• Եղբայրական հանդիմանանքը սիրո ամենավսեմ դրսևորումն է

    «Արդյո՞ք մեր համայնքներն ամեն ինչ անում են մոլորվածին օգնելու համար, որպեսզի նրանք վեր բարձրանան և նոր կյանք սկսեն»:


    «Այսօր Ավետարանը մեզ պատմում է եղբայրական հանդիմանանքի մասին (տես՝ Մտթ. 18,15-20), որը սիրո ամենավսեմ դրսևորումն է և միևնույն ժամանակ ամենախստապահանջներից մեկը, քանի որ ուրիշներին խրատելը այնքան էլ հեշտ բան չէ։ Եթե քո հավատակից եղբայրը քեզ նեղացրել է, ապա առանց զայրույթի ուղղիր նրա սխալը», ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը սեպտեմբերի 10-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն արտասանելուց առաջ:

     

    Հաճախ մեր առաջին քայլը լինում է տվյալ մարդուն բամբասելը, այլ ոչ թե ուղղակիորեն և առանձին նրա հետ խոսելը: Նման պահվածքը հաճելի չէ Աստծուն, ընդգծեց Նորին Սրբությունը՝ հիշեցնելով, որ «բամբասանքը մարդկանց և հասարակության կյանքի համար է». այն հանգեցնում է խռովության, տարաձայնության, տառապանքի և վիճաբանության, երբեք չի օգնում անձի կատարելագործմանն ու զարգացմանը, այլ, ավելի շուտ, ըստ Սուրբ Բեռնարդ Քլերվոսացու, հանգեցնում է մահվան ու կործանման:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Քրիստոսն ավելի լավ ճանապարհ է առաջարկում, եթե ինչ-որ մեկը նեղացրել ու ցավ է պատճառել մեզ. «Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, գնա հանդիմանի՛ր նրան, երբ դու և նա մենակ եք»: Խոսեք «դեմառդեմ», որպեսզի օգնեք զրուցակցին գիտակցել իր մեղքը, հորդորեց Նորին Սրբությունը.

     

    «Դա արեք հենց իրենց բարօրության համար՝ հաղթահարելով ամոթը և քաջաբար, որովհետև դուք չեք զրպարտում որևէ մեկին, այլ՝ հեզությամբ ու նրբանկատորեն, հենց իրենց երեսին ասում եք ինչ կա»։

     

    Եթե ​​անկեղծ զրույցից հետո մարդը չի փոխվում, ապա կարելի է դիմել ուրիշների օգնությանը, սակայն ոչ թե նրանց, ովքեր բամբասում են, այլ նրանց, ովքեր «անկեղծորեն ցանկանում են օգնության ձեռք մեկնել սխալ գործած եղբորը կամ քրոջը»։ Եթե ​​կատարված երկու քայլերն էլ չեն օգնում և ոչ մի փոփոխություն չկա, ապա պետք է դիմել համայնքին, սակայն ոչ թե մարդուն պախարակելու կամ հրապարակայնորեն ամոթահար անելու համար, այլ որպեսզի «համընդհանուր ջանքերով օգնենք նրան փոխվել», պարզաբանեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Մարդուն մատնացույց անելը լավ բան չէ, հատկապես որ դա չի նպաստում, այլ շատ հաճախ խոչընդոտում է, որ տվյալ անձն ընդունի իր իսկ սխալը: Համայնքը պետք է սայթաքած ու մոլորված մարդուն հասկացնի, որ իր սխալը դատապարտելիս նա իր կողքին է աղոթքով և քնքշությամբ՝ նրանց ներելու, հասկանալու և օգնության ձեռք մեկնելու մշտական ​​պատրաստակամությամբ»:

     

    Նորին Սրբությունը կոչ արեց հավատացյալներին խորհել, թե իրենք ինչպես են վերաբերվում իրենց վիրավորողներին. արդյո՞ք նրանք ոխ են պահում, բամբասու՞մ, թե՞ այդ մասին խոսելու փորձ անում: Արդյո՞ք աղոթում են իրենց նեղացնողի համար, արդյո՞ք բարիք գործելու համար օգնություն խնդրում են: Արդյո՞ք մեր համայնքներն ամեն ինչ անում են մոլորվածին օգնելու համար, որպեսզի նրանք վեր բարձրանան և նոր կյանք սկսեն:

     

    Իր խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետն աղոթեց Սուրբ Կույս Մարիամին, որպեսզի Նա օգնի բոլորին բարության ճանապարհով ընթանալ՝ մերձավորների հետ հարաբերություններում։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց