«Անհնար է Ավետարանը քարոզել վերացական ձևով, քանզի Բարի լուրը պետք է դառնա մշակույթի մաս և լինի հենց այդ մշակույթի արտահայտությունը»:
Հոկտեմբերի 25-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը Ավետարանի ջերմեռանդ վկաների վերաբերյալ և ընդհանուր ունկնդրության ժամանակ խոսեց Կյուրեղ և Մեթոդիոս սուրբ եղբայրների՝ Սլավոնական առաքյալներ մասին:
Նորին Սրբությունը հիշեցրեց, որ այս մեծ միսիոներները ծնվել են IX դարում Հունաստանում, ազնվականի ընտանիքում, սակայն թողել են ամեն ինչ և դարձել վանական: Բայց, այնուամենայնիվ, նրանց չի հաջողվում հրաժարվել աշխարհիկ կյանքից, քանի որ եղբայրները միսիոներական առաքելությամբ ուղարկվում են Մորավիա, որպեսզի քրիստոնեական հավատքը հռչակեն տեղի բնակիչների մայրենի լեզվով: Տեղի մշակույթը ուսումնասիրելու ժամանակ ակնհայտ է դառնում այբուբեն ստեղծելու անհրաժեշտությունը, որը կհեշտացներ ավետարանումը. հենց այսպես է ստեղծվել առաջին սլավոնական գրությունը: Սբ. Կյուրեղը թարգմանել է Աստվածաշունչն ու ժամագրքերը, որպեսզի հավատքը փոխանցվեր այդ ժողովուրդներին հասկանալի լեզվով: Սակայն սուրբ եղբայրների գործին դիմակայում են «լեզվամաքուրները», ովքեր քարոզն ընդունում էին միայն «սուրբ լեզուներով» (եբրայերեն, հունարեն և լատիներեն), ընդգծեց Սրբազան Քահանայապետը. «սրբության կեղծ քողի տակ» նրանք խոչընդոտում էին Աստծո Խոսքի տարածմանն ու հռչակմանը նոր ազգերի մեջ: Կյուրեղն ու Մեթոդիոսը ստանում են Հռոմի Պապի աջակցությունը, ով վավերացնում է սլավոնական լեզվով ծիսական տեքստերը և դրանք տեղադրում Սանթա-Մարիա-Մաջորե եկեղեցու խորանի վրա ու հենց այդ նոր գրքերով էլ նրանց հետ մասին փառաբանում է Տիրոջը:
Ըստ Նորին Սրբության, այս նշանավոր քարոզիչների միսիոներական պատմության մեջ, որոնց Սբ. Հովհաննես Պողոս II հռչակել է Եվրոպայի երկնային հովանավորներ, պետք է հատուկ ընդգծել հետևյալ երեք կետերը՝ միասնություն, մշակութայնացում և ազատություն:
Կյուրեղի և Մեթոդիոսի ժամանակներում «հույների, Հռոմի Պապի և սլավոնների» քրիստոնեկան միասնությունն ամրապնդում էր ավետարացման գործընթացը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: «Այդ դարաշրջանում Եվրոպայում քրիստոնեությունն անբաժան ու միասնական էր, որը համագործակցում էր ի սպաս ավետարանացման»: Եղբայրների միսիոներական առաքելության մեջ շատ կարևոր գործոն էր մշակութայնացումը, քանի որ ավետարանացումն ու մշակույթը սերտորեն կապված էին միմյանց հետ:
«Անհնար է Ավետարանը քարոզել վերացական ձևով, քանզի Բարի լուրը պետք է դառնա մշակույթի մաս և լինի հենց այդ մշակույթի արտահայտությունը»:
Խոսելով երրորդ կետի՝ ազատության մասին, Նորին Սրբությունը հիշեցրեց, որ այն պետք է քարոզչությանը և միշտ քաջություն է պահանջում. «Մարդն ազատ է, երբ համարձակ է և թույլ չի տալիս իրեն կաշկանդել այնպիսի կապանքներով, որոնք իրեն անազատ են դարձնում»:
Սրբազան Քահանայապետը կոչ արեց բոլոր հավատացյալներին աղոթել, որպեսզի սլավոնների սուրբ առաքյալներն օգնեն բոլոր քրիստոնյաներին լինել ազատ սիրո մեջ, ստեղծագործ, հետևողական խոնարհ և աղոթասեր:
Ընդհանուր ունկնդրության ավարտին՝ ողջունելով լեհերին, Նորին Սրբությունն ասաց.
«Առաքելություններին նվիրված այս շաբաթվա ընթացքում ձեր աղոթքներում հիշեք մեծաթիվ լեհ միսիոներների, ովքեր խանդավառությամբ հռչակում են Ավետարանը բոլոր մայրցամաքներում: Ապրե՛ն այդ լեհ միսիոներները: Թո՛ղ ձեր համայնքներում չպակասեն առաքելական եռանդն ու նվիրումն առաեքելությանը: Ես ի սրտե օրհնում եմ ձեզ բոլորիդ»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը