«Աստծո օգնությամբ մենք ամե՛ն ինչ կարող ենք…»
«Հաշմանդամություն ունեցող անձանց մեջ է՛լ ավելի մեծ ուժգնությամբ է բացահայտվում մարդու արժանապատվությունն ու մեծությունը».
Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքի ամփոփ, 148:
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Հայկական Կարիտասի «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմադամությամբ անձանց խնամքի կենտրոնում մենք նորովի ականատեսը եղանք վերոհիշյալ տողերի ճշմարտացիությանը, երբ միասին բեմադրեցինք Սուրբ Ծնդյան տեսարանը՝ կենտրոնի տաղանդավոր սաների մասնակցությամբ: Տեսարանը արժանի էր մեր հոգնություններին, վազքին, աղոթքներին և երազանքներին. երեխաներն արեցին իրենց լավագու՛յնը, ինչին և միասին ուզում էինք հասնել. նրանք հաղթահարեցին մեծ դժվարություններ՝ սովորելով երկար տեքստեր ընթերցել, անգիր անել, ապրել դրանց իմաստը, վերարտադրել՝ մեզ զգացմունքայնությամբ, ամբողջ էությամբ, ի սրտե զգալով և ձգտելով փոխանցել այդ ամենը դահլիճում ներկաներից յուրաքանչյուրին:
Պատմողը՝ Շողիկը, նույնիսկ մի քանի գործողություն էր կատարում՝ ընթերցում էր, վազում էր դերակատարների մոտ և պահում էր խոսափողը, երբեմն նաև շշուկով հուշում էր բառերը ընկերներին, որոնք հուզված էին իրենից ավելի, ապա վազում էր և երգչախմբին էր մոտեցնում խոսափողը, որպեսզի ամեն մի նոտա լինի հնչեղ, որովհետև ամեն մի նոտայի և բառի մեջ թաքնված է ժամերի ջանադրություն և կյանք, հույսերի և երազանքների անզուգական պահեր:
Մարիամը՝ Դիաննան, ձեռքերի շարժումները իմաստալից կերպով զուգակցում էր խոսքին և ասում. «Իմ անձը կմեծարի՜ Տիրոջը…որովհետև Նա մեծամեծ գործեր արեց ինձ համար»: Իրոք, Աստծո մեծագործություն էր այս երեխաներին այսպիսին տեսնելը:
Հրեշտակները՝ Կատրինը, Նարեն, Թերեզան պարում էին անվասայլակներով, կամավորականների օգնությամբ, մեծ ցնծությամբ թևածումների յուրօրինակ շարժումներով:
Գաբրիելը՝ Էդուարդը, հրճվում էր ավետման հուզիչ պատասխանատվությամբ:
Մսուրի տեսարանը…Մարիամը մեծ քնքշանքով խանձարուրի մեջ էր փաթաթում Հիսուս Մանկանը և գրգանքով շոյում իր գրկում՝ Հովսեփի՝ Արթուրի հետ միասին:
Հովիվները՝ Դանին, Նարեկը, Ֆելիքսը փառք էին տալիս Տիրոջը՝ յուրօրինակ մոտեցումներով:
Մոգերը՝ Կարենը, Արտյոմը, Վանիկը, Արմենը, երկար ճանապարհ անցան Արևելքի աստղի՝ Մարտինի առաջնորդությամբ և «Թմբկահարի երգի» հնչյունների ներքո, որ թմբուկով նվագում էր Միքայելը:
Այս բոլոր անունները հաճելի է հիշելը, որովհետև նրանք գրված են Հիսուս Մանկան Սրտում և, գրված են վաղուց. տարիներ շարունակ Էմիլի Արեգակում Սուրբ Ծննդյան բեմադրություններ եղել են երաժշտաթերապևտ Գոհար Շախուլյանի և անձնակազմի ջանքերի շնորհիվ, իսկ այս տարի ջանացինք ավելի հարուստ սցենարով և գործողություններով բեմադրել:
Անշուշտ, երախտագիտությանս առաջին բառերն ուղղված էին երեխաներին, որ իրենց հավատքով և հույսով այնքա՜ն ջերմացրեցին բոլորի սրտերը, ապա շնորհակալություն հայտնեցի տկն. Գոհարին՝ կազմակերպական աշխատանքում միշտ աջակցելու համար, կենտրոնի տնօրինությանը՝ Տիգրանուհի Հակոբյանին և տկն. Թամարային՝ բեմադրության բոլոր հնարավորությունները ստեղծելու համար, կամավորականներին, արտթերապիայի մասնագետ Մարիամին, որ պատրաստեց քարայրի տեսարանը, ծնողներին, որ զորակցում են իրենց զավակներին իրենց ներկայությամբ և մեծացնում նրանց դժվարին պայմաններում, ի վերջո, հյուրերին, հատկապես, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին, որ կենտրոնի սաների կողքին է եղել կենտրոնի հիմնադրման օրերից ի վեր՝ որպես Կարիտասի նախկին աշխատակից, քաղաքապետարանի ներկայացուցիչներին:
Բեմադրությունն ավարտին հրեշտակներից մեկը՝ Կատրինը, շատ ազդեցիկ տոնայնությամբ ասաց հետևյալը.
«Աստված շատ սիրում է բոլորիս և խնդրում է, որպեսզի մենք հասկանանք դա և մենք էլ սիրենք Իր Հիսուսին, սիրենք միմյանց և մեր կյանքը, որ Աստված մեզ տվել է որպես մի թանկարժեք նվեր: Աստծո օգնությամբ մենք ամե՛ն ինչ կարող ենք…»
Տ. Հովսեփ Գալստյան
Հայկական Կարիտասի Հոգևոր խորհրդատու