• Սուրբ Աթոռի Պետքարտուղար Պիետրո Պարոլինը պաշտոնական այցով Վրաստանում է

    «Ես հրավիրում եմ բոլոր հավատացյալներին քայլել միասին՝ Սուրբ Կույս Մարիամի՝ Եկեղեցու Մոր հայացքի ներքո…»


    2019թ. դեկտեմբերի 27-ին պաշտոնական այցով Վրաստան ժամանեց Սուրբ Աթոռի Պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինը: Բարձրաստիճան եկեղեցականին Թբիլիսիի օդանավակայանում դիմավորեցին Հայաստանում և Վրաստանում Պապական Նվիրակ Խոսե Արքեպիսկոպոս Բեթենկուրը, Կովկասի լատինածես կաթողիկէների Առաջնորդ Եպս. Ջուզեպպե Բազոտտոն, Հայաստանի, Վրաստանի Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէների Առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը, ում ուղեկցում էին Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը, Հոգշ. Հ. Միքայել Վրդ. Խաչկալյանը և Արժ. Տ. Գրիգոր Ավագ Քահանա Մկրտչյանը: Կարդինալ Պարոլինը Վրաստանում կշարունակի իր այցը մինչև դեկտեմբերի 30-ը: Կարդինալի այցի նպատակը Վրաստանի կառավարության, Վրաց Ուղղափառ Եկեղեցու հետ երկկողմ հարաբերությունների առավել սերտացմանը նպաստելն է, ինչպես նաև տոնելը՝ Վրաստանում Կաթողիկէ Եկեղեցու ներկայության մի քանի պատմական իրադարձությունների հոբելյանները, որոնցից են Հարավային Կովկասում լատինածես կաթողիկէների առաքելական վարչության հիմնադրման 25-ամյակը, Ջավախքում հայ կաթողիկէ համայնքների վերահաստատման և վերակազմակերպման 30-ամյակը, Վրաստանի Կարիտասի հիմնադրման 25-ամյակը, Վրաստանում Սբ. Մայր Թերեզայի Գթության քույրերի առաքելության 30-ամյակը, Ստիգմատի հայրերի միաբանության Վրաստանում առաքելության հիմնադրման 25-ամյակը, Ժան Վանիեյի «Հավատ ու լույս» միության հիմնադրման 25-ամյակը, Սբ. Հովհաննես Պողոս Բ Քահանայապետի Վրաստան այցելության 20-ամյակը:

    Այս հոբելյանները տոնելու դիտավորությամբ հաջորդ օրը՝ ժամը 16:00-ին, Թբիլիսիի Սուրբ Կույսի Վերափոխման Կաթողիկէ Մայր Տաճարում Վսեմաշուք Կարդինալ Պարոլինը մատուցեց Սուրբ Պատարագ՝ առընթերակայությամբ Պապական Նվիրակ Արքեպիսկոպոս Բեթենկուրի, Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի, Եպս. Բազոտտոյի, Ադրբեջանի Առաքելական Պրեֆեկտ Եպս. Վլադիմիր Ֆեքեթի, Վրաց Քաղդեական Կաթողիկէ Եկեղեցու Առաջնորդ Բենյամին Բեթ Յադեգարի և ներկայությամբ հայ կաթողիկէ, լատինածես կաթողիկէ հոգևորականների, միաբան հայրերի և քույրերի, համայնքների հավատացյալների:

    Կարդինալ Պարոլինն իր քարոզում խոսեց Տիրոջ Սուրբ Ծննդյանը հաջորդող Բեթղեհեմի մանուկների կոտորածի մասին և արեց մի հարցադրում՝ ինչու՞ էր Հերովդեսը վախենում Աստծո Արքայության գալուստից: Պատասխանելով այդ հարցին՝ Կարդինալն ասաց, որ ի զուր էր Հերովդեսի վախը, որովհետև Հիսուսը չէր գալիս՝ տիրելու աշխարհի թագավորություններին, այլ գալիս էր հաստատելու մի նոր թագավորություն, որը հիմնված էր սիրո վրա, այն սիրո, որ Հիսուս ցույց տվեց՝ մորթվելով որպես Գառ: Բայց Աստծո թագավորությունը, որ եկավ հաստատելու Հիսուսը, մշտապես մերժվել է պատմության ընթացքում, բացատրեց Կարդինալը.

     

    «Նահատակների վկայությունը ցույց է տալիս, որ Ավետարանի հռչակումը երբեք խաղաղ, անցավ իրականություն չի եղել… Երբ քրիստոնեական համայնքը բացեիբաց հռչակում է Բարի լուրը և վկայում է այդ մասին կյանքով, երբ սատար է կանգնում յուրաքանչյուր մարդ անհատի արժանապատվությանը և դառնում ամենաթույելրի, ամենաաղքատների ձայնը, երբ փնտրում է ճշմարտություն և արդարություն, ապա գրեթե անհրաժեշտաբար քրիստոնեական համայնքը կարող է անհարմար լինել իշխանության, տիրապետման և ստրկացման տրամաբանության համար: Հիսուսի աշակերտները գիտեն դա, բայց Աստծո շնորհով նրանք չեն կարող թողնել իրենց առաքելությունը»:

     

    Կարդինալ Պարոլինն անդրադարձ կատարեց Վրաստանում Կաթողիկէ Եկեղեցու անցած ճանապարհին, վերջին 25 տարիների հսկայական վերազարթոնքին և ասաց.

     

    «Հոբելյանական այս տարին թող լինի խորհրդածության մի պահ՝ ամփոփելու ճամփորդությունը՝ նորացված խանդավառությամբ՝ դեպի Աստծո ապագան: Ես հրավիրում եմ բոլոր հավատացյալներին քայլել միասին՝ Սուրբ Կույս Մարիամի՝ Եկեղեցու Մոր հայացքի ներքո, և սովորել Նրանից ունենալ մեծ սիրտ ու հոգի, որ գիտի ինչպես ներել սխալերը և հետ հայացք գցել՝ Աստծո տեսանկյունից»:

    Այս օրերին Կարդինալ Պարոլինը հանդիպել է Վրաստանի երեք ծեսերի՝ հայ, լատին և քաղդեական կաթողիկէների համայնքների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև պաշտոնական հանդիպումներ ունեցել Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Իլիա 2-րդի և այլ բարձրաստիճան հոգևորականների հետ:

    Կարդինալը դեկտեմբերի 28-ին այցելել է նաև Վրաստանի այն տարածքների սահմանագիծ, որոնց իրավական կարգավիճակի շուրջ տարաձայնություններ կան Վրաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև այլ երկրների և միջազգային կառույցների միջև՝ ռուս-վրացական 2008թ. հինգօրյա պատերազմից հետևանքով:

     

    Կարդինալ Պարոլինը հանդիպումներ է ունեցել նաև Վրաստանի Վարչապետի, Խորդարանի նախագահի և այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև այցելել «Ներքին տեղահանված անձանց ճամբարը»՝ Ցերովանիում, որտեղ կան տեղահանված 6500 անձինք:

     

    Տ. Հովսեփ Գալստյան

    Թղթակցությամբ՝ Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի

Օրացույց

Օրացույց