«Եվ եկել եք մինչև այստեղ` Ամերիկայի ափերը, կրկին ու կրկին վկայելու քրիստոնեական ձեր պատկանելիությունը»:
Ամենապատիվ և Գերերջանիկ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց ՏՏ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարք Կալիֆոռնիա կատարած հովվական այցելության ժամանակ հանգրվան կատարեց Սան Ֆրանցիսկո քաղաքում: Հունիսի 1-ին՝ երեկոյան ժամը 6:30-ին նա ժամանեց քաղաքի Փոխման Սուրբ Կույս Մարիամ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցի, որտեղ նրան դիմավորեց Սան Ֆրանցիսկոյի Առաջնորդ` Արքեպիսկոպոս Սալվաթորէ Քուոր Տի Լէոնէնին։
Հոգևոր Տիրոջն ընկերացող շքախմբի անդամները, տեղի եպիսկոպոսի ու կղերական դասի հետ միասին թափորով ուղղվեցին դեպի ավագ խորան և Ամենապատիվ Հոգևոր Տիրոջ ու Սան Ֆրանցիսկոյի Առաջնորդի նախագահությամբ տեղի ունեցավ երեկոյան ժամասացության արարողությունը, որի աղոթքները կատարվեցին անգլերեն լեզվով, իսկ երգեցողությունը հայկական ծեսով, որոնց շարքում երգեցին` Մեծացուսցեն, Սուրբ Աստվածը, ապա «Հայր մեր» տերունական աղոթքը, որով կատարվեց ժամասացության փակումը:
Արարողության ավարտից հետո, Աթոռանիստ Եկեղեցու սրահում տեղի ունեցավ եղբայրական ակաբ` հավատացյալների մասնակցությամբ։
Արքեպիսկոպոս Քուոր Տի Լէոնէն Հոգևոր Տիրոջն ուղղած իր բարի գալուստի խոսքում դրվատեց Հայ ազգի քրիստոնեական հավատքը` հիշելով, որ հայերը առաջին ազգն են, որ ընդունել են քրիստոնեությունը որպես պետական կրոն ու դարեր շարունակ արյուն են թափել այդ կրոնը պաշտպանելու համար. «Եվ եկել եք մինչև այստեղ` Ամերիկայի ափերը, կրկին ու կրկին վկայելու քրիստոնեական ձեր պատկանելիությունը», ի միջի այլոց ասաց Սան Ֆրանցիսկոյի թեմի առաջնորդը։
Իր հերթին Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքը, նախ, իր երախտագիտությունը հայտնեց ջերմ ու եղբայրական ընդունելության ու միասնաբար կատարած աղոթքի համար, ապա խնդրեց, որ Եպիսկոպոսն ու հավատացյալները շարունակեն աղոթել Միջին Արևելքի և Հայաստանի քրիստոնյաների համար, որոնք «ապրում են դժվարին պահեր ու հաճախ հալածվում են»։ Ամենապատիվ Հոգևոր Տերը խնդրեց նաև, որ Գերապայծառ Քուոր Տի Լէոնէն և կաթողիկէ կղերական դասը շարունակեն հոգ տանել իրենց թեմում գտնվող հայ քրիստոնյա հավատացյալների մասին։
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նվերների փոխանակում։ Ամենապատիվ Հոգևոր Տերն այս առթիվ Արքեպիսկոպոս Քուոր Տի Լէոնէին նվիրեց Նարեկացիի երկերը, ինչպես նաև փայտի վրա փորագրված հայկական մի փոքրիկ խաչքար։
Վատիկան Նյուզ, հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը