• Ամեն ոք հարուստ է ոչ միայն շնորհներով, այլ նաև արժանապատվությամբ

    «Ամեն մի մարդ սուրբ ու եզակի պարգև է՝ անկախ տարիքից և վիճակից»:


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, խորհրդածեց Մատթեոսի Երանիների շուրջ (Մտթ. 5,1-12) և մեկնաբանեց ավետարանական առաջին երանին. «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»:

     

    «Հոգով աղքատները նրանք են, ովքեր գիտակցում են, որ չեն կարող հույսը դնել միայն իրենց վրա: Նրանք ապրում են «որպես աղքատներ Աստծո առաջ»։ Նրանք զգում են Նրա կարիքը և ընդունում այն բարիքը, որ գալիս է Նրանից որպես պարգև, որպես ողորմածություն»: Նորին Սրբությունն ընդգծեց, որ հոգով աղքատները «շատ թանկ են գնահատում այն ամենը, ինչ ստանում են», դրա համար էլ գիտեն, որ «ոչ մի պարգև զուր չպետք է կորչի»:

     

    Սրբազան Քահանայապետը հիշեցրեց, որ Հիսուսն Ինքը ցույց է տալիս չվատնելու կարևորությունը, օրինակ, երբ հացերի և ձկների բազմացումից հետո, խնդրում է հավաքել սննդի մնացորդները, որպեսզի ոչինչ զուր չկորչի: «Վատնողության մերժումը թույլ է տալիս գնահատել ինքներս մեզ, մարդկանց և իրերը: Սակայն, ցավոք սրտի, այս սկզբունքը հաճախ անտեսվում է, հատկապես ավելի բարեկեցիկ հասարակություններում, որտեղ գերիշխում է թափոնների մշակույթը», – ասաց Նորին Սրբությունը՝ առաջարկելով չընկնել լավագույնի հետևից, անտեսելով ու վատնելով լավը:

     

    Սրբազան Քահանայապետը կոչ արեց ամենից առաջ «չվատնել այն պարգևը, որը մենք ինքներս ենք»։ Յուրաքանչյուր մարդ արժեքավոր է, անկախ նրանից, թե ինչ պարգևներ ունի, քանի որ «ամեն ոք հարուստ է ոչ միայն շնորհներով, այլ նաև արժանապատվությամբ»։

     

    «Հիսուս հիշեցնում է, որ մենք երանելի ենք ոչ թե այն բանի համար, ինչ ունենք, այլ նրա համար, թե ով ենք մենք: Երբ մարդը գլորվում է թեք հարթությունից, ապա նա վատնում է ինքն իրեն: Եկե՛ք Աստծո օգնությամբ պայքարենք ինքներս մեզ խղճալու, ստորադաս ու սխալ համարելու գայթակղության դեմ»:

     

    Այնուհետև Նորին Սրբությունը կոչ արեց «չվատնել այն պարգևները, որոնք մենք ունենք». համաշխարհային պարենի արտադրության ավելի քան մեկ երրորդը վատնվում է, նետվում աղբը, մինչդեռ շատ մարդիկ մահանում են սովից։

     

    «Պետք է հոգ տանել արարչագործության բարիքների մասին և կիսվել այնպես, որ ոչ ոք անհրաժեշտ որևէ բանի պակաս չզգա: Մեր ունեցած բարիքները վատնելու փոխարեն՝ եկե՛ք նպաստենք արդարության ու ողորմածության տարածմանը»։

     

    Ըստ Սրբազան Քահանայապետի երրորդ մարտահրավերը, որը պետք է հաղթահարի մարդկությունը դա «մարդկանց չտեսակավորելն» է։ «Թափոնների» մշակույթը մարդկանց օգտագործում է այնքան ժամանակ, քանի դեռ նրանք օգտակար են ու պիտանի, որից հետո մարդը դառնում է միայն անհանգստություն ու խոչընդոտ հասարակության համար։ Նման եսասիրական մտածողությունից ամենաշատը տուժում են «չծնված երեխաները, տարեցները, կարիքավորներն ու ընչազուրկները»։

     

    «Մարդկանց երբեք չպետք է մերժել, երբեք: Ամեն մի մարդ սուրբ ու եզակի պարգև է՝ անկախ տարիքից և վիճակից: Եկե՛ք միշտ հարգենք և պաշտպանենք կյանքը»։

     

    Նորին Սրբությունն իր խորհրդածությունը եզրափակեց մի շարք հարցերով, որոնք յուրաքանչյուրը կարող է տալ ինքն իրեն և բացահայտել իր «ոգու աղքատությունը».

     

    «Արդյո՞ք մեր կյանքում տեղ կա Աստծո համար: Արդյո՞ք մենք հավատում ենք, որ Նա է մեր բարօրությունը, իսկական ու մեծ հարստությունը: Արդյո՞ք մենք հավատում ենք, որ Նա սիրում է մեզ, թե՞ հուսահատվում և տխրում ենք՝ մոռանալով, որ մենք պարգև ենք: Եվ այնուհանդերձ, արդյո՞ք մենք փորձում ենք ոչինչ զուր չվատնել։ Արդյո՞ք մենք պատասխանատվությամբ ենք վերաբերվում բարիքներին: Պատրա՞ստ ենք կիսվել ուրիշների հետ: Վերջապես, արդյո՞ք մենք թույլ մարդկանց համարում ենք թանկարժեք պարգևներ, որոնց մասին Աստված խնդրում է մեզ հոգ տանել։ Արդյո՞ք հիշում ենք աղքատներին և բոլոր նրանց, ովքեր զրկված են ամենաանհրաժեշտից»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց