«Չեկա ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու»
Մարտի 31-ին Երևանի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանում տեղի ունեցավ մեկօրյա հոգևոր ամփոփում՝ հոգևորականների համար՝ Առաջնորդ Հոր՝ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի հրավերով: Նախ մատուցվեց Սուրբ Պատարագ՝ Առաջնորդի ձեռամբ, որից հետո Սրբազան Հայրը մի խորհրդածություն ներկայացրեց Տեր Հիսուս Քրիստոսին հետևելու քահանայական կոչման մասին՝ հիշեցնելով ավետարանական դրվագներ՝ Հիսուսի մատնությունը և ձերբակալությունը Ձիթենյաց լեռան վրա և աշակերտների փախուստը, Հուդայի հուսահատությունը և Պետրոսի դարձը: Ինչպե՞ս ենք որպես քահանաներ ծառայում Տիրոջը, արդյո՞ք մեր ծառայության մեջ յուրաքանչյուր քայլ որպես իր դրդապատճառն ունի միայն ու միայն Տիրոջ փառքը, թե՞ երբեմն նաև այլ անձնական մղումներ, որոնք աղավաղում են ծառայության և առաքելության էությունը: Այս և այլ կարևոր հարցերի շուրջ էր, որ Առաջնորդ Հայրը խնդրեց մտածել լրջորեն՝ Սուրբ Հարության խորհուրդը տոնելուց առաջ:
Խորհրդածությունից հետո, օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ նաև քննարկում՝ հովվական հարցերի շուրջ, որից հետո քահանաները վերադարձան իրենց ծառայության վայրերը: