«Որովհետև, ուր որ մեղքը շատացավ, շնորհն առավել ևս շատացավ» (Հռմ 5, 20)
Եզեկիելի մարգարեության մեջ Տերն ասում է. «Ձեզ վրա սուրբ ջուր եմ ցանելու, և դուք մաքրվելու եք ձեր բոլոր պղծություններից, ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ: Նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի եմ դնելու ձեր մեջ» (Եզկ. 36, 25-26): Յուրաքանչյուր մարդ, աշխարհ գալով, ժառանգում է նաև մեղքի բեռը՝ մեր նախածնողների կատարած առաջին մեղքի պատճառով: Բացառություն է միայն Աստվածածինը, Նա Աստծո հատուկ ողորմությամբ ի սկզբանե պաշտպանված է եղել մեղքից: Մկրտության շնորհիվ մեղքը մաքրվում է, սակայն մեր մեջ, ավաղ, մնում է մեղք գործելու հակումը՝ մեղքի «գենետիկ հիշողությունը»:
Մենք փորձում ենք պայքարել մեղքի և գայթակղության դեմ, բայց հաճախ տեղի ենք տալիս և մեղք ենք գործում: Դրանք կամ խզում են մեր կապը Աստծո հետ՝ մեզ զրկելով Նրա շնորհից, կամ էլ թուլացնում են այդ կենսական կարևոր կապը: Տերն իմանալով մեր վիճակը, սահմանափակումներն ու գայթակղությունները, մեր կամքի փոփոխականությունն ու թուլությունը՝ մեզ տալիս է դեղ՝ Խոստովանության Խորհրդի տեսքով, որը վերականգնում է աստվածային շնորհը՝ Աստծո ներկայությունը մեր մեջ:
Իր Հարության օրը՝ երեկոյան, Տեր Հիսուս եկավ Իր աշակերտների մոտ, ովքեր այս ու այն կողմ էին ցրվել և Իրեն միայնակ էին թողել տանջանքների մեջ ու հիմա, առավել քան երբևէ, ներման կարիք ունեին: Նա փչեց նրանց վրա և ասաց. «Առե՛ք Սուրբ Հոգին: Եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի, եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի» (Հվհ. 20,22):
Տերն Ինքը տվեց իր առաքյալներին այդ աստվածային զորությունը՝ ներելու և բուժելու մեղքերն ու սրտերը, նրանք էլ իրենց հերթին այդ շնորհը փոխանցեցին եպիսկոպոսների և քահանաների հաջորդ սերունդներին՝ մինչ օրս: Երբ մենք հիվանդանում ենք, արագ բժշկի մոտ ենք վազում, երբ կեղտոտվում ենք, լվացվում ենք, սակայն, երբ նույն բանը տեղի է ունենում մեր հոգու հետ, մենք ոչ մի բան չենք անում: Իսկ մեղքը մեղք է ծնում, հիվանդությունն էլ դառնում է խրոնիկ և մահացու:
Խոստովանության ժամանակ, երբ մենք անկեղծորեն ասում ենք մեր մեղքերը՝ չթաքցնելով դրանցից ոչ մեկը, Տերը մեզ վրա է լցնում իր ողորմության բուժիչ բալասանը: Արդյունքում մեղքը կորցնում է իր զորությունը մեր նկատմամբ, կորցնում է իր թույնը, մեղքն արդեն տրված է Փրկչին, իսկ մեր հոգին լվացվում է Նրա արյունով, որը թափվեց Խաչի վրա. «Որովհետև, ուր որ մեղքը շատացավ, շնորհն առավել ևս շատացավ» (Հռմ 5, 20): Տերն Ի՛նքն է մեզ մաքրում և տալիս է նոր շնորհ, նոր ուժ՝ նորոգելով մեզ Իր Հոգով:
Այո՛, ցավոք սրտի, մենք կրկին մեղք կգործենք, սակայն քանի դեռ չենք նահանջում, ցանկանում ենք պայքարել և խուսափել գայթակղությունից, ապա Խոստովանության Խորհուրդը կլինի նորացնող և թարմացնող` ցնցուղ մեր հոգու համար, ներման, խաղաղության և ուժի աղբյուր։ Դավիթ Թագավորը, ով մեղանչել էր և, նաև, ուներ Աստծո ներումը, ասում է․ «Երանի նրան, ում մեղքերին թողություն տրվեց և ում բոլոր հանցանքները ծածկվեցին։ Երանի այն մարդուն, որին Տերն այլևս մեղավոր չի համարում, և որի բերանում նենգություն չկա։ Ես լռեցի, և իմ բոլոր ոսկորները մաշվեցին՝ ամեն օր գիշեր-ցերեկ Տիրոջը կանչելուց։ Քո ձեռքը ծանրացավ ինձ վրա, ես կրկին ընկա թշվառության մեջ, քանզի փշերն ինձ ծակեցին։ Մեղքերս քեզ ցույց կտամ, և անօրենությունս չեմ ծածկի քեզանից։ Ասացի, թե կխոստովանեմ մեղքերն իմ, և դու թողություն կտաս իմ մեղքերի ամբողջ ամբարշտությանը» (Սղմ․ 31, 1-5)։
Աստված երբեք չի հոգնի մեզ ներել, եթե մենք չհոգնենք Նրա մոտ գնալ՝ հնազանդությամբ ու անկեղծ սրտով Նրան տանելով մեր մեղքերը․ «Խոնարհ հոգին է պատարագն Աստծո, մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստված չի արհամարհում» (Սղմ․ 50, 19)։
Այսպիսով, պետք է խուսափել մեղք գործելուց ինչպես վիրուսից, ինչպես թույնից։ Սակայն, եթե այն արդեն մեր մեջ է, ապա պետք է վազել Փրկչի և Հոգու Բժշկի մոտ՝ ի պատասխան փորձելով ավելի ուժգին սիրել Աստծուն և մերձավորներին, ներել մեղքերը և ներողամիտ լինել մարդկանց տկարության նկատմամբ, քանզի «ում շատ է ներվում, նա շատ է սիրում» (Ղկ․ 7, 47)։
Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայան
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան