• Օլիմպիական խաղերը պատերզամական խաղերի հակաթույնն ե

    «Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերն «ամենից առաջ այն մարդկանց պատմություններն են, ովքեր այսօր չեն կարողանում կանգնեցնել բեկորված երրորդ համաշխարհային պատերազմը»:


    Սուրբ Աթոռի պաշտոնական բազմասպորտային ասոցիացիան՝ Athletica Vaticana, բաց նամակ է հղել հուլիսի 26-ին Փարիզում մեկնարկող Օլիմպիական խաղերի մասնակիցներին։ Խաղաղության և եղբայրության ոգով համակված ուղերձում ընդգծվում է ավանդական միջազգային մրցույթների կարևորությունը ժամանակակից աշխարհում, որը լի է պատերազմներով լարվածությամբ և անարդարությամբ:

     

    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը և Athletica Vaticana բազմիցս պաշտպանել են օլիմպիական զինանադադարի գաղափարը: Այդ հանգամանքը, ինչպես նաև փախստականների թիմի մասնակցությունը խաղաղությանն ուղղված կարևոր քայլեր են, որոնք այսօր հատկապես անհրաժեշտ են, նշվում է ուղերձում: Մեջբերելով Նորին Սրբության խոսքերը՝ Վատիկանի մարզիկներն ընդգծում են. Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերն «ամենից առաջ այն մարդկանց պատմություններն են, ովքեր այսօր չեն կարողանում կանգնեցնել «բեկորված երրորդ համաշխարհային պատերազմը», սակայն առաջարկում են ավելի եղբայրական մարդկության հնարավորություն՝ մարզական երկխոսության լեզվով»։

     

    Ուղերձում ընդգծվում է, որ սպորտը հանրաճանաչ լեզու է, որը հասկանալի է բոլորին: Օլիմպիադայի մասնակիցները մարմնավորում են սպորտի իրական արժեքները. ոգևորվածություն, ներառականություն, եղբայրություն, թիմային ոգի, ներգրավվածություն, մարտահրավերների հաղթահարում և անձնազոհություն: Հոգնեցուցիչ մարզումները, հաղթահարված արգելքներն ու դժվարության ամեն մի պահը նրանց բերել են դեպի Փարիզի օլիմպիական խաղեր:

     

    Սրբազան Քահանայապետի խոսքերի համաձայն, սպորտը միայն հաղթանակներ ու պարտություններ չէ, այլ կյանքի ճանապարհորդություն, որը ոչ ոք միայնակ չի անցնում: Եղբայրական մոտիկությունը վերաբերում է նրանց, ովքեր ամեն օր բախվում են պատերազմի, աղքատության, վախի և անարդարության հետ. այդ մարդիկ վկայում են հույսի և փրկության մասին:

     

    Athletica Vaticana կրկնում է Նորին Սրբության կոչը մարզիկներին՝ պահպանել արդարությունը և անշահախնդրության սիրողական ոգին: Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը կարող են դառնալ «պատերազմական խաղերի հակաթույն» և խաղաղության բարենպաստ ռազմավարություն։ Դրանք հիշեցում են այն մասին, որ սպորտում, ինչպես կյանքում, յուրաքանչյուր մարդ պետք է զգա թիմի, ընտանիքի և համայնքի աջակցությունը, ընդգծվում է Սուրբ Աթոռի մարզական ասոցիացիայի ուղերձում։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց