Հարություն առած Քրիստոսը հույս է
Ապրիլի 4-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը աշխարհի բոլոր քրիստոնյաներին շնորհավորեց Քրիստոսի հրաշափառ Հարության առթիվ՝ իր ավանդական՝ «քաղաքին և աշխարհին»՝ Urbi et orbi, ուղղված ընդհանրական ուղերձով:
Նորին Սրբությունը ցավով ընդգծեց, որ աշխարհում «շատ են պատերազմներն ու բռնությունը», մասնավորապես հիշատակեց Արևելյան Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի գերության մեջ գտնվող անձանց: «Թո՛ղ Տերը մեզ օգնի հաղթահարել պատերազմի մտածելակերպը: Թո՛ղ Նա թույլ տա գերեվարվածներին ապահով, ողջ և առողջ վերադառնալ իրենց ընտանիքներ, ու թո՛ղ ոգեշնչի համաշխարհային առաջնորդներին սանձելու նոր զենքերի մրցավազքը», – կոչ արեց Սրբազան Քահանայապետը:
Զատկի հռչակումը պատրանք, կախարդական բանաձև չէ, որը ցույց է տալիս խնդիրներից փրկվելու ուղին, քանզի բերում է լուր այն մասին, որ Հիսուս, Ով խաչվել էր Պիղատոս Պոնտացու օրոք, հարություն է առել Ավետարանի համաձայն, ինչպես Ինքն էր մարգարեացել իր աշակերտներին, ասաց Նորին Սրբությունը.
«Հարություն առած Քրիստոսը հույս է նրանց համար, ովքեր դեռ տառապում են համավարակի պատճառով, հիվանդների և նրանց համար, ովքեր հարազատ են կորցրել: Թո՛ղ Տերը մխիթարի նրանց և օգնի՛ բժիշկներին ու հիվանդապահներին: <…> Հարուցյալ Խաչյալը մխիթարանք է նրանց համար, ովքեր կորցրել են աշխատանքը կամ գտնվում են տնտեսական ծանր վիճակում և զրկված են բավարար սոցիալական պաշտպանությունից: Թո՛ղ Տերն ուղղորդի պետական մարմիններին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բոլորին, հատկապես, կարիքավոր ընտանիքներին: Ցավոք սրտի, համավարակը աղքատության դրամատիկ աճի և հազարավոր մարդկանց հուսահատության պատճառ դարձավ»:
Աշխարհին ուղղված իր ուղերձում Սրբազան Քահանայապետն անդրադարձավ նաև մոլորակի ցավոտ հարցերին և սկսեց Հայիթիից: Նա այդ երկրի սիրելի ժողովրդին ցանկացավ «չհուսահատվել դժվարությունների ժամանակ և վստահորեն ու հույսով նայել ապագային»:
Թո՛ղ Հարուցյալ Հիսուսը հույս բերի պատշաճ կրթությունից և հասակակիցների ու ընկերների հետ շփումից զրկված երիտասարդությանը, ասաց Նորին Սրբությունը՝ մերձավորություն հայտնելով ամբողջ աշխարհի, մասնավորապես Մյանմարի երիտասարդներին, ովքեր, հանուն ժողովրդավարության, «հասկանում են, որ ատելությունը կարելի է ցիրուցան անել միայն սիրով»:
Այնուհետև, Սրբազան Քահանայապետը կոչ արեց համերաշխություն և աջակցություն ցուցաբերել գաղթականների նկատմամբ ու նրանց դեմքերում տեսնել տառապող Քրիստոսի դեմքը: Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց Լիբանանին և Հորդանանին՝ սիրիական հակամարտությունից փրկված մեծաթիվ փախստականներին հյուրընկալելու համար:
Սիրիա, Եմեն և Լիբիա. այս երկրներում երկար տարիներ շարունակվում են զինված բախումները՝ անտանելի դարձնելով նրանց ժողովուրդների կյանքը: Սրբազան Քահանայապետը կոչ արեց պատերազմում ներգրավված բոլոր կողմերին ջանքեր գործադրել հակամարտությունները դադարեցնելու համար և թույլ տալ պատերազմից տանջահար եղած մարդկանց ապրել խաղաղության մեջ ու վերակառուցել իրենց երկրները:
«Անշուշտ, Տիրոջ Հարությունը մեզ տանում է դեպի Երուսաղեմ. եկե՛ք խնդրենք Տիրոջից խաղաղություն և բարգավաճում Երուսաղեմի համար», որպեսզի իսրայելացիներն ու պաղեստինցիները ձեռք բերեն երկխոսելու ուժ, իսկ նրանց երկրները կարողանան կողք կողքի ապրել խաղաղության և բարեկեցության մեջ:
Նորին Սրբությունն աղոթեց, որպեսզի Հարուցյալ Քրիստոսն օգնի ներքին բռնությունից և միջազգային ահաբեկչությունից տառապող աֆրիկյան երկրներին, հատկապես Սահելի շրջանում, Նիգերիայում, ինչպես նաև Տիգրայի շրջանում (Եթովպիա) և Կաբու Դելգադո մարզում (Մոզամբիկ):
Urbi et Orbi՝ «Քաղաքին և աշխարհին», զատկական ուղերձի ավարտին, Սրբազան Քահանայապետն ասաց.
«Մեր առջև ծառացած բազմաթիվ դժվարությունների մեջ երբեք չպետք է մոռանանք, որ Քրիստոսի վերքերով մենք բուժվեցինք (տես՝ 1 Պետ. 2:24): Մեր տառապանքները փոխակերպված են Հարուցյալի լույսով: Այնտեղ, որտեղ մահն էր, հիմա կյանքն է, այնտեղ, որտեղ սուգն էր, հիմա սփոփանքն է: Փարվելով Խաչին՝ Հիսուս իմաստով լցրեց մեր տառապանքները: Եկե՛ք աղոթենք, որպեսզի այս բուժման օգտակար ազդեցությունները տարածվեն ամբողջ աշխարհում: Բոլորին մաղթում եմ լուսավոր, խաղաղ և սուրբ Զատիկ»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան