«Կրթությունը սիրո գործ է»
Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակել է 2023թ. հունվար ամսվա աղոթական դիտավորության ամենամսյա տեսաուղերձը: Նորին Սրբությունը կոչ է անում աղոթել ուսուցիչների համար:
«Ցանկանում եմ ուսուցիչներին առաջարկել ուսումնական մի նոր առարկա ավելացնել, որը եղբայրությունն է, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Կրթությունը սիրո գործ է, որը լուսավորում է ուղևորությունը, որպեսզի կարողանանք վերագտնել եղբայրության իմաստը՝ անուշադրության չմատնելով ամենախոցելիներին: Ուսուցիչը վկա է, ով փոխանցում է ոչ միայն իր մտավոր գիտելիքները, այլ նաև սեփական համոզմունքները, իր կյանքի հանձնառությունը»։
Նորին Սրբությունն ընդգծում է, որ իսկական ուսուցիչը պետք է լավ տիրապետի երեք բառապաշարի. բանականություն, սիրտ և ձեռքեր: Նա պետք է ներդաշնակորեն համադրի դրանք միմյանց հետ և կարողանա դա անել «ուրախ հաղորդակցությամբ»: Նման ուսուցիչներին շատ ավելի ուշադիր կլսեն: Ահա թե ինչպես են ուսուցիչները դառնում մեր հասարակության ճարտարապետները, քանզի նրանք կիսվում են իրենց վկայությամբ, ընդգծում է Սրբազան Քահանայապետը և տեսաուղերձի վերջում կոչ անում հավատացյալներին.
«Եկե՛ք աղոթենք, որպեսզի ուսուցիչները լինեն վստահելի վկաներ, ուսուցանեն եղբայրություն, այլ ոչ թե մրցակցություն և հատկապես օգնեն ամենախոցելի երիտասարդներին»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը