Վերաօծվեց Մեծավանի վերանորոգված Սբ. Հովհաննես Մկրտիչ աղոթատունը
Նոյեմբերի 5-ին Հայաստանի, Վրաստանի, Ռուստաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի ձեռամբ վերաօծվեց Տաշիրի տարածաշրջանի Մեծավան գյուղի Սբ. Հովհաննես Մկրտիչ տաճարը կամ, ինչպես բնակիչներն են ասել, Մեծ կամ Վերին վանքը, որը կիսավեր վիճակում էր և տասնամյակեր շարունակ չէր գործում: Աստուծոյ կամոք, տաճարը 2014թ. վերանորոգվել ու դարձել է գործող աղոթատուն:
Պատմական տեղեկությունները Վերին վանք հիմնման ժամանակի վերաբերյալ տարբեր են՝ 5-րդ դար, 10-րդ դար: Երբ 1820-ականներին Խոջաքիլիսայում կամ նոր անունով՝ Մեծավանում, հաստատվել են Արևմտյան Հայաստանից գաղթած կաթողիկե հայ ընտանիքներ, գյուղն ու աղոթատունը ավերված են եղել: Եկեղեցու հավատքով վերապրած, ամուր բարեպաշտական ավանդություններով ներքնապես հարուստ կաթողիկե ներգաղթյալները կենդանացրել են գյուղը՝ անվանելով այն Շահնազար, վերանորոգել են տաճարը ու դարձրել իրենց հոգու ամրոցը, մի գեղեցիկ ուխտավայր: Շահնազարում ապրած ու ծառայած Սարգիս վրդ. Յազիճյանի փոխանցած տեղեկություններով, 1878թ.անձրևներից քայքայվել ու դարձյալ ավերվել է տաճարի տանիքն ու պատերից մեկը.վարդապետը կազմակերպել է աղոթատան երկրորդ վերանորոգումը և հիմնել նաև ծխական մի ուսումնարան: Ցարական կառավարությունը կարգադրել է փակել ուսումնարանը, բայց կարճ ժամանակ անց վերաբացել: Կոմունիստական իշխանության տարիներին գյուղացիներին արգելել են աղոթել տաճարում, բարձիթողի վիճակում հայտնված աղոթատունը դարձյալ խոնարհվել է, բայց գյուղացիները նորոգել են մասամբ ու շարունակել գաղտնի աղոթել: 1991թ.երբ Հայաստանում իրենց ծառայությունը վերսկսեցին հայ կաթողիկե հոգևորականները, Վերին Վանքում սկսեցին մատուցվել Սբ. Պատարագներ ու կատարաել ծիսական արարողություններ, որ կանոնավոր կերպով՝ հոգևորականների քիչ թվաքանակի և աղոթատան անմխիթար լինելու պատճառով:
2014թ. Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի օրհնությամբ և Տաշիրի և հարակից շրջանների հոգևոր հովիվ Հ. Ներսես վրդ. Գալստյանի նախաձեռնությամբ, ծնունդով նույն գյուղից գործարար Սպարտակ Ավոյանի ամբողջական ֆինանսական օժանդակությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության մասնագիտական աջակցությամբ, ձեռնարկվեց աղոթատան վերանորոգումը, որը տևեց 6 ամիս: Ամրացվել են աղոթատան պատերը՝ պահպանելով ճարտարապետական հին ձևը, կից կառուցվել է մոմավառության սրահ՝ գեղեցիկ ճարատարապետական լուծումներով և զանգակատուն: Տաճարն այժմ ունի նաև խաչ և առաջին անգամ՝ զանգակ, որն այսուհետ ամեն կիրակի կազդարարի Սուրբ Պատարագի սկիզբը և մեծավանցիներին կհրավիրի նորոգելու իրենց պապերից ժառանգած հավատքի ջերմեռանդությունը և իրենց նվիրումով, անդադար աղոթքներով վերականգնելու Վերին վանքի կամ Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հնամենի անունը, որը դեպի իրեն է ձգել նաև հարակից բնակավայրերի ուխտավորների և ոչ հայաստանաբնակ հայերի: Մեծավանը Լոռու մարզի ամենամեծ գյուղերից է՝ մոտ 10.000 հայ կաթողիկե բնակչությամբ:
Նոյեմբերի 5-ին աղոթատան պատերն ու խորան վերաօծելուց հետո Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանն այդտեղ վերանորոգվելուց հետո առաջին Սբ. Պատարագը մատուցեց.տասնամյակների լռությունից ու բազում խոչընդոտներից հետո հոգևոր կյանքը վերստին արթնացավ տաճարում, հավատացյալները դարձյալ լսեցին իրենց հովվի քարոզը: Տաճարում այդ օրը մեծ բազմություն չկար, քանի որ աղոթատան հանդիսավոր բացումը նախատեսվում է կատարել նոյեմբերի 9-ին՝ Սբ. Պատարագով և մեծ տոնակատարությամբ, ինչպես օրեր առաջ տեղի ունեցավ հարևան Նորաշեն համայնքում, որտեղ, ինչպես հայտնի է, նոր աղոթատուն կառուցվեց և դարձյալ՝ 2014թ.: