«մենք քրտնաջան և համառորէն աշխատում ենք միասնության համար, մեր նպատակն է ուրիշներին մոտեցնել մեր սկզբունքներին»
Սուրբ Եղիա -Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ կաթողիկէ աթոռանիստ եկեղեցում կայացավ Քրիստոնյաների միության աղոթական շաբաթվա բացման արարողությունը, որին ներկա էին Լիբանանի քրիստոնյա համայնքների ներկայացուցիչները, որոնց շարքում Լիբանանի մոտ առաքելական Նվիրակ` գերապայծառ Սփիթերին, Ռայի, Յունան և Ապսի Պատրիարքները, Լատին Եկեղեցու առաջնորդ գերապայծառ Եսայանը, Սրբազան Շահե Փանոսյանը, Պատվելի Մկրտիչ Քարակոզյանը։
«Շնորհակալ եմ ձեզ ինձ ընծայած այս թանկագին առիթի համար»․ այս խոսքերով Ամենապատիվ Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը սկսեց իր խորհրդածությունը` Սուրբ Եղիա – Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ կաթողիկէ աթոռանիստ եկեղեցում կայացած Քրիստոնյաների միության աղոթական շաբաթվա բացման արարողության վերաբերյալ, որին ներկա էին Լիբանանի քրիստոնյա համայնքների ներկայացուցիչները, որոնց շարքում Լիբանանի մոտ առաքելական Նվիրակ` գերապայծառ Ժոզեֆ Սփիթերին, Մարոնիների Պատրիարք Պշարա Պութորոս Ռային, Ասորիների Պատրիարք Յուսեֆ Յունան, Մելքինդերի Պատրիարք` Ժոզեֆ Ապսին, ապա Լատին Եկեղեցու առաջնորդ գերապայծառ Սեզար Եսայանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բեյրութի թեմի առաջնորդ Սրբազան Շահե Փանոսյանը, Պատվելի Մկրտիչ Քարակոզյանը, Քաղդեացիների եպիսկոպոս Միշել Քսսարճին, Ասորի Օրթոդոքս եկեղեցու Եպիսկոպոս Ժորժ Սալիպան, Ղպտի և Ասորի եկեղեցիների եպիսկոպոսները։
Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարքը վերակոչեց ամեն մի քրիստոնյայի ապաշխարության աղոթքը. «Ներիր ինձ Հայր, որովհետև մեղանչեցի մտքով, խոսքով, գործերով և զանցառությամբ», հորդորելով այսօր ևս կրկնել այդ աղոթքը և Տիրոջից ներում հայցել «մեր եկեղեցական միության դեմ գործած մեղքի համար»։
Մեղանչեցինք միության դեմ
«Մենք մեղք գործեցինք և պետք է ապաշխարենք ու խուսափենք այն ճանապարհներից, որոնք մեզ տանում են դեպի մեղքը, քանի որ զղջումը ոչ միայն խոսքերով է, այլև գործով», հաստատեց Ռաֆայել Պետրոսի ԻԱ, ընդգծելով, որ «շատ անգամ խոսքերը չեն համապատասխանում գործերին» և «միություն ենք փափագում, սակայն չենք հասկանում նրա լիարժեք իմաստը»։
«Մենք ցրված ենք երկրի վրա, և ընկած ենք անհատական ու հավաքական եսասիրության թոհուբոհի մեջ, մոռացել ենք մեր Փրկչին: Մենք վերլուծել ու բացատրել ենք փրկության խորհուրդը՝ մեր կամքի և մեր անձնական հայեցակարգի համաձայն, բայց մոռացել ենք նրա իսկական նպատակը, որ փրկությունն է», ասաց Հայ Կաթողիկէ Եկեղեցու Հայրապետը`ընդգծելով, որ «մենք քրտնաջան և համառորէն աշխատում ենք միասնության համար, մեր նպատակն է ուրիշներին մոտեցնել մեր սկզբունքներին», և «հռոմեացի զինվորների նման, որոնք կռվեցին խաչի տակ Քրիստոսի հագուստի համար, մենք ևս վիճաբանում ենք այդ նույն զգեստի համար»:
Քրիստոս եկավ համայն մարդկության համար
«Բայց Քրիստոս չի ծնվել ու չի խաչվել միայն որոշ խմբի համար, այլ`բոլոր ազգերի ու համայն մարդկության փրկության համար», հաստատեց Ամենապատիվ Հոգևոր Տերը՝ հորդորելով «մեր հայացքն ուղղել դեպի Բեթղեհեմի լույսը», որտեղ ծնվեց Փրկիչը, և այնտեղից «տարածել փրկության այդ լույսը, որն ավետվեց հովիվներին, մոգերին և հասավ մինչև մեզ, որ մկրտության ու դրոշմի միջոցով պատկանում ենք Քրիստոսին, Ով ամեն օր ծնվում է ամեն մի եկեղեցու մեջ՝ Հաղորդության խորհրդով և որ «միևնույն Քրիստոսն է բոլոր եկեղեցիների համար»:
Աղոթքը զենք է բաժանման դեմ
Հայ Կաթողիկէ Պատրիարքն առաջարկում է «աղոթքի զենքը» որպէս դարման բաժանումների և անհասկացողությունների:
«Այն աղոթքը, որն արտասանվում է միասնաբար և կատարելագործվում արարքներով։ Այն աղոթքը, որը մղում է միմյանց ասելու, թե «անհամաձայնություն չկա Մկրտության խորհրդի մեջ, անհամաձայնություն չկա Հաղորդության խորհրդի մեջ, չկա վեճ, որպեսզի մենք բոլորս` կաթողիկէ, ուղղափառ կամ այլ եկեղեցիների քրիստոնյաներս, միասին աղոթենք», որովհետև, ընդգծում է Մինասյան Պատրիարքը, հարգելով հանդերձ յուրաքանչյուրի ավանդության ժառանգությունը, «բոլորս գեղեցիկ ու ներդաշնակ մեկ երաժշտության մի մասն ենք, որ պետք է փառաբանենք Արարչին»։
Կաթողիկէ Քրիստոսը տարբեր չէ ուղղափառ Քրիստոսից
«Իմացե՛ք, որ իմ այսօրվա խոսքը դատարկ կմնա, եթե այն դրական արձագանքներ չգտնի մեր մեջ՝ սկիզբ տալով նոր կյանքի՝ ամրապնդված սիրով և զորակցությամբ, հեռու պահելով մեզ իրարից բաժանող բոլոր պատճառներն ու մոլուցքները, որոնք մեզ բաժանում են նաև մեր Փրկչից, որ իր կյանքը զոհեց մեզ համար, որ մնաց ու կմնա սուրբ Հաղորդության խորհրդի մեջ», ասաց Ամենապատիվ Հոգևոր Տերը, ապա անդրադարձավ այն իրականությանը, որ «հաճախ կաթողիկէն մերժում է ուղղափառների հետ հաղորդությունը և ուղղափառն էլ մերժում այն կաթողիկէների հետ», թեև «Կաթողիկէ Քրիստոսը տարբեր չէ ուղղափառ Քրիստոսից» և Մկրտության խորհուրդն էլ տարբեր չէ մեկը մյուսից, որովհետև «Եկեղեցում բոլոր խորհուրդներն էլ ուղղակի հաստատվել են Քրիստոսի կողմից»։
Աստվա՜ծ, ների՛ր մեզ բաժանումի մեղքի համար
Ուստի «ու՞ր է վեճը», հարցրեց Պատրիարքը ու հաստատեց. «Վեճը մարդկային է, եսասիրության ու աղանդավորության հետևանք, հեռու հոգևոր ու քրիստոնեական որևէ սկզբունքից»։
Ամենապատիվ Հոգևոր Տերը խորհրդածությունն եզրափակեց աղոթքով, որով հայցեց Աստծո ներումը «բաժանումի մեղքի համար» ու խնդրեց, որ Տերը «լուսավորի ճանապարհը դեպի այդ ցանկալի միությունը, դեպի մեկ Եկեղեցի»։
«Տեր և Աստված իմ, ամբողջ սրտովս զղջում եմ բաժանման և հատվածականության ակամա գործած մեղքիս համար, որի մեջ ընկած եմ աշխարհիկ մտահոգությունների պատճառով: Դու ես իմ ապաստանն ու հույսը, որին ապավինում եմ: Այո՛, Դու՛ եղիր միակ հույսս, Դու՛ ես, որ կարող ես ինձ փրկել և լուսաւորել իմ ճանապարհը՝ դեպի միություն, դեպի մեկ Եկեղեցի, դեպի ընդհանրական մի հոտ, որի իսկական Հովիվն ես և որի միջոցով մեզ պիտի շնորհես քո առատ շնորհներդ։ Դու՛ ես լույսն ու ճշմարտությունը, Դու՛ ես ճանապարհն ու խաղաղությունը: Քեզանից ենք ու դեպի Քեզ կվերադառնանք, ուստի ողորմիր մեզ, Տեր, Քո մեծ ողորմությամբ, ողորմիր և փրկիր մեզ մեր մեղքերից։ Ամեն»:
Աղբյուրը՝ Վատիկան Նյուզ, հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը