Կարդինալ Ջանֆրանկո Ռավասին Հայաստան էր այցելել
Ինչպես հայտնում է Հայ Առաքելական Եկեղեցու տեղեկատվական համակարգը, հոկտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էր այցելել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վատիկանի մշակույթի գծով քահանայապետական խորհրդի նախագահ Կարդինալ Ջանֆրանկո Ռավասին: Կարդինալին ուղեկցում էր նաև Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը: Ռավասիի գլխավորած պատվիրակությանը ողջունեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Գերշն. Տ. Հովակիմ Եպս. Մանուկյանը: Հյուրերին փոխանցելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ողջույններն ու բարեմաղթանքները` Եպիսկոպոս Մանուկյանը զրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների ջերմ հարաբերություններին և գործակցությանը, իսկ կարդինալ Ռավասին փոխանցել է Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի եղբայրական ողջույններն` ուղղված Գարեգին Բ-ին: Կարդինալ Ռավասին և հայ եպիսկոպոսները Մայր Տաճարում Իջման Սուրբ Սեղանի առաջ աղոթել են երկու Քույր Եկեղեցիների պայծառության համար:
Շողակաթ ՀՌԸ պատրաստած տեսանյութը կարդինալի այցի մասին.