Խորհուրդ մեծ և սքանչելի…
Բավրայի հայ կաթողիկէ երիտասարդական միության հետ միասին դեկտեմբերի 28-ի երեկոյան բարեգործական արշավ և տոնավաճառ կազմակերպեցինք գյուղի խանութի դիմաց։ Երիտասարդները խանութի հաճախորդներից գումար կամ սնունդ էին խնդրում` անապահով ընտանիքներին օգնելու համար, նաև վաճառում կամ նվիրատվության դիմաց նվիրում էին իրենց ձեռքով պատրաստած տոնակաս սեղանի և տոնածառի զարդարանքներ։ Բարյացակամ հաճախորդները ստանում էին նաև քահանայիս օրհնության աղոթքը։ Թեև ցուրտ էր, բայց խարույկը և եղբայրասիրությունը ջերմացնում էին մեր սրտերը։ Երիտասարդների ջանքերով և մարդկանց բարեսրտության շնորհիվ մի փոքրիկ գումար հավաքվեց, որով գեղեցիկ խաղալիքներ գնեցինք անապահով երեք ընտանիքների երեխաների համար: Դեկտեմբերի 31-ին երիտասարդների հետ մի փոքրիկ թափոր կազմակերպեցինք գյուղում՝ աղոթքով, երգեցողությամբ, Սուրբ Նիկողայոսի (Santa Claus) հագուստներով և նվերներով այցելեցինք մեր ընտրած երեք ընտանիքներին, բաժանեցինք երեխաներին, որ շատ ուրախացան և զարմացան՝ տեսնելով իրենց քահանային և երիտասարդներից մեկին՝ Սուրբ Նիկողայոսի գլխարկով և հագուստով: Նաև կատարեցինք տնօրհնեքի կարգ, երգեցինք «Խորհուրդ մեծ» շարականը և շնորհավորեցինք Սուրբ Ծննդյան և Ամանորի տոները:
Տ. Հովսեփ Գալստյան