• Նիկողայոս Կեղեստինի բուժումը. Հիսուսի Սուրբ Սրտի հրաշքի պատմություն

    Աստծուն հաճելի ջեմեռանդության գեղեցիկ մի օրինակ


    9 հունիսի, 2016թ.

     

     

    Նիկողայոս Կեղեստինը մի իրավագետի որդի էր:  Հայրը, շատ լավ դաստիարակություն էր տալիս իր որդուն: Իր հերթին էլ որդին վարքի անմեղությամբ, բարքի մաքրությամբ և, ի մասնավորի, Ս. Կույսի և Ս. Ալոզիոսի հանդեպ ունեցած  խորին ջերմեռանդությամբ միշտ հավատավոր էր մնում: Երբ ընդունվեց Հռոմեական վարժարանի Մարեմյան  Ընկերակցութուն`  դարձավ   բոլորից եռանդուն անդամը:

     

    Տասնութ տարեկան էր Նիկողայոս Կեղեստինը, երբ մտավ Հիսուսյան միաբանություն: Այստեղ ոչ ոք չզարմացավ նրա սրտաբուխ ջերմեռանդության վրա: Մի քանի ամիս իր կոչումի համաձայն, նորընծայական հրահանգներն ու առաքինությունները յուրացնելուց հետո, 1765թ-ի հունվարի 10-ին Նիկողայոս Կեղեստինը հիվանդացավ, ինչն էլ նրան  գերեզմանին  մոտեցրեց: Ցավերով լի` առեղծվածային հիվանդություն էր, որը ոչ մի բժիշկ ի զորու չէր լինում բուժել: Սաստիկ ջղակծկումները այնպես էին ազդում կոկորդի վրա,  որ նա նույնիսկ չէր կարողանում մի կաթիլ ջուր խմել: Բժիշկները  նրա մահը անխուսափելի էին համարում:

     

    Խեղճ Նիկողայոս Կեղեստինը զարմանալի համբերատարությամբ  և կատարյալ համակամությամբ պատրաստ էր ապրելու կամ մեռնելու: Սակայն միայն մի փափագ ուներ. ուզում էր Սուրբ Հաղորդությունը  ստանալ՝ ի պատրաստություն առաջիկա հավիտենական ճամփորդության: Բայց ինչպե՞ս կարող էր ընդունել, երբ ոչ մեկը չէր կարող նրան կերակրել:  Բայց նրա ցանկությունը անսասան էր: Նրա համար մեծ սնունդ էր` երբ  իր կողքը հավաքվում էին եղբայրակիցները և խոսում Հիսուսի Սրտի մասին: Մեծ հրճվանք էր ապրում, երբ դիտում էր Սիրտ Հիսուսի այն պատկերը, որը շատ հաճախ իր աչքի առջև էին բերում: Չնայած, որ ջղաձգության պատճառով աչքերն այլևս չէին զանազանում առարկաները, բայց որոշակիորեն տեսնում էր Սիրտ Հիուսի թանկագին պատկերը: Այս շնորհքն իր մեջ արթնացրեց այն վստահությունը, որ պիտի կարողանա հասնել սուրբ խորհուրդով կազդուրվելու փափագին: Եվ քանի որ, հրաժարվել էր մարդկային օգնությունից, իր բուժումը` Աստծուց էր ապավինում: Նա իր եղբայրակիցներին խնդրեց, որպեսզի միասին հավաքվեն աղօթքի և իր համար էլ խնդրեց մի քիչ ջուր, որը  Ս. Ալոզիոսի հրաշագործ ալյուրով էր խառնված:  Եղբայրակիցները Նիկողայոսի ցանկության հետ համաձայնվեցին:  Մինչ այս, ապարդյուն անցավ առաջին փորձը. Նիկողայոսը չկարողացավ խմել մի քանի կաթիլ ջուրը, սակայն իր քաջությունն ու խիզախությունը մնացին անդրդվելի:  Նորից խնդրեց աղօթել ու կրկնեն ջրի փորձը:  Անբացատրելի ուրախությամբ խմեց երկրորդ անգամ  ու ներսում պահեց օրհնված ալյուրաջուրը, հետո մի քիչ ապուր և առանց դժվարության, ապա կարողացավ  նշխարը կուլ տալ: Այլևս գիտեր, որ աղօթքն ընդունելի է եղել և փափագ հայտնեց Աստվածային Փրկչին  ամենասուրբ խորհրդի մեջ նրան ևս ընդունելու: Առանց դժվարության  հաղորդվեց և հագեցրեց ամենասիրելի Փրկիչն իր սիրտն ընդունելու ջերմ փափագը`Երկնքի ուրախության մեջ: Վերջին Ս. Թոշակն իրեն տալուց հետո, վիճակը զգալիորեն վատթարացավ, այնպես որ փետրվարի 10-ի երեկոյան այցելող  բժիշկն հայտարարեց, որ Նիկողայոսը մի քանի ժամվա կյանք ունի:

     

    Քահանան և երկու եղբայրներ հիվանդի կողքն էին և  քաջալերում էին նրան: Իսկ ինքը` մահճի մեջ անշարժ,  հիվանդությունից բոլորովին տկարացած, ձայնի և զգայարանների գործածություններից անմասն, վերջին վայրկյաններն էր ապրում: Եվ ահա, հանկարծակի  սկսեց անթարթ աչքերով նայել Ս. Ալոզիոսի պատկերին, որն իր առջև կախված էր: Ապա երկնավոր հրճվանքով գոչեց.

     

    «Ո ՛հ, որքա՛ն գեղեցիկ ես, իմ սուրբ Ալոզիոս, որքա՛ն սիրուն ես»:

    Կարճ ժամանակ անց, Նիկողայոսը հայացքը նորից ուղղեց պատկերին ու վճռական ձայնով գոչեց.

    «Եղիցի՛ն կամք քո»:

     

    Եվ աչքերը պատկերին հառած՝ երեք-չորս վայրկյան անշարժ մնաց: Ներկաները, ապշած, անխոս և սուրբ սարսուռով համակված, բայց և գիտակցորեն հասկանում էին, որ այդ վայրկյանին հրաշք է տեղի ունենում:

     

    Այդ ժամանակ հիվանդը բարձրացավ և ուրախությամբ աղաղակելով ասաց.

     

    «Բժշկվա՛ծ եմ. Ս. Ալոզիոսը ինձ տվեց այս շնորհը: Ես ինքս տեսա ու նրա հետ խոսեցի. տվե՛ք զգեստներս, տվե՛ք ուտելիք: Ես բոլորովին առողջ եմ, այլևս որևէ հիվանդություն չունեմ»:

     

    Ուրախությունից գինովցած` Նիկողայոս Կեղեստինի մոտ գտնվող քահանան անմիջապես վազեց նորընծաների վերակացուին` Լյուդովիկոս Բարավիչինին, ավետելու այդ հրաշքը:

     

    Լյուդովիկոս Բարավիչինին հասնելով Նիկողայոս Կեղեստինի մոտ՝ ցանկանում էր իմանալ ամբողջ պատմությունը:

     

    Նիկողայոսը պատմեց, թե ինչպես այդ առավոտյան իր մոտ սկսվում են ջղաձգությունները սաստկանալ և իր աչքի առջև երևում է  Ս. Ալոզիոսը: Ի վերջո տեսնում է, թե ինչպես հզոր մի լույս է ճառագայթում և նրա միջից երևում է Ս. Ալոզիոսը, ոչ թե մի կողմի վրա թեքված կամ կիսամեջք, այլ դեպի իրեն դարձած:

     

    Ձախ ձեռքին խաչ ուներ, իսկ աջը` ազատ էր: Սուրբը այնքան ուրախ, շնորհալի և լուսավոր  էր երևում, որ Նիկողայոսին երանելի դյութանքով կախարդեց:

     

    «Աջ ձեռքով  նշան արեց ինձ, որպեսզի իրեն մոտենամ, հետևաբար նստեցի մահճակալիս վրա, լսելու համար նրան և անզուսպ հրճվանքով գոչեցի նրան.

    «Որքան շնորհալի ես, ո՛վ իմ սիրելի Ս. Ալոզիոս»:

    Ապա ես Սուրբից լսեցի հետևյալ խոսքերը.

    «Ինչ կուզես, առողջությու՞ն թե մահ»: Իսկ ես նրան պատասխանեցի. «Եղիցի՛ն կամք քո»:

    Սուրբը պատասխանեց.

    «Որովհետև, դու քո հիվանդության ժամանակ ուրիշ բանի վրա հույսդ չդրեցիր և քո կյանքը Աստծու կամքին հանձեցիր: Հետևաբար Աստված կյանքդ քեզ կշնորհի, որպեսզի դու կատարելիության դիմես և քո ամբողջ կյանքը նվիրես Հիսուսի Սուրբ Սրտի ջերմեռանդությանը»:

     

    Սուրբը դեռ ուրիշ բաներ էլ խոսեց՝  ի գիտություն և մխիթարություն հիվանդի և նրան ապահովեց, որ նա երբեք այս հիվանդությունը չպետք է ունենա և հանձնարարեց  Նիկողայոս Կեղեստինին վեց կիրակի բարեպաշտ հրահանգներով ապրել` ի հիշատակ Հիսուսյան Ընկերության մեջ իր անցկացրած վեց տարիների համար:

     

    Այս խոսքերն ասելուց հետո Ս. Ալոզիոսը օրհնեց հիվանդին և անհետացավ:

     

    Նիկողայոսը ամբողջովին առողջացավ: Հաջորդ օրը` առավոտյան, Կեղեստինոսը քայլելով գնաց Հռոմեական վարժարան, որտեղ Ս. Ալոզիոսի խորանի առջև, որի ներքևում հանգչում է սրբի մարմինը, Սբ. Պատարագին սպասավոր է կանգնում, ապա` Ս. Հաղորդություն ստանում:

     

    Այսպես, Կեղեստինոսը երեք տարի ապրեց` խանդավառ եռանդով միշտ դեպի կատարելությանը բաղձալով, ինչպես որ իր սուրբն է պատվիրել: Միշտ ջանում էր ամեն հնարավոր միջոցներով աստվածային Սրտի ջերմեռանդությունը տարածել: Ի վերջո պղինձի վրա քանդակել տվեց Ս. Ալոզիոսի պատկերն այն դիրքով և արտահայտությամբ, ինչպես որ իրեն երևացել էր:

     

    Այս հրաշքը ամեն տեղ արձագանք գտավ. հազարավոր ցրված պատկերները ապացույցն էին աստվածային Սուրբ Սրտի ջերմեռանդության, սրբության ու վեհության, որը հրահրեց  բազմաթիվ հավատացյալների հոգիները` պաշտել ու սիրել  այս սուրբ սիրտը:

    1765թ. արդեն բազմաթիվ  եկեղեցիներ թույլտվություն խնդրեցին, որ աստվածային Սիրտը հատուկ պատարագով ու պաշտամունքով պատվելու: Միաժամանակ, Եվրոպայի զանազան մասերում ծնունդ առան բազմաթիվ ընկերակցություններ ու եղբայրություններ՝ պատվելու համար աստվածային Սիրտը, խոսքով ու բարեպաշտ գրություններով  լուսաբանելու, և տարածելու համար «Երկնքին շատ հաճելի» ջերմեռանդությունը:

     

    Բարի Կեղեստինոսը տեսնում է ու լսում է իր սիրելի ջեռմեռանդության տարածումը և սրանով էլ գոհացնում իր փափագը: Իրեն թվում է, որ բավականաչափ գլուխ է հանել աստվածային այն դիտողությունները, որոնք նա իրեն ներշնչել էր իր ապաքինման ժամանակ: Եվ հիմա, նրան մնում է միայն երկինք բարձրանալու  անզուսպ տենչանքը:

     

    Նորընծայարանն ավարտելուց հետո իր մեծերի կողմից ուղարկվեց Հռոմեական վարժարան` բարձրագույն ուսումը ստանալու համար: Սակայն շուտով հիվանդությունը նորից վրա հասավ: Նրան ուղարկեցին Ֆռասքաթի՝ այն հույսով, որ գյուղական մաքուր օդը բարերար ազդեցություն կթողնի Կեղեստինոս վրա: Բայց, Կեղեստինոսը  արդեն հասուն էր Երկնքի համար:  1768թ-ի փետրվարի 2-ին, Մարիամ Աստվածածնի տոնին Կեղեստինոսի իր անմեղ հոգին ավանդեց առ Աստված՝ Հիսուսի սիրելի Սրտի մեջ լրիվ երանությունը գտնելու:

     

    Նիկոմեդիայի արքեպիսկոսպոսը և Հռոմի աթոռակալ Դոմինիկոս Ճորտան կարդինալի հավանությամբ Կեղեստինոսի բժշկության իրավական դատաստանը սկսվեց: Լսեցին 13 վկաների, ովքեր երդումով հաստատեցին հրաշքի ճշմարտությունը: Իրենց մեջ կային երեք բժիշկներ, որոնցից երկուսը կանոնավոր խնամում էին հիվանդին, իսկ երրորդը` Կղեմես ԺԳ Քահանայապետի անձնական բժիշկը, ժամանակ առ ժամանակ այցելում էր հիվանդին: Երեք բժիշկներն էլ ոչ միայն հաստատեցին կատարված իրողությունը, այլև միաբերան խոտովանեցին ճշմարիտ և անուրանալի հրաշքը:

     

    Կարդինալ աթոռակալը 1795թ. հունիսի 3-ին կոնդակով վավերացրեց այդ ամենը և թույլատրեց, որ դատաստանը սկսի ու հրատարակի նաև այն տեղեկատվությունը, որը կրում էր հետևյալ վերնագիրը. «Հրաշալի բժշկություն՝ բարեխոսությամբ Ս. Ալոզիոսի Կոնզակայի Հիսուսյան Ընկերությունից», որը տպագրվեց Հռոմում, 1765թ-ին:

     

    «Սիրտ Յիսուսի պատմութիւններ» գրքից, Բեյրութ, 1962թ.

     

Օրացույց

Օրացույց