«Լիովին վստահել Ավետարանին, որն ունի փրկության և հավերժության խոստումը»:
Հարության հույսի լույսի ներքո մեր կյանքում ամենը նոր իմաստ է ստանում. ինչ կա մահանալու է, մենք նույնպես մի օր մահանալու ենք, սակայն ոչինչ չենք կորցնելու այն ամենից, ինչը ստեղծել ու սիրել ենք, որովհետև մահը նոր կյանքի սկիզբն է, ասաց Ն.Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը նոյեմբերի 16-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ:
Օրվա ավետարանական ընթերցման մեջ Տեր Հիսուսը նկարագրում է մեծ նեղությունը. «Արեգակը պիտի խավարի, և լուսինը իր լույսը չպիտի տա» (Մկ. 13,24): Նորին Սրբության խոսքերի համաձայն, այն առաջացնում է մտքեր աշխարհի վերջի մասին, սակայն Հիսուս լրիվ այլ մեկնաբանություն է տալիս. «Երկինք ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի» (Մկ. 13,31): Կարևոր է հասկանալ, թե ինչն է անցողիկ և ինչը մնայուն:
Սրբազան Քահանայապետը նախ խոսեց անցողիկ բաների մասին և ասաց.
«Կյանքի որոշ հանգամանքներում, երբ լինում են ճգնաժամային պահեր կամ ձախողումներ, երբ մեր շուրջը տեսնում ենք պատերազմների, բռնության, բնական աղետների պատճառով առաջացած ցավ ու տառապանք, մենք զգում ենք, որ ամեն ինչ մոտենում է իր ավարտին, և որ կյանքում նույնիսկ ամենագեղեցիկ բաներն են անցնում և մահանում: Սակայն ճգնաժամերը և անհաջողությունները, թեև ցավոտ են, բայց շատ կարևոր են, որովհետև սովորեցնում են ամեն ինչը գնահատել և սրտով չկապնվել այս աշխարհի իրողություններին, քանի որ դրանք անցողիկ են»:
Այս անցողիկ աշխարհում միայն Հիսուսի խոսքերը կմնան հավերժության մեջ, ընդգծեց Նորին Սրբությունը: Տերը կոչ է անում լիովին վստահել Ավետարանին, որն ունի փրկության և հավերժության խոստումը, և այլևս չապրել մահվան վախով համակված. չէ՞ որ ամեն ինչ անցնում է և մնում է միայն Քրիստոսը:
«Եղբայրնե՜ր և քույրե՜ր, նույնիսկ նեղությունների, ճգնաժամերի, ձախողումների պահին Ավետարանը կոչ է անում կյանքին և պատմությանը նայել առանց վախերի, ուրախանալ միայն այն ամենով, ինչը մնայուն է: Եկե՛ք չմոռանանք, որ Աստված մեզ համար կյանքով և ուրախությամբ լի ապագա է պատրաստում»։
Իր քարոզի ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ արեց խորհել այն մասին, թե մենք ինչն ենք կարևորում մեր կյանքում. «այս անցողիկ աշխարհի իրականությո՞ւնը, թե՞ Տիրոջ մնայուն խոսքերը, որոնք մեզ առաջնորդում են դեպի հավիտենություն»:
Վատիկան նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը