• Պապի հզորագույն ելույթներից մեկի հիմնական ուղերձը.ինչպե՞ս կառուցել ԽԱՂԱՂՈԻԹՅՈՒՆ (վերլուծական)

    «Արմատախիլ արա՛ աշխարհիկ ախտավոր ընթացքը»:


    28 հունիսի, 2016թ.

     Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի՝ 2016թ. հունիսի 26-ին Երևանի Հանրապետության հրապարակի ելույթը հույժ առանցքային շեշտադրություններով ուղերձ էր՝ համամարդկային նշանակությամբ:

     

    Ելույթի շեշտը խաղաղությունն է և դրան հասնելու քրիստոնեական արմատական դիրքորոշումը, առանց որի որդեգրման, անհնար է լուծում գտնել ոչ միայն հայ-թուրքական-ադրբեջանական հակամարտության, այլև հայ հասարակության հիմնարար սոցիալական, տնտեսական, միջեկեղեցական խնդիրների համար:

     

    Քահանայապետը հիշելով Մեծ Եղեռնի տառապանքների մասին և դրանք համեմատելով Տեր Հիսուս Քրիստոսի վերքերի հետ՝ ասաց, թե դրանք «խաչի փրկագործ զորությունից փոխակերպված, որի մունետիկն ու վկաներն են հայերը, կարող է խաղաղության սերմ դառնալ ապագայի համար»: Հիշողությունը, սիրով ներթափանցված, կարող է մարդկանց տանել նոր, զարմանալի ճանապարհներով, որտեղ «ատելության դավերը փոխակերպվում են հաշտության ծրագրերի, ուր կարելի է հուսալ լավագույն ապագա բոլորի համար»:

     

    Ինչպե՞ս.

    Քահանայապետը կարևորում է, որ բոլորը միասնականորեն աջակցեն խաղաղության կառուցմանը՝ թույլ չտալով, որ վրեժը գերիշխի մարդկային հարաբերություններում, որպեսզի ստեղծվեն խաղաղության պայմաններ՝ բոլորի համար արժանավայել աշխատանք, խնամք՝ կարիքավորներ հանդեպ «անխոնջ պայքար կաշառակերության դեմ, որը պետք է արմատախիլ անել»: Սրանք ճիշտ տեղին և ճիշտ ժամանակին արված շեշտադրումներ են, որոնք խաղաղության կերտման հիմնաքարեր են. սոցիալական արդարությունը հիմք է՝ սոցիալական, բարոյական, հոգևոր, արտաքին խաղաղության հաստատման համար:

     

    Պատահական չէ, որ Քահանայապետն իր խոսքը հատկապես երիտասարդներին է ուղղում, «ապագան ձեզ է պատկանում», ասում է նա: Պապը կոչ է անում լինել արմատական խաղարարներ՝ ընդունակ լողալու հոսանքին հակառակ, ինչի մասին միշտ խոսում է իր քարոզներում: Խաղաղության մասին մտահոգ երիտասարդը պետք է լինի «ոչ թե ստատուս-քվոյի նոտար, այլ՝ հանդիպման և հաշտության մշակույթի դրական գործիչ».այսինքն՝ նա, ով խաղաղություն է ուզում, չպետք է բավարարվի միայն ներկա հարաբերական խաղաղությունը արձանագրելով՝ որպես առավելագույն հնարավոր և հասանելի իրականություն, այլ պետք է ձգտի արմատապես նոր որակի խաղաղության, որը ենթադրում է նոր որակի հարաբերության մեջ մտնել թշնամի կամ «այլ» համարվող անձի կամ անձանց կամ սոցիալական խմբի հետ՝ պատրաստ միշտ ներելու և նոր հարաբերություն սկսելու, անկախ նրանից թե ով կլինի առաջինը ձեռք մեկնողը: Իր քարոզներում նա միշտ շեշտում է առաջինը ձեռք մեկնելու քաջության մասին՝ որպես Քրիստոսի սիրո և անսահման ողորմության կրողներ:

     

    Քահանայապետը հիշեցնում է Սբ. Գրիգոր Նարեկացու՝ իր բնորոշումով «հայ ժողովրդի հոգևոր սահմանադրությունը»՝ Մատյանը, ուր սուրբը գրում է. «Հիշի՛ր, [Տեր,…] նրանց, ովքեր մարդկային ցեղում մեր թշնամիներն են, սակայն ՝  նրանց բարիքի համար. նրանց մեջ իրագործիր ներում և ողորմություն […] Մի՛ վերացնիր նրանց, ովքեր ինձ կծոտում են. կերպարանափոխի՛ր: Արմատախիլ արա աշխարհիկ ախտավոր ընթացքը և տնկիր բարին իմ և նրանց մեջ» («Մատյան ողբերգության», 83, 1-2):

     

    Այս տողերը մեջբերելով՝ Քահանայապետը ուզում է ասել, որ մենք ունենք Քրիստոսի արմատական խաղաղությունը կառուցելու բանալին նաև մեր հոգևոր գանձարանում, որը, սակայն, մի կողմ ենք նետել, դարձրել ենք միայն ֆիզիկական ցավերի բժշկության աղբյուր, կամ մակերեսային հավատքի օբյեկտ: Հարկ է ապրե՛լ այդ սահմանադրությամբ, որպեսզի հնարավոր լինի կառուցել խաղաղություն և ճշմարիտ Եկեղեցին՝ միասնական ու մեկ, ինչպես Քրիստոս Ի՛նքն է պատվիրում:

     

    Միասին՝ դեպի մեկ Եկեղեցի

     

    Պատահական չէ, որ իր ելույթի սկզբում Քահանայապետը խոսում է Եկեղեցու միասնության կամ համամիութենականության զարգացման անհրաժեշտության մասին՝ որպես խաղաղության ամենակայուն գրավականը: Միասնական Եկեղեցին է միայն համընդհանուր խաղաղության հիմքը, Քրիստոսի միացյալ խորհրդավոր Մարմինն է հիմքը, այսինքն՝ Քրիստոս Ի՛նքն է հիմքը մեր խաղաղության, եթե ամենքս միասին հաղորդվում ենք իր Մարմնին ու Արյանը՝ առանց բաժանումների, ոչ առանձին-առանձին, այլ՝ նույն Պատարագին, նույն Խորանին, միասնաբար:

     

    Քահանայապետը, խոսելով այս ուղղությամբ անցած ճանապարհի մասին, ասաց.

    «Մեծ ուրախությամբ կիսում ենք միասին կտրած արդեն շատ հառաջացած ճանապարհի բազում քայլերը և, իրոք, լիահույս նայում ենք այն օրերին, երբ Աստծո օգնությամբ միացած կլինենք Քրիստոսի զոհասեղանի շուրջ՝ հաղորդության ամբողջական միությամբ»:

     

    Հիշելով Միասնական կամ Ընդհանրական Եկեղեցու մեծ ջատագովներից Սբ. Ներսես Շնորհալուն՝ Քահանայապետն ասաց, թե Սուրբ Ներսեսը, արտակարգ սեր տածելով իր ժողովորդի և ավանդության հանդեպ, միաժամանակ անխոնջ եկեղեցական միության փնտրտուքի մեջ էր:

     

    Իսկ ի՞նչ է եկեղեցական միությունը: «Միությունը ռազմավարական առավելություն չէ՝ փոխադարձ շահերի փնտրտուքով, այլ այն, ինչ Հիսուսը խնդրում է մեզնից, և որ մեզ է մնում իրագործել բարի կամքով և բոլոր ուժերով՝ իրականացնելու համար մեր առաքելությունը. աշխարհին հետևողականորեն պարգևելու Ավետարանը».վստահ է Ֆրանցիսկոս Պապը: Այսինքն, Եկեղեցում չպետք է տեղ ունենա աշխարհիկ մտածողությունը՝ secularism-ը, եսակենտրոնությունը, զատվելու, ինքնագլուխ լինելու, «իրենը փնտրելու» (Ա Կորնթ.13) տենդենցը, այլ՝ միայն Քրիստոսի պատվիրանը և Անձը:

     

    Ի՞նչ է անհրաժեշտ միության համար: «…միայն սերն է ի վիճակի դարմանելու հիշողությունը և բուժելու անցյալի վերքերը. միայն սերն է ջնջում նախապաշարումները և թույլ տալիս ընդունել, որ եղբոր հանդեպ բաց լինելը մաքրում և բարվոքում է սեփական համոզումները».ասաց Նորին Սրբությունը:

     

    Բայց արդյո՞ք ունակ ենք նման սիրո, որը տանում է ինքնամաքրագործման: Արդյո՞ք կարող ենք հաղթահարել նախապաշարումները, «իմը», «ազգայինը» ամենակարևորից վեր դասելու կիրքը կամ գաղափարախոսությունը: Քահանայապետը խորհուրդ է տալիս հետևել Քրիստոսի՝ միակ Ուսուցչի օրինակին.

     

    «Նա, որ հարուստ էր» (Բ Կոր. 8-9), «խոնարհեցրեց ինքն իրեն» (Փիլ. 2, 8): Իր օրինակով՝ կանչված ենք քաջությունն ունենալու ձերբազատվելու քարացած համոզումներից և սեփական շահերից՝ հանուն սիրո, որ խոնարհվում է և նվիրվում, հանուն խոնարհ սիրո»:

     

    Սուրբ Հոգու շնորհներով առատորեն լցվելու համար մեզ անհրաժեշտ են «ոչ թե հաշիվները և օգուտը, այլ՝ խոնարհ և անձնուրաց սերը Հոր բարեգթությունն է շարժում»:

     

    Շատ ուրախալի է և հուսադրող, որ 2016թ. հունիսի 26-ին Սբ. Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետի և Գարեգին Բ Կաթողիկոսի համատեղ հռչակագրի հիմնական ուղերձը դարձավ հետևյալ ուղենշային արտահայտությունը, որը Քահանայապետը միշտ ասում է՝ խոսելով էկումենիկ հարաբերությունների մասին.

     

    «Այն ինչ մեզ միավորում է, ավելին է, քան այն, ինչ մեզ բաժանում է, որի վրա էլ պետք է կառուցել Քրիստոսի Եկեղեցու միությունը, ըստ Տիրոջ խոսքի, որ բոլորը մեկ լինեն (Հովհ. ԺԷ 21)»:

     

     

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

Օրացույց

Օրացույց