• Օծված և չօծված առարկաների տարբերությունը

    «Ո՞րն է օծված և չօծված կրոնական առարկաների միջև եղած տարբերությունը: Արդյո՞ք ֆետիշիզմ չէ օծված առարկաների երկրպագությունը»:


    Օծված առարկան մի նշան է, որը մատնացույց է անում Աստծուն: Օծված առարկան պայծառացնում է մեր հիշողությունը Նրա կամ սրբերի ներկայության մասին: Օծված առարկան նաև պարգևի, պաշտպանության և օրհնության դրսևորում է, նա բնորոշվում է ex opere operantis բոլոր հատկություններով, այսինքն՝ կախված այն մարդու բարեպաշտությունից, ով դրանք խնդրում է և դիմում քահանային, այսինքն՝ Եկեղեցու միջնորդությանը: Այսպիսով, Եկեղեցու աղոթքների շնորհիվ հավատացյալը ստանում է պաշտպանություն, օրհնություն և իր խնդրած ողորմածությունները:

     

    Երբեմն խոսվում է օծված առարկաների յուրահատուկ զորության մասին: Նոր Կտակարանում կարդում ենք. «Աստված ոչ սակավ զորավոր գործեր էր անում Պողոսի միջոցով. մինչև իսկ նրա քրտինքը չորացրած թաշկինակներ կամ վարշամակներ էին տանում հիվանդների մոտ, և ախտերը հեռանում էին նրանցից, և չար ոգիները դուրս էին գալիս» (Գործք 19,11-12):

     

    Երբ քահանան ինչ-որ սրբի օրհնությունն ուղղում է դեպի այս կամ այն առարկայի օծումը, ապա նա վկայակոչում է Հիսուս Քրիստոսի զորությունն ու իշխանությունը, որը գործում է տվյալ սրբի մեջ, ինչպես դա տեղի էր ունենում Եփեսոսի հավատացյալների հետ:

     

    Կրոնական առարկաների օծումը ոչ մի կապ չունի ֆետիշիզմի հետ։ Ֆետիշիստները կարծում են, որ առարկան ինքնին օժտված է առանձնահատուկ աստվածային հատկություններով: Ֆետիշիզմը սնահավատություն է, որը շատ մոտ է կռապաշտությանը: Մինչդեռ քրիստոնյա սպասավորի կողմից օծված կրոնական առարկան վկայակոչում է Հիսուս Քրիստոսի զորությունը: Օծված առարկաների միջոցով, ըստ փրկության տնտեսության, հավատացյալը ստանում է Եկեղեցու աղոթքի պտուղները։ Օծված առարկաները պատկանում են սրբազան առարկաների շարքին: Համաձայն 1166 կանոնական օրենքի, սրբազան առարկաները սուրբ նշաններ են, որոնց միջոցով ընդգծվում և Եկեղեցու բարեխոսությամբ ձեռք են բերվում հիմնականում հոգևոր հետևանքներ:

     

    Թե ինչ հետևանքների մասին է խոսքը, եկե՛ք պարզաբանենք ճգնավոր և խորհրդապաշտ Լուիզա Լատոյի հոգևոր փորձառության օրինակով, ով օծված առարկաները ճանաչելու հատուկ շնորհ ուներ։ Այս առեղծվածային երևույթը կոչվում է «իերոգնոզիս»։ Լուիզա Լատոյին հետազոտել են բելգիացի ու ֆրանսիացի բազմաթիվ բժիշկներ և աստվածաբաններ: Ահա, թե ինչ է նրա մասին գրում ականավոր դոմինիկյան հոգևոր ուսուցիչ հայր Խուան Արինտերոն. «Նրա մոտ բերում էին Աստծո Ծառայի ինչ-որ մասունք, նույնիսկ եթե այդ սուրբը սրբադասված չէր լինում (…), նա խաղաղ ժպտում էր, համբուրում կամ վերցնում այն: Նույն կերպ նա վարվում էր օծված առարկաների հետ, նույնիսկ եթե դրանք ունենում էին աշխարհիկ տեսք (օրինակ, մատանին), սակայն նա կատարյալ անտարբերություն էր ցուցաբերում չօծված առարկաների նկատմամբ, նույնիսկ եթե խոսքը վերաբերում էր սուրբ պատկերներին ու կերպարներին:

     

    Աշխարհիկ հագուստ հագած մի քահանա նրա մոտ բերում է չօծված մի խաչելություն: Սակայն Լուիզան ընդհանրապես չի արձագանքում դրան: Այդ ժամանակ քահանան շուռ է գալիս և խաչ հանում դրա վրա: Միայն դրանից հետո է նա ժպտում իրեն բնորոշ ժպիտով։ Բոլոր ներկա գտնվողները բացականչում են. «Որքա՜ն մեծ է քահանայի օրհնությունը, բայց չէ որ դրան շատ քիչ են ուշադրություն դարձնում և նշանակություն տալիս»: Երբ աշխարհիկ մարդ էր նրան ձեռք մեկնում, նա մնում էր անտարբեր, սակայն, երբ քահանան էր ձեռքը մեկնում, նա լցվում էր ուրախությամբ: Երբ քահանան օրհնում էր նրան, նա ուրախանում էր, կարծես երկնային ազդեցություն էր զգում: Երբ նրա մոտ աղոթում էին (…), նույնիսկ իրեն անծանոթ լեզվով, իսկ այնուհետև նույն տոնայնությամբ կարդում էին աշխարհիկ տեքստեր, նրա արձագանքը փոխվում էր ու նա կրկին դառնում էր անտարբեր»:

     

    «Մի անգամ քահանան՝ մահամերձ մի հիվանդի հաղորդություն տալուց հետո, ցանկանում է նրան ցույց տալ օծված յուղերի անոթը, որպեսզի տեսնի, թե ինչպիսի ակնածանք ու հարգանք կդրսևորի նա: Նա պառկում է հատակին՝ ասես խաչված լիներ: Հեռվից զգալով դեպի իրեն եկող քահանային, նա, ինչ-որ ներշնչանքով, ծնկի է իջնում և սկսում շարժվել դեպի նա, կարծես մի հզոր մագնիս ձգում էր նրան…»:

     

    Այստեղ նկարագրված փաստերը որոշակիորեն բացատրում են, թե ինչու են հավատացյալները մեծ ակնածանքով ու հարգանքով վերբերվում օծված կրոնական առարկաներին:

     

    (Ռադիո Վատիկանի արխիվից, հաղորդումը հեռարձակվել է 16.04.2015թ.)

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց