• «Դեր Զօրի երկնքում մեզ համար ծնուեց եւս մէկ բարեխօս…  ». Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի քարոզը

    «Եթէ աշ­խար­հը ձեզ ատում է, իմա­ցէք, որ նախ ինձ է ատել» (Յվհ. 15:18)


     

    Կիրակի՝ 17 նոյեմբեր, 2019 թուական. Առաջին Կիրակի Յիսնակաց, Փանիկի Սուրբ Աստուածածին Եկեղեցւոյ մէջ առաւօտեան ժամը 10:00-ին մատուցուեց Սուրբ եւ Անմահ Պատարագ, ապա՝ Հոգեհանգստեան Պաշտօն՝ ձեռամբ Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի՝ ի յիշատակ Տէր Յովսէփ Քհնյ. Պետոյեանի եւ նրա հօր՝ Հաննա Պետոյեանի հոգիների հանգստութեան:

     

    Սուրբ Աւետարանի ընթերցումից յետոյ Գերյարգելի վարդապետը յաւուր պատշաճի քարոզը նուիրեց նահատակների յիշատակին.

     

    «Եթէ աշ­խար­հը ձեզ ատում է, իմա­ցէք, որ նախ ինձ է ատել» (Յովհ. 15:18):

    Սիրելի՛ քոյրեր եւ եղբայրներ ի Քրիստոս,

     

    Այսօր Հայ Կաթողիկէ բոլոր Եկեղեցիների մէջ՝ աշխարհի չորս կողմերում, միաշունչ եւ միասիրտ հաւաքուած ենք Սուրբ եւ Անմահ Պատարագ եւ Հոգեհանգստեան Պաշտօն մատուցելու՝ մեր նահատակների դիտաւորութեամբ:

     

    Օրեր առաջ, ճիշտ երկուշաբթի օրը՝ նոյեմբեր 11-ին, համայն աշխարհի հոգեւոր եւ աշխարհիկ առաջնորդները խստօրէն դատապարտեցին ահաբեկիչների ձեռքով Տէր Յովսէփ Քհնյ. Պետոյեանի եւ նրա հօր վայրագ սպանութիւնը:

     

    Ահա՛, աշխարհի ստեղծագործութեան պատմութեան մէջ եւս մէկ սեւ էջ աւելացավ: Հայոց ցեղասպանութեան մեր նահատակների շարքին նոր նահատակներ միացան, եւ Սիրիայի Դեր Զօր անապատի երկնքում մեզ համար ծնուեց մի նոր բարեխօս՝ նահատակ եւ մարտիրոս համայն հայութեան:

     

    Հայ Եկեղեցւոյ Արեւագալի Ժամասացութեան մէջ մեր Սուրբ Հայրապետները հետեւեալ պարծանքը եւ պատիւը կը մեծարեն նահատակներին՝ ասելով.

    «Նահատակք պանծալիք եւ սիրեցեալք ի յերկնաւոր Հօրէն, որք մկրտեցայք ընդ Քրիստոսի արեամբ ձերով ի մահ խաչին, բարեխօսեցէ՛ք առ Տէր վասն մանկանց եկեղեցւոյ»:

     

    Պօղոս Առաքեալը Թեսաղոնիկեցիներին ուղղուած իր երկրորդ թղթի մէջ դարձեալ պարծենում է եւ խրախուսում Աստուծոյ ժողովրդին՝ ասելով.

     

    «Այն­պէս որ մենք ձեզ­նով պար­ծե­նում ենք՝ Աստծոյ եկե­ղե­ցի­նե­րում ձեր համ­բե­րու­թեան եւ հա­ւա­տի հա­մար՝ ձեր այն բո­լոր հա­լա­ծանք­նե­րի եւ նե­ղու­թիւն­նե­րի մէջ, որոնց դուք համ­բե­րում էք: Դրանք ապա­ցոյց են Աստծոյ ար­դար դա­տաս­տա­նի, որ­պէս­զի դուք ար­ժա­նի լի­նէք Աստծոյ ար­քա­յու­թեա­նը, որի հա­մար էլ նե­ղու­թիւն էք կրում: Եւ ար­դար է Աստծոյ առաջ, որ ձեզ նե­ղող­նե­րին նե­ղու­թիւն հա­տու­ցուի, իսկ ձեզ՝ նե­ղու­թիւն կրած­նե­րիդ՝ հան­գիստ մեզ հետ, երբ Տէր Յի­սուս յայ­տ­նուի եր­կն­քից իր հրեշ­տակ­նե­րի զօր­քով» (2 Թեսղ. 1:4-7):

     

    Այս օրերին մեր մարտը չար ոգիների եւ խաւարի զաւակների դէմ է, մեր մարտը հոգեւոր մարտ է՝ ընդդէմ սատանայի իշխանութիւնների, պետութիւնների եւ աշխարհի տիրակալների:

     

    Սուրբ Պօղոս Առաքեալը Եփեսացիներին ուղղուած թղթի մէջ ասում է.

     

    «Ուս­տի առէ՛ք Աստծոյ սպա­ռա­զի­նու­թիւ­նը, որ­պէս­զի կա­րո­ղա­նաք չար օրում դէմ կան­գ­նել չա­րին. եւ երբ ամէն ինչ կա­տա­րէք, հաս­տա­տո՛ւն կա­ցէք՝ տե­ղում պինդ կան­գ­նած, ձեր մէջ­քե­րը գօ­տե­պն­դած ճշ­մար­տու­թեամբ, եւ հա­գած ար­դա­րու­թեան զրա­հը՝ ձեր ոտ­քե­րն ամ­րա­ց­րէ՛ք խա­ղա­ղու­թեան աւե­տա­րա­նի պատ­ր­աս­տու­թեամբ» (Եփս. 6:13-15):

     

    Ուստի, սիրեցեալ եւ ցանկալի քոյրեր եւ եղբայրներ ի Քրիստոս, որ իմ ուրախութիւնն ու պսակն էք, այսպէս հաստատուն մնացէք ի Տէր, ասում է Պօղոս Առաքեալը:

     

    Եկէ՛ք մենք էլ միանանք Քրիստոսի աշակերտներին՝ բարձրացնելով առ Աստուած տէրունական աղօթքը՝ Հայր Մերը, որպէս խունկ եւ աղօթք նրանց հոգիների հանգստութեան եւ խաղաղութեան: Աղօթում ենք նաեւ նրանց ընտանիքի վշտահար անդամների՝ մօր, եղբօր, կնոջ եւ երեք զաւակների համար, հայցելով Սուրբ Հոգու մխիթարութիւնը եւ սփոփանքը: Թող Հայր Աստուած համբերութիւն եւ յոյս շնորհէ նրանց եւ հաստատ պահէ սրբազան հաւատի մէջ:

     

    Սուրբ Պօղոսի բառերով, մեծ ցաւով եւ վշտով հրաժեշտ եմ տալիս քեզ՝ Տիրոջ հաւատարիմ ծառայ եւ մանկութեանս սիրեցեալ բարեկամ ու հոգեւոր եղբայր Տէր Յովսէփ ջան:

     

    «Իսկ ես զո­հա­բե­րուե­լու եմ, եւ իմ մեկ­նու­մի ժա­մա­նա­կը հա­սել է: Պա­տ­ե­րազ­մե­ցի բա­րի պա­տ­ե­րազ­մը, աւար­տե­ցի ըն­թաց­քս, պա­հե­ցի հա­ւա­տը: Եւ հի­մա ինձ է սպա­սում ար­դա­րու­թեան պսա­կը, որը, որ­պէս հա­տու­ցում, ինձ պի­տի տայ Տէ­րը՝ ար­դար Դա­տա­ւո­րը, այն օրը. եւ ոչ մի­այն՝ ինձ, այլ նա­եւ բո­լոր նրանց, որ սի­րե­ցին նրա յայ­տ­նուե­լը» (2 Տիմ. 4:6-8):

     

    Ե՛րթ խաղաղութեամբ առ Արարիչն քո եւ մինչ հանդիպում Երկնքում:

     

    Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի…

     

     

    Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

    Փանիկի Սուրբ Աստուածածին Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

    Հայաստանի Երիտասարդաց Խմբի Նախագահ

Օրացույց

Օրացույց