• Մեզ պետք է հավատքի «գայթակղություն»:

    «Ինչո՞ւ մեզ չեն վրդովեցնում մոլեգնող չարիքը, կյանքի նվաստացումը, գաղթականների տառապանքը»:


    Տրիեստ կատարած իր հովվական այցելության ժամանակ, որը համընկնում էր իտալացի կաթողիկէների Սոցիալական 50-րդ շաբաթվա հետ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն Իտալիայի Միասնության հրապարակում գլխավորեց Սուրբ Պատարագը: Հանդիսավոր պատարագին մասնակցեցին 98 եպիսկոպոսներ, 260 քահանաներ, մոտ 8500 ուխտավորներ, ինչպես նաև Լյութերական և Ուղղափառ եկեղեցիների հոգևորականներ:

     

    Աստված միշտ մարգարեներ է ուղարկել Իր ժողովրդի մոտ՝ նրա մեջ հույս արթնացնելու և դժվարին պահերին օգնելու համար, ընդգծեց Նորին Սրբությունը՝ օրվա ավետարանական ընթերցումը մեկնաբանելիս: Սակայն մարդիկ հաճախ չէին ցանկանում լսել մարգարեությունները և մերժում էին դրանք: Տեր Հիսուս զգում է նույն բանը, ինչ մարգարեները. Նրան մերժում են Իր իսկ հայրենակիցները, որոնց մեջ Նա մեծացել էր Նազարեթում (Հվհ. 1,11): Ավետարանն ասում է, որ շատերը «գայթակղվում էին Նրանով» (Մկ. 6,3): Սակայն այդ ժամանակներում «գայթակղություն» բառը լրիվ այլ իմաստ ուներ, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը. ինչ-որ մեկի համար գայթակղություն լինելը նշանակում էր լինել «գայթակղության քար», այսինքն՝ խոչընդոտ, արգելք, մի բան, որը թույլ չի տալիս առաջ գնալ։

     

    Նազարեթի բնակիչների համար նման մի խոչընդոտ էր այն հարցը, թե ինչպե՞ս է ամենակարող Աստված Իրեն բացահայտում մարդկային մարմնի ապականության մեջ: Հենց դա էլ գայթակղության քարն է, շարունակեց Նորին Սրբությունը: Մարդկանց շփոթեցնում էր հավատն Աստվածամարդու հանդեպ, Ով հոգատարությամբ խոնարհվում է մարդկության առաջ, կարեկցում է, բեկանում է Ինքն Իրեն՝ որպես հաց: Շատ հեշտ է հրապուրվել ուժեղ ու հզոր Աստծով, Ով մեր կողքին է և բավարարում է մեր բոլորի պահանջները, և, ընդհակառակը, շատ դժվար է ընդունել «թույլ» Աստծուն, Ով մահանում է Խաչի վրա սիրո համար և սպասում, որ մենք կազատվենք եսասիրությունից և մեր կյանքը կնվիրենք աշխարհի փրկությանը:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ ժամանակակից հավատացյալները հավատքի գայթակղության կարիք ունեն, հատկապես սոցիալական և քաղաքական բազմաթիվ հարցերի ու խնդիրների պատասխանները որոնելիս: Եկեղեցուն պետք չէ ինքնամփոփ կրոնականություն, որն իր հայացքը դեպի երկինք է ուղղում և չի անհանգստանում ու հոգ տանում այն ամենի մասին, ինչը կատարվում է աշխարհում, որը պատարագ է մատուցում Եկեղեցում, սակայն մոռանում է փողոցներում վեր բարձրացող փոշու քուլաների մասին: Մենք այնպիսի հավատքի կարիք ունենք, որը բժշկում է կոտրված սրտերը, դառնում է հույսի թթխմոր և սերմ՝ նոր աշխարհի համար: Նման հավատքը խիղճն ազատում է կապաքներից, բժշկում է հասարակության վերքերը, բարձրացնում է հարցեր մարդու ապագայի և պատմության մասին: Նման անհանգիստ հավատքն օգնում է հաղթահարել միջակությունը և սրտի ծուլությունը. այն դառնում է հասարակության մարմնի փուշը, որը գրեթե կորցրել է կարեկցելու զգացողությունը և տարված է սպառողականությամբ: Այն դիմակազերծում է չարն ու անարդարությունը՝ ոչնչացնելով բոլոր նրանց դավադրությունները, «ովքեր ունենալով իշխանություն, վտանգի են ենթարկում թույլերի կյանքը»:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց.

     

    «Աստծո անսահմանությունը թաքնված է մարդկային աղքատության մեջ: Տերը գործում և բացահայտում է Իր ընկերական ներկայությունը հենց վիրավոր և մերժված մարմնում: Մենք հաճախ ենք զայրանում բազմաթիվ մանրուքների պատճառով, սակայն լավ կլիներ, որ խորհեինք հետևյալ հարցերի շուրջ. ինչո՞ւ մեզ չեն վրդովեցնում մոլեգնող չարիքը, կյանքի նվաստացումը, գաղթականների տառապանքը: Ինչո՞ւ ենք մենք անտարբեր մնում աշխարհի անարդարության հանդեպ»։

     

    Քարոզի ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ արեց տեղի Եկեղեցու քրիստոնյաներին «ունենալ երազանք նոր քաղաքակրթության մասին, որի հիմքում կլինի խաղաղությունը և եղբայրությունը».

     

    «Եկե՛ք չգայթակղվենք, այլ կտրուկ արձագանքենք այն իրավիճակներին, երբ կյանքը նվաստացվում է, վիրավորվում և սպանվում: Եկե՛ք կատարենք Ավետարանի մարգարեությունը մեր գործերով, այլ ոչ միայն խոսքերով:  <…> Շարունակե՛ք հռչակել հույսի Ավետարանը, հատկապես նրանց, ովքեր մխիթարության և խրախուսանքի կարիք ունեն: Եկե՛ք նորից բացահայտենք Երկնային Հոր սերը՝ որպես եղբայրներ և քույրեր ապրելու համար»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց