• Սեր, որը կառուցում է

    «Առանց սիրո մենք ոչինչ ենք»:


    «Գիտությունը հպարտացնում է, իսկ սերը՝ հաստատում». Պողոս առաքյալի Կորնթացիներին ուղղված Առաջին Թղթից վերցված այս խոսքերի հիման վրա էլ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը սկսեց իր քարոզը և գլխավրեց Սուրբ Պատարագը Սինգապուրում, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 12-ին՝ ազգային մարզադաշտում, ըստ տեղի իշխանությունների տվյալների՝ պատարագին մասնակցել է մոտ 50.000 մարդ:

     

    Անդրադառնալով տեղի իրականությանը՝ Նորին Սրբությունը հրավիրեց հավատացյալներին Աստծուն գոհունակություն հայտնել Սինգապուրի Եկեղեցու համար, որն ունի հարուստ պարգևներ և զարգացնող երկխոսություն այլ դավանանքների ու կրոնների միջև:

     

    Խոսելով իր ճարտարապետական ​​կառույցներով հայտնի քաղաքի շքեղության մասին՝  Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ, ի վերջո, այս շենքերը ոչ այնքան փողի և մարդկային հնարամտության արդյունք են, որքան սիրո. սեր, որը կառուցում է:

    «Չկա այնպիսի բարի գործ, որի հետևում կանգնած չլիեն հանճարեղ, ուժեղ, հարուստ, ստեղծագործ մարդիկ, սակայն միևնույն ժամանակ նրանք մեզ նման փխրուն մարդիկ են, որոնց համար առանց սիրո չկա կյանք, չկա նախանձախնդրություն, չկա գործողության շարժառիթ, չկա ստեղծագործելու ուժ ու եռանդ»։

     

    «Սիրելի եղբայրներ և քույրեր, – ընդգծեց Նորին Սրբությունը, – եթե այս աշխարհում դեռ ինչ-որ լավ բան կա, ապա միայն այն պատճառով, որ տարբեր ու բազմաթիվ իրավիճակներում սերը հաղթել է ատելությանը, համերաշխությունը՝ անտաբերությանը, առատաձեռնությունը՝ եսասիրությանը»: Այն, ինչ տեսնում ենք մեր շուրջը, նշան է, չէ որ մարդկային յուրաքանչյուր արարքի հետևում սիրո մեծաթիվ պատմություններ են. առանց սիրո մենք ոչինչ ենք:

     

    «Հավատքը լուսավորում է մեզ և էլ ավելի ամրապնդում այդ համոզմունքը, որովհետև այն ասում է, որ մեր սիրելու և սիրվելու կարողության հիմքում հենց ԻՆքն Աստված է՝ իր Հայրական սրտով, Ում կամոք մենք անշահախնդիր կերպով կանք և Ով անհատույց փրկագնեց և ազատեց մեզ մեղքից ու մահից՝ Իր միածին Որդու մահվամբ և հարությամբ»:

     

    Այսպիսով, մեր սիրո մեջ մենք տեսնում ենք Աստծո սիրո արտացոլանքը, ահա թե ինչու է սիրուն բնորոշ խորը հարգանք բոլոր մարդկանց նկատմամբ՝ անկախ ռասայից, հավատքից և մի շարք այլ հանգամանքներից, որոնցով մենք տարբերվում ենք նրանցից, հավելեց Սրբազան Քահանայապետը վկայակոչելով Հովհաննես Պողոս II խոսքերը, որոնք նա ասել է հենց այստեղ՝ Սինգապուրում:

     

    Անշուշտ, ընդգծեց Ֆրանցիսկոս Պապը, Աստծո աչքերում ամենաարժեքավոր կառույցը և ամենաշահութաբեր ներդրումը մարդիկ են՝ Աստծո սիրելի զավակները: Աստված ասում է մեզ այդ սերը դրսևորել մեր կյանքում՝ արձագանքելով աղքատների կարիքներին, կարեկցելով տառապյալներին, հյուրընկալելով, պահպանելով հավատարմություն դժվարին փորձությունների ժամանակ, պատրաստակամությամբ ներելով և աստվածանարգությանը օրհնությամբ պատասխանելով. հենց սա է Ավետարանի հիմքը:

     

    Այդպիսի սեր մենք կտեսնենք շատ սրբերի և հատկապես՝ Սուրբ Կույս Մարիամի մեջ, Ում Սուրբ անունը Եկեղեցին հիշատակում է այսօր, սբ. Ֆրանցիսկոս Կսավերու մեջ, որը բազմիցս վայելել է Սինգապուրի հյուրընկալությունը: Սուրբ Իգնատիոս Լոյոլային և իր առաջին ըկերակցին ուղղված նամակներից մեկում նա գրել է սիրով թելադրված միսիոներական կոչման մասին՝ բացականչելով. «Ահա ես, Տե՛ր, ի՞նչ կհրամայես ինձ, որ անեմ»:

     

    «Այս խոսքերը կարող ենք վերագրել նաև մեզ և նրա ու Սուրբ Մարիամի օրինակով հարցնենք. «Ահա ես, Տե՛ր, ի՞նչ կհրամայես ինձ, որ անեմ»: Թո՛ղ նրանք մեզ ուղեկցեն ոչ միայն այս օրերին, այլև միշտ՝ խրախուսելով լսել և պատրաստակամությամբ արձագանքել սիրուն և արդարությանը, որը մինչ օրս բխում է Աստծո անսահման սիրուց»:

     

    Վատիկան նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց