«Արդյո՞ք մենք անում ենք այն, ինչ քարոզում ենք, թե՞ երկակի կյանքով ենք ապրում»:
Նոյեմբերի 5-ին «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց Մատթեոսի Ավետարանից վերցված մի հատված շուրջ (Մտթ. 23,3-5), որտեղ Տերը խիստ է խոսում օրենսգետների և փարիսեցիների կեղծավորության մասին:
Հիսուս ասում է, որ նրանք չեն անում այն, ինչ քարոզում են և իրենց բոլոր գործերն անում են՝ ի ցույց մարդկանց, պարզաբանեց Նորին Սրբությունը և կոչ արեց խորհրդածել երկու հայեցակետերի մասին. անդունդ խոսքերի ու գործերի միջև և արտաքինի գերակայություն ներքինի նկատմամբ:
Քրիստոս բացահայտում է իսրայելացի այդ ուսուցիչների երկերեսանիությունը, ովքեր հավակնում են ուրիշներին ուսուցանել Աստծո Խոսքը և լինել տաճարի իշխանավորներ: Նրանք մի բան էին քարոզում, սակայն այլ կերպ էին ապրում, ընդգծեց Սրբազան Քահանայապետն ու հավելեց, որ Հիսուսի խոսքերը հիշեցնում են Եսայի մարգարեի խոսքերը. «Այս ժողովուրդը մոտ է Ինձ իր բերանով, իր շրթունքներով է մեծարում Ինձ, բայց սրտով մեկուսացել ու հեռացել է Ինձնից» (Եսայի 29,13): Սրտի երկերեսանիությունը մի սպառնալիք է, որից պետք է զգուշանալ, որովհետև այդ արատը «վտանգում է մեր վկայության իսկությունը, ինչպես նաև մեր հեղինակությունը՝ որպես անհատ ու քրիստոնյա», – ընդգծեց Նորին Սրբությունը:
Մենք բոլորս էլ՝ այս կամ այն չափով, զգում ենք այն որոշակի հեռավորությունը, որը գոյություն ունի մեր ասածների և արածների միջև, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Սակայն երկերեսանիությունը բոլորովին այլ բան է։ Սա կեղծավորություն է, առանց խղճահարության՝ երկու աթոռների վրա նստելու փորձ է:
«Եկե՛ք հիշենք սա, հատկապես, որ մենք կոչված են պատասխանատու դեր կատարելու կյանքում, հասարակության մեջ և Եկեղեցում. ոչ երկերեսանիությանը: Այս կանոնը միշտ արդիական է քահանայի, հովվի, քաղաքական գործչի, ուսուցչի և ծնողի համար. պատրաստ եղի՛ր ապրել այնպես, ինչ ասում ու քարոզում ես ուրիշներին: Իսկական ուսուցիչներ լինելու համար՝ մենք նախ պետք է լինենք վստահելի վկաներ»։
Երկերեսանիությունը հանգեցնում է արտաքինի գերակայությանը ներքինի նկատմամբ, որովհետև ապրելով երկերեսանի կյանք՝ օրենսգետներին և փարիսեցիներին անհանգստացնում էր միայն մի բան, թե ինչպես պետք է թաքցնեն կեղծավորությունն ու փրկեն իրենց համբավը: Դրա համար նրանք իրենց գործերն անում էին՝ արդարի դիմակ կրելով: Հաճախ մեզ ևս գայթակղում է երկերեսանիությունը, ընդգծեց Նորին Սրբությունը.
«Եղբայրնե՛ր և քույրե՛ր, իմանալով Հիսուսի այս նախազգուշացման մասին՝ եկե՛ք մենք ինքներս պատասխանենք հետևյալ հարցերին. արդյո՞ք մենք անում ենք այն, ինչ քարոզում ենք, թե՞ երկակի կյանքով ենք ապրում: Չե՞նք ասում մի բան, սակայն լրիվ այլ բան անում: Արդյո՞ ք մեզ համար միայն կարևոր է ուրիշներին ցուցադրել, թե՞ որքան անթերի ու կատարյալ ենք մենք: Արդյո՞ք մեր ներքին կյանքը մենք ապրում ենք սրտի անկեղծությամբ»:
Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետն ասաց.
«Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը, Ով, Աստծո կամքի համաձայն, ապրեց սրտի մաքրության և խոնարհության մեջ, օգնի մեզ դառնալ Ավետարանի հուսալի վկաներ»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը