• Քրիստոսի համար մենք կարևոր ու անփոխարինելի ենք

    «Մենք հաճախ մտածում ենք, որ մեր արժեքը կախված է ձեռք բերված նպատակներից, մեր հաջողություններից, այլ մարդկանց տված գնահատականներից»:


    Ապրիլի 21-ին՝ «Երկնային թագուհի» աղոթքը կարդալուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց Հովհաննեսի Ավետարանից վերցված մի հատվածի շուրջ (Հվհ. 10,11-18), որտեղ Տերն ասում է. «Լավ հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար» (Հվհ. 10,11):

     

    Նորին Սրբությունը հավատացյալների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հիսուս պնդում է 15-րդ և 17-րդ տողերում: Ի՞նչ նկատի ունի Տերը, երբ ասում է, որ հովիվը պետք է իր կյանքը տա ոչխարների համար: Հիսուսի ժամանակներում հովիվ լինելը պարզապես աշխատանք չէր, այլ կենսակերպ էր, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, որովհետև այն զբաղմունք ու աշխատանք չէր «ըստ ժամանակացույցի», քանի որ հովիվն իր ամբողջ օրն ու նույիսկ գիշերը անցկացնում էր ոչխարների հետ: Տերը պարզաբանում է, որ Ինքը վարձկան չէ, ով հոգ չի տանում ոչխարների համար (տես՝ 10,13), այլ Նա է, ով լավ է ճանաչում Իր հոտին (տես՝ 10,14): «Իսկապես, հենց այդպես է, որ կա, – ընդգծեց Նորին Սրբությունը, – Նա ճանաչում է մեզ, գիտի յուրաքանչյուրիս անունը, և, երբ մենք շեղվում ենք ճիշտ ճանապարհից, Նա փնտրում է այնքան ժամանակ, մինչև որ գտնի մեզ (Ղկ 15,4-5): Ավելին, Քրիստոսը պարզապես բարի հովիվ չէ, ով ապրում է հոտի կյանքով: Նա Բարի Հովիվ է, Ով Իր կյանքը տվեց մեզ համար և հարություն առավ՝ Իր Հոգին տալով մեզ»:

     

    Բարի Հովվի կերպարի միջոցով Տերն ուզում է ասել, որ Նա ոչ միայն հոտի Գլուխն է, այլ այն, որ մեզանից յուրաքանչյուրն Իր կյանքի սերն է, շարունակեց Սրբազան Քահանայապետը: «Մենք կարևոր ենք Քրիստոսի համար, անփոխարինելի, Նա մեզ համար վճարել է Իր կյանքով, և սրանք պարզապես խոսքեր չեն, որովհետև Նա իսկապես Իր կյանքը տվել է մեզ համար, Նա մահացել ու հարություն է առել մեզ համար, որովհետև Նա սիրում է մեզ և տեսնում մեր ներքին գեղեցկությունը, որը մենք հաճախ չենք էլ նկատում»:

     

    Մենք հաճախ մտածում ենք, որ մեր արժեքը կախված է ձեռք բերված նպատակներից, մեր հաջողություններից, այլ մարդկանց տված գնահատականներից, ասաց Նորին Սրբությունը: Սակայն այսօր Հիսուս վստահեցնում է մեզ, որ մենք միշտ արժեքավոր ենք Իր համար՝ անկախ մեր հաջողություններից ու անհաջողություններից: Հետևաբար, նորից ինքդ քեզ գտնելու համար՝ նախ պիտի մոտիկանաս մեր Բարի հովվին, որպեսզի Նա մեզ գրկի իր սիրալիր բազուկներով:

     

    Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ արեց ուխտավորներին հաճախ, ամեն օր աղոթել, երկրպագել, փառաբանել՝ Քրիստոսի ներկայության մեջ լինելու և Նրա հայրական հոգատարությունը զգալու համար.

     

    «Այդ ժամանակ մենք նորից կբացահայտենք կյանքի գաղտնիքը՝ հիշելով, որ Բարի հովիվն Իր կյանքը տվեց մեզ համար, որ մենք իսկապես կարևոր ու անփոխարինելի ենք Նրա համար»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց