• Տոն Սուրբ Տիրամոր ծնողների՝ Աննայի և Հովակիմի

    -Աննա՛, Աննա՛, Աստված լսեց քո աղոթքը…


    23 օգոստոսի, 2016թ.

    2016թ. օգոստոսի 23-ին Հայ Կաթողիկե Եկեղեցին տոնեց Սրբուհի Մարիամի ծնողների` Հովակիմի և Աննայի տոնը, որը հաջորդեց Աստվածածնի Վերափոխման իննօրյա տոնին:

     

    Հովակիմը և Աննան Աստծո կողմից գերագույն պատվով փառավորվեցին` բոլոր նախահայրերից և նախամայրերից ավելի, քանի որ ընտրվեցին լինելու Աստվածորդու ծնողները, և իրական նախահայրը և նախամայրը տիեզերքի Փրկչի:

     

    Հովակիմի և Աննայի գովեստի կամ վարքի պատմության համար բավական է ասել, որ նրանք Ս. Աստվածածնի ծնողներն էին, ինչպես որ նրանց մաքրամաքուր զավակի` սուրբ Կույսի կատարելությունն էլ կայանում է նրանում, որ Աստծո մայրը եղավ: Քանզի, ինչպես որ Մարիամը եղավ կենաց ծառը, նույնպես էլ Հովակիմն ու Աննան` կյանքի ծառի արմատները: Մարիամը եղավ օրհնության տունկը, իսկ նրա ծնողները` օրհնության արմատը: Եվ եթե ծառը ճանաչվում է պտղից, ապա Քրիստոս` Մարիամից, Մարիամը` Հովակիմից, և ուրեմն Աննային պետք է ճանաչել աներկբայորեն:

     

    Ս. Հովակիմը՝ Ս. Աստվածածնի հայրը, և հարազատ պապը Հիսուս Քրիստոսի, չնայած իր երկրի հարուստներից կամ ականավորներից չէր, սակայն ծագումով Իսրայելի տան արքայական տոհմից էր, Հուդայի ցեղից և Դավթի ազգից:

     

    Ըստ հունական և հայկական Հայսմավուրքների, Ս. Աննան Ղևտացի քահանայի դուստր էր, ով ապրում էր Բեթղեհեմ քաղաքում:

     

    Թե՛ հին և թե՛ նոր վարդապետներն ու մեկնաբանները տարբեր կարծիքներ ու տեսակետներ ունեն Հովակիմի ու Աննայի ծագման մասին: Սակայն բոլորի կարծիքը այն է, որ նրանք թագավորական սերունդ էին և միանգամայն ազգականություն ունեին քահանայական տոհմի հետ:

     

    Արդ, երբ հայրերի ուխտի ժամանակը իր լրումին հասավ Հովակիմի և Աննայի մեջ, որոնց մեջ միացած էին թագավորական և քահանայական գավազանները, և սպասվում էր նոր աշխարհի հիմնարկություն` ծնունդով Փրկչի ծնողի, Աստված ուզեց, որ Հովակիմը և Աննան նախ անզավակ մնան, որպեսզի ծերության և ամլության մեջ մի զավակ ունենա հրաշքով` սահմանված Տիրոջ Միածնին ծնելու:

     

    Հովակիմը տխրում էր Աննայի ամլության համար, իսկ Աննան` առավել ևս: Սակայն նրանց տրտմությունը ավելի խորացավ, երբ, փոխանակ բարեկամներից ու քահանաներից մխիթարություն գտնելու, նախատինքներ ստացան: Հովակիմը`չտեսակցելով իր կնոջը, թախծագին սրտով հեռանում է Երուսաղեմից և ինքն իրեն ասում.

     

    -Պիտի չիջնեմ տունս, ոչ պիտի ուտեմ և ոչ պիտի խմեմ, մինչև որ իմ Տեր Աստվածս ինձ չայցելի: Իմ աղոթքներս ինձ կերակուր պիտի լինեն և արցունքներս՝ ըմպելիք:

     

    Աննան` նրա բարեպաշտ կողակիցը, իմանալով ամուսնու հապաղումի պատճառը, դարձյալ ողբում է և ասում.

     

    -Պիտի լամ իմ այրիությունս, պիտի լամ իմ անզավակությունս: Մեր հայրերի Աստվա՛ծ, հիշիր իմ տառապանքները և օրհնի՛ր ինձ, ինչպես օրհնեցիր մեր արդար հորը`  Աբրահամին, Սառայի միջոցով, և նրան տվեցիր մի զավակ` Իսահակին:

     

    Եվ այդ պահին Աստծո հրեշտակը երևում է Աննային և ասում.

     

    -Աննա՛, Աննա՛, Աստված լսեց քո աղոթքը: Եվ ահա պիտի հղիանաս և մի մանուկ պիտի ծնես, և նրա անունը պիտի տարածվի համայն երկրի վրա:

     

    Աստծո հրեշտակը նրա ամուսնուն էլ երևաց ու ասաց.

     

    -Հովակի՛մ, Աստված լսեց աղոթքդ: Գնա՛ տունդ, և քո կին Աննան պիտի հղիանա, և ձեզ ու ամբողջ երկրին ցնծություն պիտի լինի:

     

    Երբ լրացան օրերը, շնորհանուն Աննան ծնեց իր մանուկին` շնորհալի դստերը, և անվանեց Մարիամ կամ Մէյրեմ, որը տարբեր լեզուներով տարբեր կերպ է ստուգաբավում՝ բարձրություն, տիրուհի, լուսապայծառ, ծովի աստղ և այլն:

     

    Պատմությունն ասում է, որ վեց ամսական մանուկ Մարիամը ոտքի կանգնեց, յոթ քայլ արեց և ապա մոր գիրկը վերադարձավ: Աննայի սիրտը մեծ ուրախությամբ լցվեց և նա իր սենյակում սրբություն դրեց, որ իր զավակը լինի Աստծո սրբյալը, որպեսզի ոչ մի պիղծ բան չմտնի Աննայի սենյակը: Նա չգիտեր, որ ինքը սրբերի սրբերին բնակեցրել է Մարիամի սրտում…

     

    Ըստ ավանդության, երբ մանուկը մեկ տարեկան դարձավ, Հովակիմը մեծ ընդունելություն կազմակերպեց իր տանը: Հրավիրեց քահանաներ, դպիրներ, ծերեր և շատ ժողովորդ, և, ամենից առաջ, մանկանը ցույց տվեց արեց քահանայապետին: Նա օրհնեց մանկանը և ասաց.

     

    -Տեր Աստվա՛ծ, օրհնի՛ր այս մանկանը և շնորհ տուր նրան, որ հավիտյան անվանի լինի ամբողջ ազգի մեջ:

     

    Երբ մանուկը երեք տարեկան դարձավ, Հովակիմը և Աննան Մարիամին Տիրոջ տաճար բերեցին և Աստծուն ընծայեցին` ըստ իրենց ուխտի: Քանի, որ կույսի տարիքը բավարար չէր՝ ուրիշների հետ բնակվելու համար, քահանայապետը ծնողներին ասաց, որ տուն տանեն և անբծությամբ պահեն, և երբ, որ յոթ տարեկանը լրանա, բերեն՝ կույսերի հետ բնակվելու:

     

    Այնուհետև Մարիամը` որպես հողեղեն սերովբէ, յոթը տարի ևս ապրեց կույսերի հետ, և ապա, ըստ Աստծո տնօրինության, նշանվեց Հովսեփ արդարի հետ և անարատ կուսությամբ ծնեց աշխարհի Փրկչին, Հիսուսին` Աստծո որդուն:

     

    Իսկ Աստվածածնի ծնողները` Հովակիմը և Աննան, խոր ծերության մեջ առ Աստված կանչվեցին:

     

    Կարծիք կա, որ Հովակիմը Աննայից առաջ է մահացել, և արժանի է եղել տեսնելու իր թոռանը` Հիսուս Քրիստոս Աստվածորդուն, մարմնապես: Աննան մահացել է Փրկչի մանկության օրերին և թաղվել իր ամուսնու գերեզմանում` Գեթսեմանի ձորում:

     

    Նրանց շիրիմի տեղը մինչև այսօր էլ կարելի է տեսնել այն աստիճանների վրա, որտեղից իջնում են Ս. Աստվածածնի գերեզմանը:

     

    Հին ժամանակներից ի վեր երկուսի նշխարներն էլ վերցվել են գերեզմանից և սփռվել շատ տեղեր:

     

    Նաև ասենք, որ այս սրբերի նշխարները  բազմաթիվ հրաշքներ են գործում, երբ, որ հավատքով են կանչում նրանց անունները: Եվ ի՞նչն է զարմալի, քանզի, եթե Քրիստոս չի զլանում իր հարազատ ծնողների խնդրանքները կատարելու, ապա Աստվածածին Մարիամը նույնպես կատարում է իր հոր և մոր խնդրանքները: Հատկապես, որ Տերը ինքն է ընդառաջում իր պապի ու տատի` Հովակիմի և Աննայի, բարեխոսությունը:

Օրացույց

Օրացույց