• Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից հրապարակված «Fiducia supplicans» հայտարարության պարզաբանումը

    «…Օր­հ­նե­ցէք եւ մի՛ անի­ծէք»


    Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,

     

    Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից հրապարակված «Fiducia supplicans» հայտարարության վերաբերյալ Եկեղեցուն ուղղված բազմաթիվ հարցումների և հատկապես լրատվամիջոցների սխալ մեկնաբանությունների պատճառով, անհրաժեշտություն առաջացավ տալ հետևյալ պարզաբանումը.

     

    վերոհիշյալ հայտարարությունը թյուրըմբռնում է առաջացրել հանրության մոտ: Եվս մեկ անգամ վերահաստատում ենք այն փաստը, որ Կաթողիկէ Եկեղեցում Պսակի խորհուրդը կատարվում է միմիայն այր և կնոջ միջև, իսկ ինչ վերաբերում է անձին օրհնություն բաշխելուն, ապա, պետք է նշենք, որ յուրաքանչյուր քահանա իրավունք չունի որևէ մեկին մերժելու՝ ստանալ Աստծո օրհնությունը: Ուստի, շատ կարևոր է ըմբռնել, որ խոսքը վերաբերում է անձի օրհնությանը, այլ ոչ թե՝ վերջինիս վիճակին կամ այն մեղքին, որի մեջ գտնվում է այս կամ այն անձը: Օրհնության նպատակն է, որ Աստված շնորհ տա տվյալ անձին, վերջինս ճշմարիտ ուղու վրա կանգնի և հասնի սրբության: Երբ Սրբազան Քահանայապետը նշում է, որ պետք է օրհնենք նաև միասեռականներին, ապա դա չի նշանակում, որ մենք օրհնում ենք նրանց վիճակը, որի մեջ գտնվում են: Այսպիսով, Եկեղեցին օրհնություն է տալիս անձին՝ հրավիրելով Սուրբ Հոգուն, որպեսզի նրան շնորհ տա և մարդը հասնի սրբության: Սուրբ Պողոս Առաքյալը Հռոմեացիներին ուղղված իր նամակում ասում է. «…Օր­հ­նե­ցէք եւ մի՛ անի­ծէք» (Հռմ. 12:14):

     

    Ինչ վերաբերում է լրատվամիջոցների կողմից հրապարակվող լուսանկարներին և մեկնաբանություններին, ապա պետք է նշենք, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Սրբազան Քահանայապետի կողմից նախկին մեկ այլ հայտարարության մեջ նշվել է, որ միասեռականները պետք է տուն ունենան, ինչը նշանակում է, որ վերջիններիս ընտանիքները և ծնողները պետք է ընդունեն իրենց և շարունակեն սիրել իրենց զավակներին: Այս ամենը ենթադրում է, որ սերն է ամենակարևորը՝ թե՛ օրհնության մեջ, թե՛ ընտանիքում, և սա ամենևին էլ հրավեր չէ, որ մարդիկ սխալ ճանապարհով քայլեն:

    Աստված օրհնի բոլորին:

     

    Գերպ. Հայր Միքայել Վրդ. Բասսալե

    Առաքելական կառավարիչ Հայաստանի և

    Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայ

     

    Դեկտեմբեր 20, 2023թ.

Օրացույց

Օրացույց