«Հայկական Կարիտասի» նախագահ՝ Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ. Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս-Պատրիարքի ներկայացուցիչ Հայր Նարեկ Վրդ. Մնոյանի խոսքը «ԱՐԱՄԱԶԴ․ ՍՄԱՐԹ» ծրագրի «Համագործակցությունը հանուն համայնքների կայուն զարգացման» թեմայով ամփոփիչ համաժողովին:
«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ» համայնքային զարգացման ծրագրի շրջանակում, սույն թվականի մարտի 24-ին տեղի ունեցավ «Համագործակցությունը հանուն համայնքների կայուն զարգացման» թեմայով ամփոփիչ համաժողովը։
Համաժողովի նպատակն էր ամփոփելու ծրագրի ընթացքում իրականացված գործունեությունը և ներկայացնելու ձեռքբերումները, քննարկելու համայնքներում շարունակական և կայուն փոփոխությունների ապահովման հեռանկաները և հնարավորությունները:
Համաժողովի ընթացքում ներկայացվեց «ԱՐԱՄԱԶԴ. ՍՄԱՐԹ» ծրագրի, ինչպես նաև միջոլորտային համագործակցության հաջողությունները։
Համաժողովի ընթացքում խոսքով հանդես եկավ «Հայկական Կարիտասի» նախագահ՝ Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ. Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս-Պատրիարքի ներկայացուցիչ Հայր Նարեկ Վրդ. Մնոյանը.
««Արամազդ․ ՍՄԱՐԹ» համայնքային զարգացման ծրագրի ամփոփիչ համաժողովի սիրելի՛ մասնակիցներ,
Ուրախ եմ, որ այսօր ներկա եմ «Հայկական Կարիտասի» կողմից իրականացված ևս մեկ հաջողված ծրագրի ամփոփմանը: Հատկանշական է, որ ծրագիրը գործել է 2018 թվականից՝ ներառելով Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերի խոշորացված համայնքները: Համայնքային զարգացման այս ծրագիրը խթանում էր վերը նշված մարզերի սահմանամերձ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացման գործընթացները՝ հզորացնելով ձեռնարկատիրական գործունեությունը և աջակցելով զբաղվածությանը: Ծրագրի շրջանակներում իրականացվել են մի շարք դրամաշնորհային և գործարար ծրագրեր, հիմնադրվել են համայնքային ենթակառուցվածքներ, ձևավորվել է նաև համագործակցային ցանց տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հաստատությունների հետ, անցկացվել են մի շարք դասընթացներ: Այս ամենը նպաստել է համայնքների հզորացմանը և արդիականացմանը:
«Հայկական Կարիտասի» նախագահ՝ Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ. Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս-Պատրիարքի անունից մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ծրագրի ղեկավար Զառա Աղանյանին և ծրագրում ընդգրկված աշխատանքային խմբին՝ ծրագրի բարեհաջող իրականացման համար: Հույս ենք հայտնում, որ ապագայում ևս կիրականացվեն նման ուղղվածության ծրագրեր՝ ի նպաստ ծանր սոցիալական պայմաններում ապրող մեր բնակիչների:
Իր ամենօրյա աշխատանքով և մարդկանց նկատմամբ հոգածությամբ՝ «Հայկական Կարիտասը» Քրիստոսի լույսը և դրանից ճառագող հույսը փոխանցում է կարիքի մեջ ապրող մեր եղբայրներին և քույրերին: Ուստի, հայցում ենք Աստվածամոր բարեխոսությունը, որպեսզի աստվածային շնորհներով զորացած՝ կարողանանք պահել և ապրել մեր հավատքը բոլոր նրանց հետ, ովքեր զորակցության կարիք ունեն»:
Աղբյուրը՝ «Հայկական Կարիտասի» Ֆեյսբուքյան էջ