• Եղբայրությունը վերացնում է ատելության և պատերազմի խավարը

    «Հենց եղբայրությունն է հակաքաղաքակրթության, ատելության ու պատերազմի պատասխանը»:


    Սեպտեմբերի 18-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խոսեց Հարավարևելյան Ասիա և Օվկիանիա կատարած իր առաքելական այցի մասին, որը ամենաերկար միջազգային ուղևորությունն էր:

     

    Հիշեցնելով այս տարածաշրջան Պողոս VI Պապի 1970թ. առաջին այցելության մասին՝ Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց Աստծուն, որ գոնե տարեց հասակում նա կատարեց այդ հեռավոր ճանապարհորդությունը, որի մասին երազել էր դեռ եիրտասարդ ժամանակ: Այս այցելությունից հետո ակնհայտ դարձավ, որ հասարակությունը Եկեղեցին ընկալում է եվրոկենտրոն պրիզմայով, սակայն Եկեղեցին ավելի ընդարձակ ու կենսունակ է, քան շատերը պատկերացնում են: Սրբազան Քահանայապետը հատկապես տպավորված էր տեղի համայնքների հետ հանդիպումներից, որտեղ նա նկատեց հավատքի աճ, որի հիմքում ոչ թե հավատորսությունն է, այլ գրավչությունը:

     

    Խոսելով Ինդոնեզիայի մասին՝ Նորին Սրբությունն ընդգծեց տեղի կաթողիկէ համայնքի դինամիկան, չնայած որ այն փոքրաթիվ է: Այս այցելության կարգախոսն էր. «հավատք, եղբայրություն, կարեկցանք», որոնք օգնում են հավատացյալներին վկայել Քրիստոսի մասին և հեշտությամբ ընկալել մյուս կրոնական ավանդույթները: Հենց եղբայրությունն է հակաքաղաքակրթության, ատելության ու պատերազմի պատասխանը: Սրբազան Քահանայապետն իր հիացմունքը հայտնեց Ջակարտայի քրիստոնյա և մահմեդական համայնքների միջև ներդաշնակ բարիդրացիական փոխհարաբերությունների վերաբերյալ:

     

    Իսկ Պապուա Նոր Գվինեայի մասին ասաց, որ տեղի Եկեղեցին միսիոներական գործունեության վառ օրինակ է, որտեղ շատ կարևոր է կրոնուսույցների դերը: Նորին Սրբության սիրտն ուրախանում էր միսիոներների և երիտասարդների հետ հանդիպումներից, որոնց մեջ նա տեսնում է ապագան, որի հիմքում եղբայրությունը և բնության մասին հոգատարությունն է, այն ապագան, որը հեռու է ցեղային բռնությունից, տնտեսական և գաղափարական գաղութատիրությունից:

     

    Արևելյան Թիմորում Սրբազան Քահանայապետին ապշեցրել է Եկեղեցու երիտասարդությունը և իմաստուն, կենսուրախ ժողովրդի գեղեցկությունը, որը սովորեցնում է երեխաներին ժպտալ: Նորին Սրբությունն ընդգծեց տեղի Եկեղեցու ներդրումն անկախության ու հաշտեցման գործընթացում, որին նպաստել է հավատքի և մշակույթի միջև եղած կապը:

     

    Երկար ճանապարհորդության վերջին հանգրվանը Սինգապուրն էր: Այդ քաղաք-պետությունում քրիստոնյա փոքրամասնությունը նպաստում է էթնիկ խմբերի, մշակույթների և կրոնների միջև ներդաշնակությանն ու եղբայրությանը: Չնայած տնտեսական բարգավաճմանը՝ քրիստոնեական համայանքը ապշեցնում է իր դինամիկայով. նրա անդամները հույսի վկաներն են, որն ավելին է, քան նյութական հարստությունը: Այս չորս երկրներից յուրաքանչյուրում, Սրբազան Քահանայապետի խոսքերի համաձայն, նա ունեցել է հանդիպում կենդանի Եկեղեցու հետ:

     

    Նորին Սրբությունն իր երախտագիտությունը հայտնեց և օրհնեց այդ ճանապարհին հանդիպած ժողովուրդներին, իրեն ջերմությամբ ու սիրով ընդունած քաղաքացիական ու եկեղեցական իշխանություններին, և իր առաքելական օրհնությունը տվեց Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր ուխտավորներին։

     

    Վատիկան նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց