատակազմը, ներկայացուցիչներ՝ «Կարիտաս Վրաստանից», ինչպես նաև հավատավոր ժողովրդի հոծ բազմություն:

     

    Արարողության ողջ ընթացքը լուսաբանվեց զանգվածային լրատվության տարբեր միջոցների կողմից:

     

    Ավետարանի ընթերցումից հետո՝ Վատիկանի Արևելյան Եկեղեցիների Գերատեսչության փոխքարտուղար Հայր Ֆիլիպ Չիամպանելին ներկայացրեց Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից Առաջնորդի նշանակման Կոնդակը, որով Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության անդամ և մինչ օրս՝ այդ նույն Միաբանության Ընդհանուր Տեղապահ Հայր Գևորգ Թ.Ծ.Վ. Նորատունկյանը կարգվում է Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէների Առաջնորդ՝ ստանալով Սեբաստիո Հայոց Տիտղոսավոր Արքեպիսկոպոսի աստիճան:

     

    Նորանշանակ Առաջնորդին ուղղված Սրբազան Քահանայապետի հորդորն էր. «… սիրեցյալ Որդի, հանձնելով Քեզ Սուրբ Կույս Մարիամի պաշտպանությանը, հորդորում ենք Քեզ՝ փութաջանությամբ հովվել Քեզ հանձնված ժողովրդին, առաջնորդելով նրան դեպի հավիտենական կյանքը՝ Քո կյանքի նկարագրով և օրինակով»։

     

    Ն.Ա.Գ.Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ․ Կաթողիկոս Պատրիարքի Քարտուղար Գերհարգելի Հայր Նարեկ Ծ. Վրդ. Մնոյանի կողմից ընթերցվեց Հայրապետական Գահակալության Կոնդակը, որում Հոգևոր Տերը՝ Հայ Կաթողիկէ Եկեղեցու Սինոդոսական Հայրերի և Իր անունից ուրախություն էր հայտնում ինչպես օրերս՝ Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկէ Եկեղեցում տեղի ունեցած Եպիսկոպոսական ձեռնադրության, այնպես էլ այսօր՝ Գյումրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցում տեղի ունեցող պաշտոնական Գահակալության արարողությունը կատարելու համար: Ամենապատիվ և Գերերջանիկ Հոգևոր Տերը՝ հայցելով Ամենակարող Աստծո շնորհքը, սերը, խաղաղությունը և օրհնությունը՝ նորօծ Եպիսկոպոս Նորատունկյանին փոխանցեց Աստծո և Եկեղեցու կողմից իր հոգածությանը հանձնված հոտը: Այնուհետև, իրեն շնորհված Հայրապետական իշխանությամբ՝ Հոգևոր Տերը հրավիրեց Գահակալ Արքեպիսկոպոսին՝ Ավետարանական սպասավորության հոգով ստանձնելու Եպիսկոպոսական Գահը և գործի դնելու Իր Հովվական իշխանության լրումը:

     

    Նորանշանակ Առաջնորդի գահակալության առթիվ՝ իր պատգամը հղեց Հայաստանում Սուրբ Աթոռի նորանշանակ Առաքելական Նվիրակ Նորին Գերազանցություն Արհիապատիվ Տեր Անտե Յոզիչը: Վերջինս իր ուրախությունը հայտնեց, որ Հայաստանում Առաքելական Նվիրակի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է Գյումրիում՝ իր մասնակցությունը բերելով այս հոգեպարար արարողությանը: Առաքելական Նվիրակն իր խոսքում նշեց. «Սիրելի՛ Գերապայծառ Տէր, նախևառաջ, օգտվելով այս ծիսական արարողության բարեպատեհ առիթից՝ թույլ տվեք իմ ջերմեռանդ մաղթանքները հղել Հռոմում վերջերս տեղի ունեցած Ձեր Եպիսկոպոսական ձեռնադրության և Գյումրիում այսօր տեղի ունեցող Գահակալության արարողության առթիվ, որով դուք այսուհետ ստանձնում եք տեղի հայերի և Արևելյան Եվրոպայի տարբեր երկրների կաթողիկէների Առաջնորդի պաշտոնը:

     

    Սրբազան Հայր, Ֆրանցիսկոս Պապի կողմից Ձեզ վստահված այս նոր հանձնարարությամբ, Ձերդ Գերազանցությունը հրավիրված է նշված երկրներում հայ ժողովրդին հասցնելու Բարի Լուրն ու Բարի Հովվի Եկեղեցական վկայությունը»:

     

    Ն.Գ. Արհիապատիվ Տեր Անտե Յոզիչը՝ հայցելով Կույս Աստվածածնի բարեխոսությունը, խնդրեց, որ Տերն իր ամենաառատ շնորհներով աջակից լինի Սրբազան Հոր եկեղեցանվեր ծառայությանն ու գործունեությանը՝ խոստանալով իր անկեղծ համագործակցությունը՝ ի պայծառություն Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի:

     

    Նորին Գերազանցություն Անտե Յոզիչն իր խոսքը եզրափակեց շնորհակալություն հայտնելով Առաքելական կառավարիչ՝ Հոգեշնորհ Հայր Միքայել Վրդ. Բասսալեին՝ վերջին տարիներին Հայ Կաթողիկէ Եկեղեցուն մատուցած գնահատելի ծառայության համար:

     

    Իր շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում Սուրբ Աթոռի Առաքելական Նվիրակության քարտուղար և Նորին Սրբության պատվո մատրանապետ Հայր Ալիակսանդր Ռահինիան: Վերջինս իր խոսքը սկսեց ջերմ հիշողություններով՝ կապված հայ ժողովրդի հետ, ովքեր բազմիցս վկայել են իրենց հավատքը՝ դիմակայելով անաստվածության տարիների հալածանքներին. «Ժայռոտ հավատքը բնորոշ է հայերին, այն ժողովրդին, որ կարողացավ կարծր քարից կերտել հավատի ու հույսի նշանը՝ խաչքարը, Զատիկն ավետող ծաղկած խաչը, որը մեզ հրավիրում է հիշողություն կերտելու, նորից սկսելու, դարձյալ հառնելու՝ ապավինելով Աստծո հեզ զորությանը:

     

    Գերապայծառ Տեր, Սրբազան Քահանայապետը Ձեզ կոչեց հովիվ լինելու այստեղ, որտեղ երկրաշարժից հետո կարողացան քարը քարին դնել ու, ես, Հռոմից գալով, Պապից Ձեզ վստահված հանձնառությունն ընդունելու համար շնորհակալություն հայտնելիս՝ չեմ կարող չմեջբերել Սուրբ Պետրոսին, որի անունը ծագել է վեմից, և որն իր Ընդհանրական առաջին թղթում հիշեցնում է քրիստոնյաներին, որ իրենք «կենդանի վեմեր են»:

     

    … Ձերդ Գերազանցություն, Աստծո սիրած այս կենդանի վեմերը վստահված են Ձեր Հովվի սրտին: Շնորհակալություն այն բարիքի համար, որ նրանց համար կգործեք, հույսի համար, որով կհամակեք նրանց սրտերը, խիզախության համար՝ նրանց ճշմարիտ բարիքն անխոնջ առաջ մղելու»:

     

    Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին, նորօծ Գահակալ Արքեպիսկոպոս Գևորգ Նորատունկյանն արտահայտեց իր երախտիքի խոսքը՝ ներկաներին հայտնելով իր մտքի և սրտի զգացումները. «Ամենապատիվ և Գերերջանիկ Հոգևոր Տեր, գերապայծառ, գերհարգելի, գերապատիվ և արժանապատիվ հայրեր, պաշտոնական,  դիվանագիտական, քաղաքական իշխանությունների ներկայացուցիչներ, պարոն Դեսպան, շատ սիրելի հայ հավատացյալներ, երբ քսան տարի առաջ Հալեպի Թեմի Առաջնորդի առաջ ծնկի եկա՝ քահանայությանս շնորհքը ստանալու, չէի սպասում և չէի ակնկալում, որ ևս մեկ անգամ պետք է ծնկի գամ Վեհափառի առջև՝ կրկին ընդունելու  Սուրբ Հոգու շնորհքը և նաև կարգվելու որպես Հայաստանի Առաջնորդ: Կարո՞ղ եք պատկերացնել, որ սկսեցի վախենալով, և վախը, ինչպես որ անցյալում կար, այդպես էլ այսօր կա: Եվ, այդ վախից դուրս գալու համար ապավինում եմ Աստծուն, Ով կանչեց և առանց որևէ հատուկ արժանիքի արժանացրեց, բայց և իմ առաքելությունը վստահելու եմ իմ ապագա գործակիցներին՝ Թեմի հոգևորականներին և Առաջնորդարանին: Եկե՛ք համաձայնվեք այսօրվանից, որ միայն փոխադարձ սիրով և վստահությամբ կարող ենք, ինչպես նշեց Ամենապատիվ և Գերերջանիկ Հոգևոր Տերը, նավը առաջ տանել դեպի խորերը՝ փնտրելով, աշխատելով և նվիրյալ կերպով գործելով ի սպաս Աստծո Արքայության»:

     

    Սուրբ և Անմահ Պատարագից հետո՝ Արհիապատիվ Տեր Գևորգ Արքեպս. Նորատունկյանն ընդունեց ներկա հյուրերի և հավատավոր ժողովրդի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, ապա, ներկաները հրավիրվեցին մասնակիցը լինելու Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի կողմից կազմակերպված հյուրասիրությանը:

     

     

    Նյութը պատրաստեցին՝

    Լիլիթ Մկրտչյանը

    Անի Ցոլակյանը

    Հրանուշ Սարգսյանը

     

        

Օրացույց

Օրացույց