• Ինչպիսի՞ն է Սուրբ Աթոռի դիվանագիտությունը կովկասյան տարածաշրջանում

    Հռոմի Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը խորհրդաժողով է անցկացրել Թբիլիսիի համալսարանում` մասնակցությամբ հայ, վրաց և քաղդեացի կաթողիկէների


    2018թ. հոկտեմբերի 23-ին Հռոմի Սուրբ Աթոռի Քարտուղարության պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արքեպիսկոպոս Փոլ Գալահերը Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում ելույթ ունեցավ «Սուրբ Աթոռի դիվանագիտությունը և հանձնառությունը՝ հանուն խաղաղության և մարդ անհատի արժանապատվության պաշտպանության, հատկապես, կովկասյան տարածաշրջանում» թեմայով: Այս շատ կարևոր խորհրդաժողովին իրենց մասնակցությունը բերեցին նաև հայ կաթողիկէ հոգևորականներ՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը, Հ. Գառնիկ ծ. վրդ. Հովսեփյանը, Հ. Միքայել վրդ. Խաչկալյանը, Հ. Նարեկ վրդ. Մնոյանը և Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանը: Հանդիպմանը ներկա էին Վրաստանում պապական նվիրակ արքեպիսկոպոս Խոսե Բեթենկուրը և Վրաստանի լատին ծեսի կաթողիկէների առաջնորդ եպիսկոպոս Ջուզեպպե Բազոտտոն: Սուրբ Աթոռի բարձրաստիճան հոգևորականի հետ հանդիպման էին եկել Թբիլիսիի համալսարանի դասախոսական անձնակազմը, ուսանողները, քաղաքական, կրոնական գործիչներ՝ կաթողիկէ և վրաց ուղղափառ համայնքներից, Կարիտաս Վրաստանի ներկայացուցչներ, դիվանագետներ և այլ հետաքրքված մասնագետներ, գործիչներ:

    Իր խոսքի սկզբում արքեպիսկոպոս Փոլ Գալահերը ներկաներին փոխանցեց Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Քահանայապետի ողջույնը և հիշատակեց Քահանայապետի այցը Վրաստան՝ 2016թ. հոկտեմբերին: Համառոտ պատմական ակնարկ անելով Վրաստանի անկախության և պետական համալսարանի պատմությանը՝ արքեպիսկոպոսը հիշատակեց համալսարանի հիմնադիրներից քիմիկոս, պրոֆեսոր Պետրե Մելիքիշվիլիին, ով վրացի կաթողիկէ էր և ընտրվեց նույն համալսարանի առաջին ռեկտոր: Սա, ըստ բանախոսի, մի գեղեցիկ ապացույց է, թե որքան մեծ դեր են ունեցել վրաց կաթողիկէները Վրաստանի պատմության մեջ: Նա հիշեց նաև մի քանի ականավոր վրաց կաթողիկէ հոգևորականների՝ Հ. Միխեիլ Թամարաշվիլիին, ով նաև հրաշալի պատմաբան էր, Պետրե Խարիշարիշվիլիին և մյուսներին, կաթողիկէ դավանանքով վրացի կոմպոզիտորների, օրինակ՝ Զաքարիա Պալիաշվիլիին, ով հիմնել է Թբիլիսիի օպերան, և այլոց:

     

    Անցնելով բուն թեմային՝ դինավագետ հոգևորականը շեշտեց, որ Հռոմի Սուրբ Աթոռը մշտապես վարել է միմիայն խաղաղության դիվանագիտություն: «Պատճառը Սուրբ Աթոռի բնույթն է, որը արմատավորված է մարդկությանը ծառայելու սկզբունքի մեջ՝ ծառայելով յուրաքանչյուր մարդու և ամբողջական մարդ արարածին՝ առանց խտրականությունների, տարբերությունների, ինչպես նաև՝ պաշտպանելով մարդկային արժանապատվությունը և ամբողջական զարգացումը».-ասաց նա: Խաղաղությունը Կաթողիկէ Եկեղեցու ամբողջ գործունեության լեյտմոտիվն է, նաև՝ դիվանագիտության, որ ծառայում է մարդկության համընդհանուր բարիքին: Այսպիսին է Սուրբ Աթոռի դիվանագիտության ուղերձը՝ բյուրեղացած պատմական սխալներից և անկատարություններից, խոստովանեց բարձրաստիճան հոգևորականը: Ավելի կոնկրետացնելով՝ նա ընդգծեց. «Պապական դիվանագիտությունը հետաքրքրված չէ աշխարհիկ իշխանությամբ՝ ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ գաղափարախոսական: Այն նույնը չէ ինչ պետությունների դիվանագիտությունը, որոնք հետապնդում են սեփական շահերը՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, տարածքային…՝ փնտրելով ազդեցություն և ալյանսներ՝ առաջ մղելով սեփական մշակույթը, արվեստը և այլն: Ընդհակառակն, պապական դիվանագիտությունը, թեև ազգերի ընտանիքում ունի հաստատուն դիրք, որը նաև պատմականորեն երաշխավորված է Սուրբ Աթոռի՝ միջազգային իրավունքի սուբյեկտ լինելով, նախևառաջ Ընդհանրական Եկեղեցու դիվանագիտությունն է, որը ներառում է բոլոր ազգերին, որոնք բաց են ազատության, մարդու իրավունքների, համընդհանուր բարիքի արժեքների առջև»:

    Այս կարևոր խոսքերից հետո արքեպիսկոպոս Գալահերը մեկնաբանեց նաև Վատիկան պետության գործոնը.

    «Քանի որ Սուրբ Աթոռը կապված չէ այլ քաղաքական պետության հետ, այն կախված չէ որևէ ժամանակավոր իշխանությունից: Սուրբ Աթոռն ունի տարածքային հիմք՝ Վատիկան քաղաք-պետության մեջ՝ աշխարհի փոքրագույն պետության, որ ունի 44 հա տարածք, որը … գործառնական (functional) պետություն է, որ գոյություն ունի՝ որպես պատշաճ երաշխավորություն՝ Սուրբ Աթոռի ազատության և որպես միջոց՝ ապահովելու Սրբազան Քահանայապետի տեսանելի անկախությունը՝ աշխարհում իր առաքելությունն իրականացնելիս»:

     

    Ի՞նչ է Սուրբ Աթոռի դիվանագիտությունը

     

    Այդ դիրքից Սուրբ Աթոռը ավելի մեծ ազատությամբ է հանդես գալիս հաշտարարի դերում և, ինչքան էլ պարադոքսալ թվա, իր համար ոչինչ չի ակնկալում: Մարդկային հեռանկարում Սուրբ Աթոռի նպատակը թվում է գրեթե անհասանելի, բայց Ավետարանի հեռանկարում այն իմպերատիվ է, բացատրեց Գալահերը: Սուրբ Աթոռը ջանում է, որ հակամարտող երկրները վերադառնան երկխոսության սեղանի շուրջ և հաղթահարեն փոխադարձ ատելությունը: Սուրբ Աթոռը ջանք չի խնայում դիվանագիտությանը վերադարձնելու իր իրական իմաստը՝ լինել համերաշխությանը նպաստող գործիք, որը պետք է փոխարինի զենքին ու բռնությանը: Սուրբ Աթոռի դիվանագիտությունը ջանում է ընդհանուր երկխոսության հարթակ ստեղծել կողմերի միջև, որոնք իրենք իրենց ընկալում են որպես մրցակից հակոտնյաներ:

     

    Մարդու իրավունքների պաշտպանությունը

     

    Սուրբ Աթոռի դիվանագիտության առանցքը ոչ միայն խաղաղությունը և համերաշխությունն է, այլ նաև՝ մարդու արժանապատվության պաշտպանությունը, բացատրեց արքեպիսկոպոս Գալահերը՝ հիշեցնելով, որ այս տարի լրանում է նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70 ամյակը, ինչը ևս մեկ առիթ է Սուրբ Աթոռի համար՝ վերահաստատելու իր առաքելության սկզբունքներն այս ոլորտում: «Հիրավի, մարդ անհատի բնույթը հիմքն է ցանկացած իրավունքի…Եկեղեցին չի կարող չպաշտպանել մարդու արժանապատվությունը, քանի որ դա քրիստոնեական տեսլականի ավանդական և հիմնարար մասն է, ըստ որի Աստվա՛ծ է, որ մարդու շնորհել է արժանապատվություն»,-շեշտեց Գալահերը՝ բացատրելով Կաթողիկէ Եկեղեցու այս հիմնարար սկզբունքի էությունը: Այսու Սուրբ Աթոռը հանձնառու է պաշտապնելու ոչ միայն մարդու քաղաքական և քաղաքացիական, այլև տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները՝ համահունչ Մարդու իրավունքների հռչակագրին: Դա նշանակում է՝ մարդ անհատին պաշտպանել համընդհանուր կերպով, ինչը Եկեղեցին անվանում է «մարդու ամբողջական՝ integral, զարգացում», սա նշանակում է առաջնահերթություն տալ բոլոր այն մարդկանց, ովքեր թույլ և անպաշտպան են՝ աղքատներ, գործազուրկներ, փախստականներ, առանց կրթության մնացած երիտասարդներ, ծերեր, դեռ չծնված երեխաներ, հաշմանդամներ, այսինքն՝ այն, ինչ անում է Կաթողիկէ Եկեղեցին իր բարեսիրական կազմակերպությունների միջոցով: Այստեղ Գերապայծառ Գալահերը բերեց Կարիտաս Վրաստանի օրինակը:

     

    Խոսելով աշխարհի տարբեր վայրերում գոյություն ունեցող մարդու իրավունքների տարաբնույթ ոտնահարումների մասին՝ արքեպիսկոպոսը խոսեց նաև կովկասյան տարածաշրջանում առկա նման երևույթների մասին: Որպեսզի կարողանանք նպաստել այդ խնդիրների լուծմանը, հարկ է սկսել այն մեկնակետից, ըստ որի ուրիշի իրավունքների ոտնահարումը նշանակում է նաև ի՛մ իրավունքների ոտնահարում, շեշտեց Գերապայծառը:

     

    Պապական դիվանագիտությունը Կովկասում և Վրաստանում

     

    Արքեպիսկոպոսը նշեց, որ Սուրբ Աթոռը հատուկ ուշադրություն է դարձնում Արևելյան Եվրոպայի երկրներին, որոնք անցել են կոմունիստական կառավարման շրջանը: Այն տարիներին, երբ կոմունիստական վարչակարգի և Սուրբ Աթոռի միջև որևէ հարաբերություն չի եղել, Վրաստանում մինչև 1921թ. գործող բոլոր կաթողիկէ եկեղեցիներից բաց մնաց միայն մեկը՝ Թբիլիսիի Պետրոս և Պողոս եկեղեցին, որը հետագայում՝ սովետական ռեժիմի փլուզումից հետո, դարձավ կաթողիկէ համայնքի վերածննդյան հիմքը Վրաստանում: Խոսելով 90-ականներին Վրաստանում կաթողիկէ համայնքի զարթոնքի դժվարությունների մասին՝ Գալահերը նշեց, որ եպիսկոպոս Ջուզեպպե Բազոտտոն՝ լատին ծեսի վրաց կաթողիկէների առաջնորդը, Վրաստանի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը և քաղդեական կաթողիկէների առաջնորդ Հ. Բեննի Յադեգարը, վստահաբար, շատ հուշեր ունեն անցյալ տասնամյակների բարդությունների և նեղությունների մասին: Սուրբ Աթոռի և Վրաստանի կառավարության, ինչպես նաև Հայաստանի կառավարության միջև դիվանագիտական հարաբերությունները սկսվեցին 1992թ.-ից:

     

    Գերապայծառ Գալահերը նաև պատմական անդրադարձ կատարեց Վրաստանում կաթողիկէ համայնքների գոյության, միսիոներների առաքելության և Սուրբ Աթոռի հետ վրաց հոգևոր առաջնորդների հարաբերություններին՝ նշելով, որ դրանք այժմ ավելի առաջընթաց փուլում են գտնվում՝ Թբիլիսիում պապական նվիրակի առաքելության շնորհիվ, որը կառավարության մոտ ներկայացուցիչն է Սրբազան Քահանայապետի և Վրաստանի կաթողիկէ երեք՝ լատին, հայկական և քաղդեական ծեսի համայնքների:

     

    Արքեպիսկոպոս Գալահերն իր խոսքն ավարտեց Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի 2017թ. ամանորյա ուղերձի խոսքերով՝ խաղաղության վերաբերյալ.

     

    «Խաղաղությունը պարգև է, մարտահրավեր և հանձնառություն: Խաղաղությունը պարգև է, որովհետև այն բխում է Աստծո սրտից: Այն մարտահրավեր է, որովհետև մի բարիք է, որ երբեք ինքնըստինքյան չի տրվում, այլ պետք է հարատևորեն ձեռք բերվի: Խաղաղությունը հանձնառություն է, որովհետև պահանջում է ջանադրություն բարի կամքի տեր բոլոր մարդկանց կողմից՝ ձգտելու և կառուցելու խաղաղություն: Ճշմարիտ խաղաղության կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե մարդիկ ունենան տեսլականը ամբողջական զարգացման՝ հարգելով մարդու անձեռնմխելի արժանապտվությունը»:

     

    Արքեպիսկոպոս Փոլ Գալահերի զեկույցից հետո ուսանողները հարցեր տվեցին նրան, ծավալվեց հետաքրքիր քննարկում և զրույց:

     

    Խորհրդաժողովից հետո արքեպիսկոպոս Գալահերը Թբիլիսիի Վերափոխման կաթողիկէ եկեղեցում մատուցեց Սուրբ Պատարագ, որին մասնակցեցին հայ, լատին և քաղդեական ծեսի կաթողիկէ համայնքների հավատացյալները, ովքեր Սբ. Պատարագի ընթացքում իրենց լեզուներով աղոթքներ և ընթերցումներ կատարեցին: Սա կաթողիկէ ընտանիքի միասնականության մի գեղեցիկ դրսևորում էր:

     

    Պետք է ասել, որ արքեպիսկոպոս Գալահերի խորհրդաժողովի ելույթը շատ կարևոր ուղերձներ է պարունակում ոչ միայն վրաց, այլև հայ հասարակության և նաև հարևան Ադրբեջանի համար, որովհետև շոշափում է տարածաշրջանի քաղաքական, հասարակական և կրոնական միջավայրերին առընչվող խնդիրներ և առաջարկում դրանց լուծման բանալիները՝ խաղաղության կառուցման անհրաժեշտությունը, հասարակական համերաշխության զարգացումը, կրոնական հանդուրժողականությունը, միջդավանական երկխոսության առաջխաղացումը, միասնականությունը, որոնց կարելի է հասնել՝ միայն հետևելով Ավետարանի պատվիրաններին, սիրո և համընդհանուր բարիքի կառուցման սկզբունքներին: Գալահերը հստակ ներկայացրեց այս համատեքստում Կաթողիկէ Եկեղեցու աշխատանքների բնույթը և առաքելության դերը կովկասյան տարածաշրջանում՝ ցրելու համար տարատեսակ սխալ մեկնաբանությունները և ընկալումները, որ կան թե հասարակական լայն շրջանակներում և թե եկեղեցական համայնքներում:

     

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

Օրացույց

Օրացույց