«Ի՞նչ օգուտ ունի հարստությունը, հանգստությունը, եթե սրտերը սառն են, դատարկ ու փակ»:
2024թ. դեկտեմբերի 8-ին՝ Անարատ Հղության տոնին, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Սուրբ Պետրոսի բազիլիկայում նախագահեց դեկտեմբերի 7-ին Կարդինալական տիտղոս ընդունած նոր Ծիրանավորների համապատարագը՝ մասնակցությամբ կարդինալական ու եպիսկոպոսական դասի և բազմաթիվ հավատացյալների։
Ուրախացի՛ր Մարիա՛մ լի շնորհքով
Սուրբ Զոհի ընթացքում ընթերցվեց Ղուկասի Ավետարանից վերցված Սուրբ Կույս Մարիամի ավետման հատվածը, որտեղ Աստծո հրեշտակը Տիրամորն ասում է. «Ուրախացի՛ր Մարիա՛մ լի շնորհքով» (Ղուկ 1,28),
«Այս ողջույնով է, որ Նազարեթի խոնարհ բնակարանում Հրեշտակը Մարիամին հայտնում է իր Անարատ սրտի խորհուրդը, որ հղիությունից իսկ եղավ «անձեռնմխելի սկզբնական մեղքի յուրաքանչյուր բծից» (Պիոս ԺԱ Պապ, neffabilis Deus առաքելական սահմանադրություն, 8 դեկտեմբեր 1854), ասաց Սրբազան Քահանայապետը, ընդգծելով, որ քրիստոնյաները դարերի ընթացքում փորձել են Մարիամի գեղեցկությունը ներկայացնել խոսքերի ու պատկերների միջոցով, որոնք արտացոլում են Նրա շնորհքն ու անուշությունը։
Մարիամը մարդկության իսկական պատկեր
Սուրբ Պողոս Զ Մարիամին նկարագրել է, որպես մարդկության իսկական պատկեր, անմեղ և սուրբ, ով մարմնացրել է ներդաշնակությունը, պարզությունը ու կատարելությունը։ «Մարիամը մեզ ներկայանում է երեք հիմնական պատկերներով` որպես դուստր, որպես հարս և որպես մայր», ասաց Նորին Սրբությունը:
Որպես դուստր։ Ավետարանը Նրան նկարագրում է որպես խոնարհ ու հավատքով հարուստ երիտասարդ մի կին, որի սիրտն արտացոլում է Աստծո սերը։ Նրա գեղեցկությունը համեմատել է ծիլ առած ծաղիկի հետ, պարզ ու բնական սրբության խորհրդանիշ։
Որպես Հարս։ Նրա «այո» պատասխանը Հրեշտակի պատգամին, Աստծո կոչին սիրո ու վստահության արարք է։ Նա ծառա չէ հպատակության ու «նվաստացման» իմաստով, այլ Աստծուց ընտրված՝ մեծ արժանապատվությամբ ու պատասխանատվությամբ մի անձ, որին Տերը վստահում է ամենաթանկ գանձերն ու ամենակարևոր առաքելությունները։
Մարիամը որպես Մայր։ Մարիամի մայրական պատկերը ամենաընտանի պատկերն է: Նա ներկայացված է Հիսուսը բազուկների մեջ։ Նրա գեղեցկությունը բացահայտում է Իր նվիրումը, խնամքը, զոհողությունը, ընդգծելով մայրության կարևորությունը:
Մարիամի բյուրեղ սիրտը
Այս բոլորը ներփակված է Մարիամի բյուրեղ սրտի մեջ, որն ազատ է մեղքից ու հլու-հնազանդ է Սուրբ Հոգու ներգործությանը։ Սակայն վտանգը կա, եթե մենք մտածենք, որ Նրա գեղեցկությունը հեռու ու անհասանելի է, բայց իրականությունն այլ է։ Մենք էլ այն ընդունում ենք Մկրտության ժամանակ, երբ ազատվում ենք մեղքից ու դառնում Աստծո զավակներ։
«Ուրեմն Անարատ Հղացյալը առասպել, վերացական վարդապետություն կամ անհնարին իդեալ չէ. Նա գեղեցիկ ու շոշափելի նախագծի առաջարկ է, մեր մարդկության լիովին իրագործված տիպարը, որի միջոցով, Աստծո շնորհքով մենք բոլորս կարող ենք նպաստել մեր աշխարհի փոփոխմանը ու այն դարձնել ավելի լավը», ասաց Ֆրանցիսկոս Պապը։
Ի՞նչ օգուտ հարստությունից, հանգստությունից, եթե շատ մարդիկ մահանում են սովի պատճառով
Այնուհետև ընդգծեց, որ ականատես ենք մի իրականության, որտեղ սկզբնական մեղքը շարունակում է վիրավորել մարդկությանը, բերելով մեկուսացում ու անտարբերություն։ Իսկական ազատությունը ընտանեական կապերի մերժումը չէ, այլ բաժնեկցությունն ու զորակցությունն է։
«Ի՞նչ օգուտ ունի դրամատան մեջ եղած դրամը, բնակարանների հարմարավետությունը, վերացական աշխարհի կեղծ «շփումները», եթե սրտերը սառն են, դատարկ ու փակ։ Ի՞նչ իմաստ ունի երկրի ֆինանսական աճի բարձր մակարդակը, եթե աշխարհի կեսը մահանում է սովից ու պատերազմից, իսկ մյուսները կանգնած անտարբեր հետևում են: Ի՞նչ իմաստ ունի ճամփորդել մոլորակով մեկ, եթե յուրաքանչյուր հանդիպում միայն պահի հուզմունք է, եթե այդ պատկերը ոչ ոք չի հիշելու», հարց ուղղեց Սրբազան Քահանայապետն ու կոչ արեց նայել Անարատ Հղացյալին և խնդրել, որ Նրա սիրո Սիրտը մեզ դարձի բերի և օգնի կառուցել մի հասարակություն, որտեղ ընտանիքները համախմբված են, ամուսինները կիսում են ամեն բան, իսկ հայրերն ու մայրերը միշտ մոտիկ են իրենց զավակներին:
Ահավասիկ եմ մնում եմ Տիրոջ աղախինը
«Ահա սա է գեղեցկությունը, որի մասին խոսում է Անարատ Հղացյալը. «գեղեցկություն, որ փրկում է աշխարհը»: Մենք նույնպես ուզում ենք Մարիամի նման ասել. «ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը», ասաց Նորին Սրբոթյունն ու իր հետ համապատարագող կարդինալներին հանձնեց Փրկչի Մոր բարեխոսությանը:
Վատիկան նյուզ, հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը