Չարին հաղթելու համար հարկավոր է լինել աղոթքի մարդ
Սուրբ Մարթայի տաճարում սեպտեմբեր 11-ի Սբ. Պատարագի ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը կոչ արեց եպիսկոպոսներին աղոթքի, խոնարհության և Աստծո ժողովրդին մոտ լինելու միջոցով հաղթել «Մեծ Ամբաստանողին»՝ սատանային, ով փորձում է հակառակություններ առաջացնել:
Նա ասաց, որ թվում է, թե «Մեծ Ամբաստանողը» հարձակվում է Կաթողիկէ Եկեղեցու եպիսկոպոսների վրա՝ նրանց գժտեցնելու նպատակով:
Նորին Սրբությունը հորդորեց եպիսկոպոսներին այս անհանգիստ ժամանակներում հիշել երեք բան. նրանց ուժը աղոթքի մարդ լինելու մեջ է, նրանք պետք է խոնարհաբար հիշեն, որ ընտրված են Աստծո կողմից, և նրանք պետք է մոտ կանգնած լինեն մարդկանց:
Նա անդրադարձավ օրվա ավետարանական ընթերցմանը (Ղկ. 6:12-19), որում ասվում է, որ Հիսուս ամբողջ գիշերն անցկացրեց աղոթելով՝ նախքան տասներկու առաքյալներին ընտրելը, որոնց Սրբազան Քահանայապետը անվանեց «առաջին եպիսկոպոսներ»:
Աղոթքի մարդիկ
Նորին Սրբությունն ասաց, որ եպիսկոպոսները նախ և առաջ պետք է աղոթքի մարդիկ լինեն: «Աղոթքը, – ասաց նա, – եպիսկոպոսի մխիթարությունն է դժվար ժամանակներում, քանզի նա գիտի, որ Հիսուս աղոթում է ինձ և բոլոր եպիսկոպոսների համար»:
Ֆրանցիսկոս Պապն ասաց, որ սա մխիթարություն և ուժ կտա եպիսկոպոսներին, ովքեր կոչված են աղոթելու իրենց և Աստծո ժողովրդի համար: «Սա, – ասաց Սրբազան Հայրը, – եպիսկոպոսի առաջին պարտականությունն է»:
Աստծո կողմից ընտրված լինելու խոնարհությունը
Հաջորդիվ, Սրբազան Քահանայապետը կոչ արեց եպիսկոպոսներին լինել համեստ, քանի որ ընտրված են Աստծո կողմից:
«Եպիսկոպոսը, ով սիրում է Հիսուսին, չի փորձում բարձրանալ սանդուղքով՝ առաջ տանելով իր կոչումը, ասես դա պարզապես աշխատանք լինի կամ փնտրելով ավելի լավ աշխատանք կամ առաջխաղացում ծառայության մեջ: Ո՛չ: Եպիսկոպոսն իրեն ընտրված է զգում և վստահ է, որ ընտրված է: Սա նրա համար խթան է հանդիսանում Տիրոջ հետ խոսելու. «Դու ընտրեցիր ինձ՝ անկարևորիս, մեղավորիս»: Նա համեստ է, քանի որ իրեն ընտրյալ է զգում և զգում է Հիսուսի սևեռուն հայացքն իր ողջ էության վրա: Սա ուժ է տալիս եպիսկոպոսին»:
Մոտ կանգնել ժողովրդին
Վերջում, Նորին Սրբությունն ասաց, որ եպիսկոպոսները կոչված են մոտ լինելու Աստծո ժողովրդին և ոչ թե փակված լինելու փղոսկրե աշտարակում:
«Եպիսկոպոսը չի կարող հեռու մնալ ժողովրդից: Նա չի կարող այնպիսի պահվածք ունենալ, որն իրեն կհեռացնի ժողովրդից… Նա չպետք է փորձի ապաստան գտնել հզորների կամ էլիտայի մոտ: Ո՛չ: «Էլիտան» քննադատում է եպիսկոպոսներին, քանի դեռ ժողովուրդը սիրով է տրամադրված եպիսկոպոսի նկատմամբ: Սա հատուկ մի օծում է, որն հաստատում է եպիսկոպոսին իր կոչման մեջ»:
«Մեծ Ամբաստանողը» փորձում է սկանդալ առաջացնել
Ի վերջո, Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսն ասաց, որ եպիսկոպոսներն այս երեք դիրքորոշումների կարիքն ունեն՝ դիմակայելու «Մեծ Ամբաստանողի» կողմից պատրաստված գայթակղությանը:
«Մեր ժամանակներում, թվում է, թե «Մեծ Ամբաստանողը»՝ սատանան, ազատվել է շղթաներից և հարձակվում է եպիսկոպոսների վրա: Ճիշտ է, մենք՝ եպիսկոպոսներս, բոլորս մեղավորներ ենք: Նա փորձում է բացահայտել մեղքերը, այնպես, որ դրանք տեսանելի լինեն, որպեսզի խայտառակի մարդկանց: Ինչպես որ ինքը՝ «Մեծ Ամբաստանողը» Հոբի Գրքի առաջին գլխում ասում է Աստծուն. «թափառում է երկրի վրա՝ փնտրելով մեկին, որպեսզի մեղադրի»: Եպիսկոպոսի ուժն ընդդեմ «Մեծ Ամբաստանողի» աղոթքն է՝ Հիսուսի և իր աղոթքը, և ընտրված լինելու խոնարհությունն ու Աստծո ժողովրդին մոտ կանգնած լինելը, առանց փնտրելու ազնվական կյանք, որը ջնջում է եպիսկոպոսական օծումը: Թույլ տվեք այսօր աղոթել մեր եպիսկոպոսների համար. ինձ համար, նրանց համար, ովքեր այստեղ են և ամբողջ աշխարհի բոլոր եպիսկոպոսների համար»:
11 սեպտեմբեր, 2018թ.
Vatican News կայքից թարգմանեց Հրանուշ Սարգսյանը