• Ավետիսը բոլորի համար է

    «Եկեղեցին կատարյալ և արտոնյալ մարդկանց վայր չէ»:


    Նոյեմբերի 22-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Սբ. Պետրոսի հրապարակում հանդիպեց հազարավոր ուխտավորների հետ և շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը առաքելական եռանդի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Աստծո փրկարար պատգամն ուղղված է բոլոր մարդկանց:

     

    Տիրոջ Ավետարանը բոլորի համար է, որովհետև Քրիստոս ծնվեց, մահացավ և հարություն առավ հանուն բոլոր մարդկանց, ընդգծեց Նորին Սրբությունը և իր առաքելական Evangelii gaudium ուղերձից մեջբերեց մի հատված. «Քրիստոնյաները՝ առանց որևէ մեկի բացառության, պարտավոր են հռչակել Ավետարանը, սակայն ոչ թե պարտադրելով, այլ ուրախությամբ՝ հայտնելով բարի լուրը, մատնացույց անելով գեղեցիկ հորիզոնը, առաջարկելով ցանկալի խրախճանքը: Եկեղեցին աճում է ոչ թե դավանափոխության, այլ գրավչության շնորհիվ» (14):

     

    Անդրադառնալով աստվածաշնչյան էջերին՝ Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Աստված կանչելով մարդուն և ուխտ կապելով նրա հետ, ցանկանում է հասնել ավելիին։ «Տիրոջ բոլոր ընկերները զգացին ոչ միայն գեղեցկության, այլև պատասխանատվության և Աստծո կողմից ընտրված լինելու փորձառությունը: Նրանք շփոթված էին, քանի որ զգում էին իրենց սեփական թուլությունները և անվտանգության կորուստը»: Սակայն ավելի վտանգավոր գայթակղություն էլ կա, երբ մարդն իր կոչումը համարում է արտոնություն, բացառիկություն և ինքն իրեն առանձնացնում է ուրիշներից՝ պնդելով, որ «Աստված միայն իրենն է», կարծես թե հնարավոր է Բարձրյալին լիովին վերահսկել՝ սեփական շահերի համար: Պետք է հիշել, որ Տերը կանչում է ավետաբերներին ոչ թե պատվանդանին բարձրացնելու համար, այլ որպեսզի նրանք դառնան Իր մեծ ու համապարփակ սիրո ազատ ու համարձակ գործիքները: Նորին Սրբությունն ընդգծեց, որ Եկեղեցին կատարյալ և արտոնյալ մարդկանց վայր չէ, այլ աշակերտների համայնք, ովքեր վկայում են Հիսուսի մասին, Ում ճանաչեցին Աստծո ողորմածության շնորհիվ և Ով բարեխոսում է բոլորի համար՝ աղոթելով, սիրելով և Ինքն Իրեն զոհաբերելով:

     

    Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին դիմակայել այն գայթակղությանը, որը քրիստոնեությունը որևէ մշակույթի, էթնիկ խմբի կամ համակարգի հետ է նույնացնում: Որովհետև այդ դեպքում այն կկորցնի իր իսկական և ուրույն ընդհանրական բնույթը, քանզի ներկայիս աշխարհի կաղապարներին հարմարվելով՝ այն կդառնա տարանջատման ու թշնամանքի տարր:

     

    Տիրոջն ուղղված մեր աղոթքները, նվիրումը և ծառայությունը բոլորի համար են, խորհրդածության ավարտին ասաց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց