Եկեղեցին ընտանիքների ընտանիք է, որը մշտապէս հարստանում է ընտանիքներով:
2021թ. դեկտեմբերի 18-ին Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ եկեղեցում տեղի ունեցավ ընտանիքների երրորդ հանդիպումը՝ «Սիրո բերկրանքը» խորագրով։
Հանդիպմանը մասնակցում էին ընտանիքներ՝ Հայաստանի հայ կաթողիկէ համայնքներից։
Հանդիպումը սկսվեց Սրբոց Նահատակաց եկեղեցու ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանի ողջույնի խոսքով.
«Դուք բոլորդ գիտեք ընտանիքը Աստծո ամենամեծ պարգևն է, որ տրված է մարդուն առաջին հերթին իր հոգևոր երջանկությունը վայելելու համար․․․
Ընտանիքի հիմքը հանդիսանում է սերը և որպեսզի այդ սերը ապահովվի Աստված նաև այն միտքը տվեց՝ այն ինչը միացնում է Աստված, մարդը չի կարող բաժանել։
Ես այսօր շատ ուրախ եմ այս հանդիպումը սկսելու համար»:
Սուրբ Պատարագը մատուցեց Առաջնորդական Տեղապահ, Հայ Կաթողիկէ Երիտասարդական խմբի նախագահ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը՝ առընթերակայությամբ Արժ․ Տ․ Հովսեփ Քհն․ Գալստյանի և Արժ․ Տ․ Միքայել Քհն․ Դոմբուրյանի։
Իր քարոզի սկզբում Հ․ Գառնիկը ողջունեց ընտանիքներին՝ ներկայացնելով եկեղեցական ընտանիքի կարևորությունը․
«Եկեղեցին ընտանիքների ընտանիք է, որը մշտապէս հարստանում է ընտանիքներով:
Ամուսնության խորհրդի շնորհիվ, յուրաքանչյուր ընտանիք դառնում է պարգև եկեղեցու համար: Ընտանիքում սիրո փորձառությունը՝ ուժի տևական աղբյուր է, որի միջոցով ամուսնական զոյգը ձեռք է բերում միմյանց նկատմամբ հոգատարություն և փոխադարձ ներողամտություն»։
Հ. Գառնիկը ներկայացրեց նաև օրվա տոնելի սրբին՝ Սուրբ Յակոբ Մծբնայ Հայրապետին, ով իր երկրային կյանքը նվիրել է Հիսուս Քրիստոսին և Աստծո խոսքի տարածմանը, հավատարիմ մնալով Տիրոջ պատգամներին։
Տ․ Հովսեփը ներկայացրեց «Սիրո բերկրանքը մարդկային ընտանիքում» թեման, ոգեշնչվելով Ն. Ս. Ֆրանցիսկոս Պապի «Սիրո բերկրանքը» առաքելական նամակից։
Բանախոսը նախ ամփոփ ներկայացրեց նամակի բովանդակությունը և հետո հատուկ ուշադրություն հրավիրեց ընտանիքում սիրո արտահայտության և աճման անհրաժեշտության վրա։
Իր խոսքի ընթացքում նա շեշտեց հետևյալը․
«Սիրել միմյանց ինքնազոհաբերվող, ինքնանվիրվող սիրով, որը ոչ մի սահման չի ճանաչում: Սա նշանակում է ինքդ քեզ դարձնել մի պարգև, մի նվեր, մի ընծա, մի պատարագ՝ դիմացինի համար. սա վերաբերում է նախևառաջ ամուսինների միջև հարաբերություններին և նաև ծնող-զավակներ հարաբերություններին: Պատարագվել միմյանց համար, պատասխանատվություն կրել միմյանց երջանկության, զարգացման, լիարժեք և ազատ, առողջ կյանքի համար՝ ամբողջ տարողությամբ և բոլոր կողմերով»:
Հանդիպումն ամփոփոց Տ․ Գրիգորը, ընդգծելով հարաբերություններում հավատարմության անժխտելի էականությունը․
«Լավ է, որ հավատարմությունը, թե՛ ընկերության մեջ, թե՛ ընտանիքի մեջ պահվի հանուն Հիսուս Քրիստոսի»
Այնուհետև ներկաները երգեցին Տիրամորը նվիրված «Աղաչեմք զՔեզ, Աստուածածին» երգը, որից հետո Հ. Գառնիկը օրհնություն տվեց ներկաներին՝ Սուրբ Ընտանիքի սրբապատկերով:
Եվ հանդիպման ավարտին՝ օրվա խորհրդին համապատասխան, ընտանիքների ներկայացուցիչները խոսեցին ընտանիքի դերի և կարևորության մասին, կիսվեցին անձնական փորձառության պատմություններով:
Հոդվածը պատրաստեց՝
Անուշ Հարությունյանը