Աստվածամայրը նեցուկ է նաև նրանց, ովքեր հաստատապես գամված են անհասկացողության և տառապանքի իրենց խաչին
Բալթյան երկրներ կատարած քառօրյա հովվական այցի երրորդ օրը՝ սեպտեմբերի 24-ի երեկոյան, Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը Լատվիա իր մեկօրյա այցելությունը եզրափակեց՝ Ագլոնայի Աստվածամոր տաճարում Սբ. Պատարագ մատուցելով:
Սրբազան Քահանայապետն իր քարոզում լատվիացիների համար որպես ուղենիշ վերցրեց Մարիամի օրինակը՝ Հիսուսի Խաչի մոտ և Կանայի հարսանիքի ժամանակ, ցույց տալով, թե ինչպես պետք է հոգ տանել հալածվածների, շահագործվողների և հասարակությունից դուրս մղվածների մասին, և թե ինչպես ընդունել ուրիշներին՝ իրենց կարիքներով հանդերձ:
Հիշեցնելով Լատվիա այցելության թեման՝ «Նմանվե՛ք Աստվածամորը», Նորին Սրբությունն ասաց, որ Մարիամի իրական կեցվածքը երևում է իր Որդու Խաչի մոտ:
Սրբազան Քահանայապետն ասաց, որ Տիրամայրը նեցուկ է բոլոր նրանց, ովքեր տառապում են, ումից խուսափում է աշխարհը, այդ թվում՝ նրանց, ովքեր պատասխանատվության են ենթարկվել, դատապարտվել բոլորի կողմից և վտարվել: Նա դա ասաց, ոչ այն բանի համար, որ նրանք պարզապես հալածված կամ շահագործված են, այլ, որովհետև նրանք լիովին «դուրս են համակարգից»՝ գտնվելով հասարակության եզրագծում: Աստվածամայրը նեցուկ է նաև նրանց, ովքեր հաստատապես գամված են անհասկացողության և տառապանքի իրենց խաչին:
Նեցուկ լինել
Նորին Սրբությունը նշեց, որ Տիրամոր համար մոտ գտնվել՝ չի նշանակում պարզապես անցնել կողքով՝ կարճատև այցելություն կատարելով կամ «համերաշխության մի պտույտ» իրականացնելով, այլ՝ հաստատապես նեցուկ լինել նրանց, ովքեր դժվարին իրավիճակներում են:
Ընդգծելով այն փաստը, որ Տիրամայրն իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի բաց վերքերն է տեսնում տառապյալների մեջ՝ Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը հորդորեց լատվիացիներին դուրս գալ, հանդիպել, մխիթարել ու ուղեկցել մարդկանց: Նա կոչ արեց նրանց մասնակցել և թույլ տալ, որ իրենց կյանքը բարդանա՝ ի սեր ուրիշների, միշտ պատրաստ լինել ձեռք մեկնել ընկածին, բարձրացնել խոնարհին և աջակցել, որպեսզի ավարտվեն այն բոլոր հալածանքները, որոնք ստիպում են մարդկանց՝ գամված զգալ սեփական խաչին:
Ընդունել միմյանց
Երբ Հիսուս Իր մորը խնդրում էր ընդունել Իր աշակերտին՝ ինչպես իր Որդուն, ապա, դրանով Նա խնդրում է մեզ լիովին ընդունել միմյանց: Նորին Սրբությունն ասաց, որ մենք կարող ենք լինել բազմաթիվ մարդկանց կողքին, նույնիսկ նրանց հետ ապրել միևնույն տանիքի տակ, հարևանությամբ կամ նրանց հետ կիսել միևնույն աշխատավայրը… սակայն, իրականում, նրանց սիրով «չընդունել»:
Ամուսնացած զույգերը կարող են կողք-կողքի ապրել, բայց ոչ՝ միասին, բազմաթիվ երիտասարդներ վշտացած են այն հեռավորությամբ, որն իրենց բաժանում է մեծերից, և բազմաթիվ տարեց մարդիկ զգում են, որ իրենց հանդուրժում են, այլ ոչ թե սիրով հոգ տանում և ընդունում:
Սրբազան Քահանայապետը նշեց, որ ուրիշների առջև բաց լինելով՝ կարող ենք սաստիկ տուժել և անցյալի ընդհարումները կարող են ցավալիորեն առաջին պլան մղվել, սակայն՝ առանց տեղի տալու հիասթափությանը կամ անզորությանը: Աստվածամայրը ցույց է տալիս, որ բաց է ներման առջև՝ մի կողմ թողնելով զայրույթն ու կասկածը: Հարաբերությունները, որոնք բժշկում և ազատում են մեզ, մեզ դարձնում են բաց՝ ուրիշների հետ հանդիպման և եղբայրության համար:
«Երբ կասկածամիտ ենք դառնում այլոց հանդեպ, ապա, դա ստիպում է մտածել, թե ավելի նպաստավոր դիրք կունենանք, ավելի հաջողակ և ավելի ապահով կլինենք միայն սեփական ուժերով: Տիրամայրը և այս երկրների առաքյալները կոչ են անում «ընդունել» մեր եղբայրներին ու քույրերին, հոգ տանել նրանց մասին՝ տիեզերական եղբայրության ոգով», – ասաց Նորին Սրբությունը:
Քայլել մյուսների հետ համընթաց
«Կանայի հարսանիքի ժամանակ, – ասաց Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը, – Մարիամը հանդես է գալիս նաև որպես հնազանդ աշակերտ՝ պատրաստ ընդունելու և համընթաց քայլելու մեկի հետ, ով իրենից երիտասարդ է»:
Նորին Սրբությունն ասաց, որ հեշտ չէ ներդաշնակություն գտնել՝ պայմանավորված տարիքով, կենսափորձով և հանգամանքներով: Սակայն, երբ հավատքի մեջ ենք, ապա՝ ենթարկվում ենք ընդունելու և ընդունված լինելու հրամանին, հնարավոր է դառնում բազմազանության մեջ միասնություն ստեղծել, քանի որ տարբերությունները ո՛չ սահմանափակում են մեզ, ո՛չ էլ բաժանում, այլ թույլ են տալիս ավելի խորը նայել և ուրիշներին տեսնել իրենց բացարձակ արժանապատվությամբ՝ որպես միևնույն Հոր որդիներ և դուստրեր:
«Տիրամայրը մեզ խիզախություն և հնազանդություն է շնորհում, որպեսզի օգնի հարմարվել կյանքի մատուցած անակնկալներին, – ասաց Սրբազան Քահանայապետը: Նա մեզ հորդորում է պարտավորվել ողջունելու միմյանց՝ առանց խտրականության: Այսպիսով, բոլորը Լատվիայում կարող են իմանալ, որ մենք պատրաստ ենք նախապատվություն տալ աղքատին, վեր բարձրացնել նրանց, ովքեր ընկել են, և ուրիշներին ընդունել հենց այնպես, ինչպես գալիս են և հենց այնպիսին, ինչպիսին նրանք կան»:
Vatican News-ից թարգմանեց Հրանուշ Սարգսյանը