• Քահանաների թեմական ժողով՝ Գիւմրու Հայ Կաթողիկէ Առաջնորդարանում

    «Սիրեցէ՛ք միմեանց, ինչպէս որ ես ձեզ սիրեցի (Յվհ. 13, 34)


    Ուրբաթ, նոյեմբերի 19-ին, ժամը 10:30-ին՝ Գիւմրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցում մատուցուեց Սուրբ եւ Անմահ Պատարագ՝ ձեռամբ Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Հայաստանի Թեմի Առաջնորդական Տեղապահ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի, առընթերակայութեամբ՝ Արժ. Տէր Նարեկ Քհնյ. Թադեւոսեանի եւ Արժ. Տէր Յովսէփ Քհնյ. Գալստեանի: Պատարագից յետոյ տեղի ունեցաւ հանդիպում եւ քննարկում Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ հոգեւորականների հետ՝ Հայաստանի Թեմին առնչուող ընթացիկ հարցերի շուրջ:

     

    Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Առաջնորդական Տեղապահ Գերյ. Հայր Գառնիկը: Նա մասնաւորապէս ասաց. «Սիրելի՛ եղբայրներ ի Քրիստոս, ուրախ եմ այսօրուայ մեր հանդիպման համար: Յոյս ունեմ, որ նմանատիպ հանդիպումները կլինեն շարունակական, որպէսզի կարողանանք միմեանց հետ կիսել մեր առաքելութեան լաւ եւ դժուար պահերը: Աղօթքը թող լինի մեր կեանքի հիմնաքարը եւ մեր իւրաքանչիւր նախաձեռնութեան մեկնակէտը, որպէսզի հաւատարիմ մնանք մեր սրբազան կոչմանը եւ սիրով ու նուիրումով ծառայենք մեզ յանձնուած հօտին՝ հետեւելով գերագոյն Վարդապետի պատուերին. «Սիրեցէ՛ք միմեանց, ինչպէս որ ես ձեզ սիրեցի (Յովհ. 13, 34)»:

     

    Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի կողմից ամէն տարի իրականացւում են մի շարք միջոցառումներ, որոնց շարունակական բնոյթը ապահովելու համար՝ Գերյարգելի վարդապետը յորդորեց բոլոր հոգեւորականներին իրենց ժողովրդապետութիւնների մէջ կազմակերպել երիտասարդական հաւաքներ, ընտանիքին նուիրուած օրեր, սուրբ խորանի սպասաւորների, ինչպէս նաեւ տարեցների հետ հանդիպումներ:

     

    Թեմական հարցերի ակտիւ քննարկումից յետոյ Հոգեւոր Հայրերը ամփոփեցին ժողովը՝ նոր հանդիպման ակնկալիքով:

     

    Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

    Առաջնորդական Տեղապահ

    Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

    Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

     

Օրացույց

Օրացույց