«Չեմ սիրում ինձ առաջ գցել»
10 նոյեմբերի, 2015թ.
Մի քանի օր առաջ Հայ Կաթողիկէ առաջնորդարան այցելեց Շիրակի մարզի Արևիկ գյուղի բնակիչ Ֆենյա Սեխպեյանը: Արխիվային տեղեկություններ էր փնտրում իր նախնիների մասին՝ ծնողներից լսած պատմություններն ամբողջացնելու փափագով: Կինը պատմեց, որ եղել է նաև Հայաստանի Ազգային արխիվում և այնտեղ էլ տեղեկություններ է փնտրել, բայց, ցավոք, չի կարողացել գտնել հարկ եղածը: Մեր զրույցի ընթացքում ես նկատեցի, որ այդ կինը հետաքրքիր պատմություններ գիտի՝ գյուղի, եկեղեցու և կրոնական կյանքի մասին, որոնց կրողն է դարձել, բայց, ցավոք, ոչ միշտ՝ փոխանցողը.երիտասարդ սերունդն այնքան էլ չի հետաքրքրվում գյուղի պատմությամբ, առավել ևս՝ հոգևոր ժառանգությունը կենդանի պահելու առաքելությամբ:
Նախ՝ մի քանի տող Ֆենյա Սեխպեյանի մասին:
Ծնվել է 1947 թ. 21 հունվարին՝ Արևիկում, յոթ զավակներով, ավանդապաշտ ընտանիքում: Լինելով բավական ուշիմ ու աշխատասեր աղջիկ՝ 23 տարեկանում դուրս է եկել գյուղի և սկսել իր աշխատանքով, ինքնակրթությամբ կերտել սեփական ապագան: Բարձրագույն կրթությունն ստացել է Մանկավարժական ինստիտուտում, մասնագիտությամբ գրադարանավար է: Մինչև 1975թ. աշխատել է դասվար՝ Գոհգովիտ գյուղում, ապա տեղափոխվել Երևան, վերամասնագիտացել սննդի տեխնոլոգիայի ոլորտում, արագ նկատվել իր բարձր մտավոր ունակություններով և աշխատանքի վերցվել հենց այն ուսումնարանում, որտեղ սովորել է: Այդտեղ աշխատել է մինչև 1992թ., ապա Աբովյանի մարզի դպրոցներից մեկում աշխատել որպես դասվար և հայոց լեզվի ուսուցիչ՝ մինչև 1997թ, որից հետո՝ մինչև 2003թ., մանկավարժական աշխատանքը շարունակել Երևանի թիվ 125 դպրոցում: 2003թ. Ֆենյան վերադարձել է Արևիկ՝ կիսելու իր ծեր քրոջ միայնակ կյանքը, հայրական տան մեջ: Նրանց է միացել նաև Երևանում աշխատող մյուս քույրը: 2003թ.-ից ի վեր երեք քույրերն ապրում են միասին, նրանցից ոչ մեկը չի ամուսնացել, զավակներ չունեն: Ֆենյան երեք քույրերից ամենակրտսերն է, 67 տարեկան:
Ֆենյային խնդրեցի մեզ հետ կիսվել իր պատմություններով՝ ոչ այնքան դրանց քանակության և եզակիության, որքան հավատքի պատմությունները, հոգևոր մաքառումի անցած ուղիները արժևորելու իմ մշտական ցանկությամբ:
Ֆենյան իր հոգևոր արժեքների, հավատքի համար պարտական է նախևառաջ բարեպաշտ ծնողներին՝ Աշխեն մամին («մամ» գյուղական լեզվով է, նշանակում է՝ տատ) և Գրիգոր Սեխպեյանին: Աշխեն մամն իրենց գյուղի աղոթասեր, ավանդապաշտ, ազդեցիկ կանանցից է եղել, պատմում է Ֆենյան: Ֆենյան միակը չէ, որ վկայում է, թե Աշխեն մամի աղոթքներով բուժումներ են կատարվել, որոնք այսօրվա սերնդին, գուցե, առասպելական ու ծիծաղելի թվան: Ֆենյան պատմում է, որ նույնիսկ հեռավոր տեղերից հիվանդներ, տեսակ-տեսակ վախերով համակված մարդիկ գալիս էին Աշխեն մամի մոտ, օրերով մնում իրենց տանը, մայրն անդադար աղոթում էր նրանց համար, շատերը միանգամից իրենց կազդուրված էին զգում, վախերից ազատված, լիահույս հեռանում էին՝ շնորհակալություններ հայտնելով մորն ու փառք տալով Աստծուն: Աշխեն մամը գյուղի մյուս կանանց խնդրում էր, նույնիսկ խստությամբ պահանջում, որ որոշակի օրերի, նույն ժամերին, յուրաքանչյուրն իր տանը, նույն աղոթքներով աղոթեն՝ գյուղի համար, որ կարկտի ամպերը հեռու մնան իրենց արտերից, իրենց գյուղացիներից մեկի համար և այլ դիտավորություններով: Դրա համար էլ, ասում է Ֆենյան, հարևան գյուղերում նախանձում էին «ֆրանկների» գյուղին և ասում, որ կարկուտը այդ գյուղին չի կարող խփել: Կոմունիստական հալածանքների տարիներն էին, երբ գյուղում կաթողիկէ հոգևորականների մուտքն արգելված էր, եկեղեցին էլ չէր գործում: Բայց դա բնավ չէր խանգարում Աշխեն մամին ու գյուղի ավանդապահ հավատացյալներին՝ շարունակել իրենց աղոթական կյանքը թե՛ տանը, թե՛ եկեղեցում: Դեռևս նախքան կամունիստական վարչաձևի հաստատումը, եկեղեցին երգչախումբ ուներ, որը կանոնավոր երգում էր Պատարագի ժամանակ: Այդ երգչախմբում երգող գյուղացիները, արդեն մեծ տարիքում, կոմունիզմի տարիներին էլ շարունակում էին հավաքվել եկեղեցում և երգել շարականներ, ընթերցել եկեղեցում պահվող հին ժամագիրքը, որը հետո կորավ: Նրանցից էր Օնիկ պապը, ով գրաբար էլ գիտեր, պատմում է Ֆենյան: Այդ հին սերունդն անցավ, բայց աղոթական ջերմեռանդությունը փոխանցեց մյուս սերունդներին:
Ֆենյայի մայրը պատմել է, որ մի անգամ, երբ կոմունիստ «մշակույթի գործիչներն» ուզում էին գյուղի եկեղեցում թատերական ներկայացում բեմադրել, գյուղացիները փակել են եկեղեցու դուռը և չեն բացել թատերախմբի առջև: Դուռը մի կերպ բացել են, բայց ներկայացում խաղաղ դերասաններն այդպես էլ չեն կարողացել, ծիծաղելով և հպարտությամբ պատմում է Ֆենյան: Այդ օրերին նման պատմություններով հպարտանում էր ամբողջ գյուղը, չէ՞ որ դա իրենց պապերի հավատքը պահելու համար արված խիզախություն էր, պարծենալու առիթ:
Գյուղի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությունը ընդհատումներով տևել է հիսուն տարուց ավելի՝ 1843-1895թթ: Ֆենյան լսել է, որ եկեղեցու հիմնաքարերը դնողներից մեկն եղել է իր նախնիներից Հակոբ Սեխպեյանը, ում մասին էլ հենց արխիվային տեղեկություններ է փնտրում: Ստույգ է սա, թե ոչ, այնքան էլ էական չէ, բայց փաստ է, որ եկեղեցին կառուցել են գյուղացիները՝ իրենց սուղ միջոցներով, ամեն տարի մեկ շարքով բարձրացրել են պատերը, կանայք իրենց ուսերին ջրլուծով ջուր են կրել՝ քարերն իրար կապող շաղախի համար, շաղախին իրենց հավերի ձուն են խառնել, որ ամուր լինի, ու մինչև այսօր կանգուն են այդ պատերն էլ, հոյակերտ տաճարն էլ: Եկեղեցու սև քարերն տղամարդիկ սայլերով բերել են Ջաջուռից: Ֆենյան պատմում է, որ իր պապը Ախալցխայից վարպետ է հրավիրել եկեղեցու համար:
Արևիկի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:
Ինչպես վկայում են արխիվային նյութերը, 1857թ. խոլերայի և սոցիալական ծանր դրության պատճառով եկեղեցու շինարարությունը դադարել է: 27 տարվա դադարից հետո եկեղեցու շինարարությունը վերսկսվել է նույն գյուղի զավակ, Մխիթարյան միաբանության անդամ, անվանի հայագետ Բարսեղ Սարգսյանի շնորհիվ: Նրա միջնորդությամբ Հռոմի Սուրբ Աթոռը օգնել է ավարտել եկեղեցու շինարարությունը՝ 1895թ.: (Տե՛ս՝ Հակոբ Թորոյանի հոդվածը, Աւետիք, 1997, էջ՝430)
Ֆենյայի հայրը՝ Գրիգորը, շատ էր օգնում է կարիքավորներին: Մի անգամ, հարևանի տան մոտից անցնելիս, լսել է, որ ընտանիքի երեխաները լալիս են: Երբ տուն է հասել, վերցրել է մի քանի հաց ու գնացել, հարևանի տան երդիկից գաղտնի այդ հացերը գցել ներս՝ այդ ընտանիքին, առանց իր անձնը հայտնի դարձնելու: Սա օգնության մի ձև էր, որը գյուղացիները «մատաղ» էին ասում.պայմանն այն էր, որ նվիրողն իր անձը գաղտնի պիտի պահեր, ըստ Հիսուսի պատվիրանի: Սա տարածված է եղել կաթողիկէ գյուղերում:
Ֆենյան պատմում է, որ հայրը հաճախ ցուլ էր մորթում ու միսը բաժանում ամբողջ գյուղին, նույնիսկ՝ գյուղով անցնող անծանոթ մեքենաներին: Ֆենյայի ծնողները, թեև կրթված մարդիկ չէին, բայց տանը մի հին Սուրբ Գիրք են ունեցել, որը մինչ օրս քույրերը պահում են աչքի բբի նման և ոչ ոքի նույնիսկ ցույց չեն տալիս:
Քեռին Երվանդ Չարչողլյանը, իրենց ազգի պարծանքն էր, հպարտությամբ ասում է Ֆենյան: Երվանդը հոգևոր կրթություն էր ստացել Թբիլիսիում, բայց հոգևորական չէր դարձել: Շատ լավ գիտեր աղոթքներ, Եկեղեցու պատմություն, սրբերի վարք, շատ աղոթասեր ու իմաստուն մարդ է եղել: Ֆենյան հիշում է, որ քեռին նույնիսկ իր գիտելիքներով Վանաձորում օգնում էր մի քահանայի: Երվանդն էլ աղոթքներով բուժել է հիվանդներին, մխիթարել մարդկանց:
Աղոթքով հիվանդություններ բուժելու այս ունակությունը, սովորաբար, շատերին են վերագրում, բայց սա, ինձ համար, ավելի շատ վկայություն է՝ ոչ թե երևակայությանը նվիրվելու պարզամիտ ցանկության, այլ՝ աղոթքի զորության հանդեպ վստահության, հույսի, որը փոխանցվում է սերնդե սերունդ:
Ֆենյան ժպիտով պատմում է, որ երբ 1990-ականների սկզբներին քույր Արշակուհին իրենց գյուղ մտավ և հարցրեց, թե ով գիտի Տերունական աղոթքը և «Ողջոյն Քեզ Մարիամ»-ը, գրեթե բոլորը գիտեին, և բոլորը, որպես նվեր, մեկակական Վարդարան ստացան:
Երբ Ֆենյայի հետ զրույցս ավարտեցի, ուզում էի լուսանկարել նրան, բայց հրաժարվեց: «Չեմ սիրում ինձ առաջ գցել».ասաց կինը:
Աստվածածնին նվիրված թափոր՝ Արևիկում:
Սիրով հրավիրում ենք բոլորին, ովքեր հետարքրված են նման պատմություններով և ուզում են, որ դրանք հրապարակվեն մեր կայքում, կապ հաստատել ինձ հետ՝ 055698957 հեռախոսահամարով կամ ուղարկել հետևյալ հասցեին՝ [email protected]
Լևոն Գալստյան