«Ով է Հիսուս անձամբ մեզ համար և ինչ տեղ է գրավում մեր կյանքում»:
Սեպտեմբերի 15-ին՝ խորհրդածելով կիրակնօրյա ավետարանական ընթերցման շուրջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հիշեցրեց ուխտավորներին, որ շատ կարևոր է ճանաչել Տիրոջը, սակայն էլ ավելի կարևոր է հետևել Նրան և փոխակերպվել Նրա Ավետարանի ազդեցությամբ՝ իսկապես դարձի գալու համար:
Նորին Սրբությունը մեկնաբանեց օրվա Ավետարանը, որը պատմում է Հիսուսի և իր աշակերտների երկխոսության մասին: Նախ, Տերը հարցնում է, թե որպես ով են Իրեն երկրպագում մարդիկ, ապա ուղիղ հարց է տալիս. «Իսկ դուք ի՞նչ եք ասում Իմ մասին`Ով եմ ես»: Սրբազան Քահանայապետը հիշեցնում է Պետրոսի պատասխանը, որն ասեց բոլոր առաքյալների անունից. «Դու Քրիստոսն ես»: Առաքյալը գեղեցիկ պատասխան տվեց, սակայն մի քանի րոպե անց, երբ Հիսուս խոսում է գալիք չարչարանքների ու մահվան մասին, Պետրոսը սկսում է առարկել: Այդ ժամանակ Տերը խիստ սաստում է նրան՝ ասելով. «Ետև՛ս գնա, սատանա՛, որովհետև դու Աստծո՛ բաները չես խորհում, այլ՝ մարդկանցը»: Նորին Սրբության խոսքերի համաձայն, Պետրոսը ճիշտ պատասխանեց, սակայն նրա մտածողությունը դեռ «մարդկային» էր, որովհետև առաքյալն ուզում էր իր առաջ տեսնել ուժեղ ու հաղթական Մեսիայի, որը չի կարող տառապել ու մահանալ:
Ամեն ոք կարող է հայտնվել նման իրավիճակում, ընդգծեց Նորին Սրբությունը, որովհետև մենք ևս կարող ենք ինչ-որ բան հասկանալ Տիրոջ մասին և ճիշտ պատասխանել, սակայն եթե մենք դեռ ունենք աշխարհիկ մտածելակերպ, ապա անհապաղ պիտի դարձի գանք, որպեսզի բացահայտենք Քրիստոսի ճանապարհները և հետևենք Նրա կոչին: Մենք կարող ենք իմանալ Եկեղեցու ուսմունքը, ճիշտ աղոթել և ծանոթ լինել վարդապետությանը, սակայն այդքանը բավարար չէ Տիրոջը ճանաչելու համար. անհրաժեշտ է հետևել Նրան, սրտով և մտքով ընդունել Նրա Ավետարանը, փոխակերպվել ու նոր մարդ դառնալ:
Սրբազան Քահանայապետն ընդգծեց Տիրոջ հետ անձնական հարաբերությունների ու հանդիպման կարևորությունը: Հենց այդ հանդիպումն է արմատապես փոխում կյանքը. սովորույթները, կենսակերպը, մտածողությունը, հարաբերությունները եղբայրների և քույրերի հետ, ընդունելու և ներելու պատրաստակամությունը, կյանքի որոշումները: «Ամեն ինչ փոխվում է, երբ մենք իսկապես ճանաչում ենք Հիսուսին: Ամեն ինչ փոխվում է»:
Իր խորհրդածության ավարտին՝ դիմելով ուխտավորներին, Նորին Սրբությունը հիշեցրեց լյութերական աստվածաբան և հովիվ Դիտրիխ Բոնհոֆերի վկայությունը, որը դարձել էր նացիզմի զոհը: Իր «Նամակներ բանտից» գրություններում նա խոստովանում է, որ իրեն հանգիստ չի տալիս այն միտքը, թե ինչ է իրականում այսօրվա քրիստոնեությունը, ինչպես նաև, թե ով է Քրիստոս: Ցավոք, հաստատում է Նորին Սրբությունը, շատերը չեն մտածում այդ հարցերի մասին` ապրելով Աստծուց հեռու: Սակայն շատ կարևոր է հարցնել ինքներս մեզ, թե ով է Հիսուս անձամբ մեզ համար և ինչ տեղ է գրավում մեր կյանքում: «Թո՛ղ Հիսուս Քրիստոսին լավ ճանաչող սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ պատասխանել այդ հարցերին»:
Վատիկան նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը