Եկեղեցին պէտք է լինի գթասրտութեան վկայ.Քահանայապետը հռչակեց Գթասրտութեան տարի
Մարտի 13-ին Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հռչակեց, որ 2015թ. դեկտեմբերի 8-ից մինչև 2016թ. նոյեմբերի 20-ը Եկեղեցւոյ համար կլինի Գթասրտութեան յոբելեանական տարի: Աստուծոյ հետ հաշտութիւնը աստուածային անսահման ողորմածութեան շնորհիւ Քահայակապետը քրիստոնեայի յոյսն ու մխիթարութիւնն է սեպում: Օրինակ բերելով Ղուկասի 7:36-50 համարները, որտեղ պատմւում է, թէ ինչպէս փարիսեցի Սիմոնի տանը Յիսուս ներեց իր ոտքերը սեփական արտասուքով լուացող մեղաւոր կնոջը, Քահանայապետը ուշադրութիւն է հրաւիրել երկու բանի երեւոյթի վրայ՝ սիրել եւ դատել: Այդ կինը համարձակուեց Տիրոջը մօտենալ՝ իր հանդէպ Յիսուսի անվերապահ սէրը տեսնելով, Տիրոջ ողորմութիւնը տեսնելով: Կնոջ լացը խոր զղջման եւ սիրոյ արտայայտութիւն է: Նրա մեծագոյն ցանկութիւնը Տիրոջից ներուած լինելն էր: Եւ Յիսուս ցոյց տուեց Աստուծոյ սիրոյ պատասխանն այդ կնոջը: Սէրը եւ ներումը նոյնական են, բացատրում է Քահանայապետը: Աստուած այդ կնոջն ամէն ինչ ներեց, որովհետեւ նա շատ սիրեց, ինչպէս Տէրը բացատրում է իր առակով՝ փարիսեցի Սիմոնին: Կինը պաշտում է Յիսուսին, որովհետեւ զգում է, որ նրանում չկայ դատապարտութիւն իր հանդէպ, այլ՝ միայն գթասրտութիւն: Յիսուսի շնորհիւ Աստուած ներեց այդ կնոջը.նա վերածնուեց նոր կյանքի համար, սիրոյ մէջ: Այդ կինն իր զղջմամբ չդատուեց, այլ միայն Տիրոջ սէրը տեսաւ եւ այդ սէրը աւելին է քան արդարադատութիւնը: Հակառակ սրա, Սիմոնը չկարողացաւ գտնել սիրոյ ուղին, այլ դատում էր այդ կնոջը: Նա ձեւականութեանն էր տուրք տալիս.բաւարարուեց միայն Յիսուսին ընթրիքի հրաւիրելով: Նա միայն արդարադատութեան մասին է մտածում եւ սխալւում է: Յիսուսի ողորմածութիւնը իւրաքանչիւրիս ստիպում է երբեք մակերեսային չլինել մարդկանց մասին մտածելիս, այլ գնալ աւելի խոր եւ հասկանալ, թէ որքան մեծ գթասրտութեան է ընդունակ իւրաքանչիր մարդ: Ոչ ոք չի կարող դուրս մնալ Տիրոջ սիրուց.Եկեղեցին իր գիրկն է ընդունում բոլորին: Որքան մեծ է մեղքը, այնքան աւելի՛ մեծ պէտք է լինի մեղաւորի հանդէպ ցուցաբերուող սէրը:
Եկեղեցին պէտք է լինի գթասրտութեան վկայ.համոզուած է Նորին Սրբութիւնը եւ հենց այդ առաքելութիւնը արտայայտելու համար էլ հռչակում է ողորմութեան կամ գթասրտութեան տարի, որպէսզի կարողանանք ապրել ըստ Տիրոջ պատուիրանի.«Եղէ՛ք ողորմած, ինչպէս ձեր Հայրն է ողորմած» (Ղկ.,6:36): Ողորմութեան յոբելեանական տարին Քահանայապետը յանձնեց Ողորմութեան Մօրը՝ Սուրբ Կոյսի բարեխօսութեանն ու հովանաւորութեանը: