«Եղբայրնե՜ր և քույրե՜ր, եկե՛ք զգուշանանք արդյունավետության մրցավազքից, եկե՛ք դադարեցնենք մեր առօրյան թելադրող խելահեղ շտապողականությունը»
«Եկե՛ք սովորենք կանգ առնել, անջատել բջջային հեռախոսները, նայել բնությունը, վերափոխվել Աստծո հետ երկխոսության ժամանակ», – ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ ամառային արձակուրդների ընթացքում խորհրդածական հանգստի կոչ անելով: «Հրեշտակ Տեառն» աղոթքն արտասանելուց առաջ՝ իր խորհրդածության ընթացքում Նորին Սրբությունն ընդգծեց հանգստի և ուժերի վերականգնման կարևորությունը:
Մեկնաբանելով մի հատված Մարկոսի Ավետարանից Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Հիսուսն ուրախանում է մեր հաջողություններով, սակայն Նրան անհանգստացնում է նաև մեր ֆիզիկական և հոգևոր հոգնածությունը: Իրենց առաքելությունը կատարած և դրա մասին ոգևորությամբ պատմող աշակերտներին՝ Հիսուս հոգատարությամբ հանգստանալու կոչ է անում: Հիսուս սրանով մի շատ կարևոր դաս է տալիս մեզ: Ուրախանալով Իր աշակերտների համար, ովքեր իրենց երջանիկ են զգում քարոզի արդյունքներից, Նա երկար-բարակ հարցումներ և հաճոյախոսություններ չի անում, այլ անհանգստանում է նրանց ֆիզիկական և հոգևոր հոգնածությամբ: Տերը ցանկանում է նախազգուշացնել վտանգի մասին, որը սպառնում է նաև մեզ, ընդգծեց Նորին Սրբությունը. դա ակտիվության ծուղակն ընկնելու վտանգն է, երբ կյանքում ամենակարևորը դառնում են ձեռք բերված արդյունքները և մենք մեզ հերոսներ ենք համարում.
«Որքա՜ն հաճախ է դա պատահում Եկեղեցում. մենք զբաղված ենք, մենք շտապում ենք, կարծում ենք, որ ամեն ինչ մեզանից է կախված, և, ի վերջո, մենք ռիսկի ենք դիմում անտեսել Հիսուսին ու ինքներս մեզ դնել տիեզերքի կենտրոնում: Ահա՛ թե ինչու է Նա Իր աշակերտներին Իր հետ միասին հանգստանալու կոչ անում: Դա ոչ միայն ֆիզիկական, այլ նաև սրտի հանգիստ է, քանի որ միայն «ցանցից անջատվելը» բավարար չէ. մենք իսկապես պետք է հանգստանանք: Ինչպե՞ս դա անել: Դա անելու համար մենք պետք է հասկանանք իրողության էությունը. կանգ առնենք, լռենք, աղոթենք, այլ ոչ թե շաբաթվա աշխատանքային օրվանից անցում կատարենք դեպի հանգստյան օրեր: Հիսուսը չէր խուսափում ամբոխից, սակայն ամեն օր Նա, ամենից առաջ, խորասուզվում էր աղոթքի, լռության և Հոր հետ մտերմության մեջ: Նրա «մի փոքր հանգստացեք» սիրալիր կոչը պետք է ուղեկցի մեզ. եղբայրնե՜ր և քույրե՜ր, եկե՛ք զգուշանանք արդյունավետության մրցավազքից, եկե՛ք դադարեցնենք մեր առօրյան թելադրող խելահեղ շտապողականությունը»:
Այնուամենայնիվ, շարունակեց Սրբազան Քահանայապետը, Ավետարանում ասվում է, որ Հիսուսն ու Իր աշակերտները չէին կարող հանգստանալ այնպես, ինչպես իրենք էին ցանկանում: Բոլոր կողմերից մարդիկ էին մոտենում նրանց: Տեսնելով դա Հիսուս գթաց նրանց.
«Մարդկության հանդեպ Աստծո բոլոր գործողությունները լի են կարեկցանքով: Աստծո գործողությունները տարբերվում են իրենց կարեկցանքով ու քնքուշ հոգատարությամբ: Քանի՜ անգամ ենք Աստվածաշնչում հանդիպում «Նա գթաց» արտահայտությանը: Հուզված Հիսուսն Ինքն Իրեն նվիրում է մարդկանց և սկսում է նորից ուսուցանել (տես՝ Մկ. 6, 33-34): Թվում է, թե այստեղ ինչ-որ հակասություն կա, սակայն դա այդպես չէ, քանզի հուզվել կարող է միայն այն սիրտը, որը զերծ է շտապողականությունից, այսինքն ամբողջությամբ չի կենտրոնանում իր և իր գործերի վրա, որոնք պետք է անել, այլ տեսնում է ուրիշների ցավն ու կարիքները: Կարեկցանքը ծնվում է մտահայելուց»:
«Եթե մենք սովորենք ինչպես հարկն է հանգստանալ, – շարունակեց Նորին Սրբությունը, – ապա ունակ կլինենք իսկապես կարեկցել, եթե մենք զարգացնենք հայեցողական հայացք աշխարհի նկատմամբ, ապա կկարողանանք աշխատել առանց նրանց ագահության, ովքեր առաջնորդվում են տիրելու և սպառելու փափագով, եթե մենք մոտ լինենք Տիրոջը և չչարանանք, ապա գործերը չեն կարողանա մեզ հյուծել կամ կլանել: Մենք «սրտի էկոլոգիայի» կարիք ունենք, որին հասնելու համար մենք պետք է հանգստանանք, մտահայենք և կարեկցենք: Եկե՛ք ամառային արձակուրդներն օգտագործենք այդ նպատակի համար»:
Իր խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը հորդորեց աղոթել Սուրբ Կույս Մարիամին, «Ով Իր մեջ դաստիարակել է ներքին լռության, աղոթքի ու մտահայության հոգին և միշտ քնքշորեն կարեկցում է մեզ՝ Իր զավակներին»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան