«Մեղք է մոռանալ այն, որ Աստված Ինքը մեզ համար դարձավ ընծա»
Մարտի 13-ի առավոտյան՝ իր գահակալության յոթերորդ տարեդարձին, Ֆրանցիսկոս Պապն իր նստավայրի մատուռում մատուցեց Սուրբ Պատարագ։ Ինչպես նախորդ օրերին, այս անգամ եւս ամբողջ արարողությունը հեռարձակվեց ուղիղ եթերով։
Իր քարոզում Սրբազան Քահանայապետը կոչ արեց աղոթել ոչ միայն կորոնավիրուսով վարակված հիվանդների, այլեւ՝ հովիվների համար։
«Այս օրերին եկե՛ք միասնական լինենք հիվանդների, ընտանիքների, այս համաճարակից տառապող մարդկանց հետ։ Այսօր ես ցանկանում եմ աղոթք բարձրացնել հովիվների համար, ովքեր պետք է առաջնորդեն Աստծո ժողովրդին այս ճգնաժամի օրերին։ Թող Աստված նրանց ուժ տա, ինչպես նաեւ՝ օգնության լավագույն միջոցներն ընտրելու ունակություն։ Ծայրահեղ միջոցները միշտ չէ, որ արդյունավետ են։ Եկե՛ք աղոթենք, որ Սուրբ Հոգին հովիվներին օժտի հմտությամբ եւ խոհեմությամբ, որպեսզի նրանք այնպիսի միջոցներ ձեռնարկեն, որոնք Աստծո հավատարիմ ժողովրդին միայնության մեջ չեն թողնի։ Թող Աստծո ժողովուրդը զգա հովիվների աջակցությունը եւ Աստծո Խոսքի, Հաղորդության ու աղոթքի սփոփանքը»։
Անդրադառնալով օրվա ընթերցմանը, մասնավորապես, չար մշակների առակին, Նորին Սրբությունը խոսեց Աստծո պատվիրաններին անհավատարիմ մարդկանց մասին, ովքեր իրենց Աստծո շնորհ են վերագրում․ այդ շնորհն ենթադրում է անկեղծություն եւ մեծահոգություն, մինչդեռ ոմանք սահմանափակվում են դոգմատիկ ձեւակերպումների շրջանակներով միայն։
Օրվա երկու ընթերցումներն էլ, որոնցից մեկը վերցված է Ծննդոց Գրքից, մեր Տիրոջ չարչարանքների մասին մարգարեությունն է, պարզաբանեց Ֆրանցիսկոս Պապը։ Հովսեփը ստրկության վաճառվեց քսան արծաթի դիմաց, իսկ Ավետարանը ազդարարում է Աստծո Որդու սպանությունը։ Մեկնաբանելով չար մշակների մասին առակը՝ Նորին Սրբությունը նրանց համեմատեց Աստծո ժողովրդի հետ, Աստծո ընտրյալների հետ։ Ընտրյալ ժողովուրդը պատվիրաններ է ստանում եւ ուխտ կապում Աստծո հետ։ Նա պետք է հիշողության մեջ հավերժ պահի իր՝ Աստծո ընտրյալ լինելու հանգամանքը եւ Աստծուն տված ուխտը՝ ամեն օր հավատարիմ մնալով Նրան։ Սակայն, ինչպես առակն է ասում, երբ բերքը հավաքելու ժամանակն եկավ, այդ ժողովուրդը մոռացավ, որ ինքը չէ խաղողի այգու տերը։ Այս մարդիկ գողացան եւ յուրացրեցին խաղողը՝ Որդու ժառանգությունը, դրանով իսկ գրելով անհավատարմության պատմությունը: Անհավատարմություն Աստծո ընծային․ Սրբազան Քահանայապետը մի քանի անգամ կրկնեց այս արտահայտությունն՝ ընդգծելով, որ Աստծո ընծան իր մեջ ունի անկեղծություն, օրհնություն եւ մեծահոգություն, սակայն հաճախ ժողովուրդն այս ամենը պարփակում է նեղ շրջանակներում՝ այն վերածելով գաղափարախոսության։ Այսպիսով ընծան կորցնում է իր էությունը եւ դառնում բարոյական կարգադրությունների մի հավաքածու, հաճախ նույնիսկ ծիծաղելի՝ անհեթեթ դրույթների պատճառով:
Աստծո ընծայի յուրացումը մեծ մեղք է, ասաց Ֆրանցիսկոս Պապը։
«Մեղք է մոռանալ այն, որ Աստված Ինքը մեզ համար դարձավ ընծա, Նա մեզ նվիրեց այդ ընծան, դա մոռանալը եւ մեզ սեփականատեր համարելը մեղք է։ Այդ ժամանակ ուխտը դադարում է ուխտ լինելուց, իսկ ընտրյալներն՝ ընտրյալներ լինելուց։ Պատվիրանը մեկնաբանվում է սեփական նախասիրությունների համաձայն՝ վերածվելով գաղափարախոսության»։
Ֆրանցիսկոս Պապը հավելեց, որ այս պատմության մեջ ինքը տեսնում է կղերապաշտության սկիզբը՝ այսինքն Աստծո անշահախնդիր ընծայի աղավաղված, խեղաթյուրված ընկալում։ Կղերապաշտությունը հերքում է Հայտնության անշահախնդրությունը, անշահախնդիր Աստծո ընծայի անշահախնդրությունը, որը մեզ պետք է խրախուսի՝ յուրաքանչյուր մարդու ընդունել որպես աստվածային պարգեւ, իր քարոզում ասաց Ֆրանցիսկոս Պապը։
Վատիկան Նյուզ, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը
Սրբագրեց՝ Տ. Հովսեփը