Զրույց՝ «Մենությունը հաղթահարելու ուղիների մասին» մաս 3՝ Հայկական Կարիտասի Տարեցների ցերեկային խնամքի կենտրոնում
Այսօր, սիրելինե՛ր, կշարունակենք զրուցել մենության զգացման հաղթահարման ուղիների մասին: Նախորդ հանդիպմանը զրուցեցինք Աստծո ներկայությունը մեր կյանքում գտնելու կարևորության մասին, Աստծո անսահման սիրո և հոգատարության մասին: Ընթերցեցինք ավետարական պատմություններ՝ այն մասին, թե ինչպես էին աշակերտները նավարկում ծովում, որտեղ փոթորիկ բարձրացավ, և Հիսուս նրանց նավակի մեջ էր և արթնացավ ու խաղաղեցրեց փոթորիկը՝ նախատելով աշակերտների թերահավատությունը: Մյուս դրվագը դարձյալ ծովի տեսարանն էր, երբ Հիսուս ջրի վրա քայլելով եկավ աշակերտների մոտ և քաջալերեց նրանց հավատքը, Պետրոսը վստահեց ինքն էլ սկսեց ջրի վրա քայլելով մոտենալ Հիսուսին, բայց սուզվեց, որովհետև վախեցավ: Հիմնական ուղերձը այս պատմությունների այն էր, որ Հիսուս ամենադժվարին պահերին միշտ գալիս է մեզ մոտ և ասում է. «Սրտապնուեցէ՛ք, ես եմ, մի՛ վախեցէք»: Ուրեմն, Աստված միշտ մարդուն հրավիրում է միայնության մեջ լսել Իր աստվածային ձայնը, չվախենալ և մոտենալ իրեն՝ անվախ քայլելով այս աշխարհի դժվարությունների ալիքների վրայով, ինչպես Ինքը Տերն է քայլում և հաղթում աշխարհին:
Բայց չպետք է մոռանալ, որ Աստված մեզ պատվիրում է Իրեն մոտենալ ոչ թե մենակ, առանձին, այլ՝ բոլորս միասին, մեկ մարդկային ընտանիքով, որ Իր հիմնած և Իր կողմից առաջնորդվող Սուրբ Եկեղեցին է, այն ոչխարների խումբը, որոնք ճանաչում են Իր ձայնը և հետևում են Իրեն (Յվհ. 10, 5): Մենք բոլորս, ոչ մկրտված ենք Սուրբ Երրորդության անունով, կոչված ենք լինելու Տիրոջ ոչխարները, Տիրոջ ընտանիքը, բոլորս՝ որպես եղբայրներ և քույրեր, մայրիկներ, հայրիկներ, տատիկներ և պապիկներ՝ ոչ թե արյունակցական կապով միայն, այլ առավել՝ հոգևոր հարազատությամբ, որը հաստատել և շարունակում է հաստատել Հիսուս Քրիստոս մեր Տերը՝ Իր կյանքը տալով մեզ համար: Երբ որ Հիսուսին հայտնեցին, որ Իր մայրն ու եղբայրները եկել են Իրեն տեսնելու, Նա ասաց. «Ո՞վ է իմ մայրը եւ ովքե՞ր են իմ եղբայրները», և ցույց տալով Իր աշակերտներին՝ ասաց. «Ահա՛ իմ մայրը եւ իմ եղբայրները, որովհետեւ ով կատարում է կամքը իմ Հօր…նա՛ է ինձ եղբայր եւ քոյր եւ մայր» (Մտթ. 12, 50): Ուրեմն, սիրելինե՛ր, Հիսուսի հետ եղբայրներ և քույրեր ենք բոլոր նրանք, ովքեր կատարում են Աստծո կամքը, ովքեր են հանձն են առել կոչվել «քրիստոնյաներ», Քրիստոսի հետևորդներ, ուրեմն՝ և հանձն են առել կատարելու Աստծո կամքը: Իսկ ո՞րն է Աստծո կամքը:
Ես ուզում եմ ձեզ պատմել բարի սամարացու մասին Հիսուսի առակը և հրավիրել մտածելու վերոհիշյալ հարցի մասին: Օրենսգետներից մեկը մի անգամ հարցրեց Հիսուսին, թե ինչ պետք է անել՝ հավիտենական կյանքը ժառանգելու համար: Հիսուս նրան խնդրեց հիշել, թե ինչ է գրված Աստծո օրենքում: Օրենսգետը հիշեց երկու ամենակարևոր աստվածային պատվիրանները.
«Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով եւ քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ զօրութեամբ եւ քո ամբողջ մտքով. եւ պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը»: Բայց այսպես պատասխանող օրենսգետի համար այնքան էլ պարզ չէր, թե ով է իր ընկերը: Հիսուս պատմեց հետևյալը.
««Մի մարդ Երուսաղէմից Երիքով էր իջնում եւ ընկաւ աւազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրաւորեցին եւ կիսամեռ թողեցին ու գնացին։ Պատահեց, որ մի քահանայ նոյն ճանապարհով իջնի. նրան տեսաւ եւ թողեց անցաւ. նոյնպէս եւ մի ղեւտացի նոյն տեղով անցնելիս, տեսաւ եւ թողեց անցաւ։ Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկաւ նոյն տեղով նրա մօտ եւ տեսնելով նրան՝ գթաց։ Եւ մօտենալով՝ կապեց նրա վէրքերը, վրան ձէթ ու գինի ածեց եւ դնելով նրան իր գրաստի վրայ՝ տարաւ մի իջեւան եւ խնամեց նրան։ Եւ յաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, իջեւանատիրոջը երկու դահեկան հանեց տուեց եւ ասաց. «Խնամի՛ր նրան եւ ինչ որ ծախսես դրա վրայ, իմ միւս անգամ գալուն կը հատուցեմ քեզ»։ Արդ, ըստ քեզ, այդ երեքից ո՞րը մերձաւորի պէս վերաբերուեց նրան, ով աւազակների ձեռքն էր ընկել»։ Եւ սա ասաց. «Նա, ով նրան բարիք արեց»։ Յիսուս նրան ասաց. «Գնա՛ եւ դու նո՛յն ձեւով արա»» Ղկ. 10, 30-37։
Քահանան, որ կոչված էր Աստծո սպասավորը, Աստծո խոսքի քարոզիչը լինելու և ապրելու այդ խոսքի համաձայն, զանց առավ Աստծո պատվիրանը, մի կեղծավոր էր, որի նմաններին քննադատում էր Հիսուս՝ ասելով, որ սիրում են հրապարակներում առաջին ողջույններն առնել, ժողովարաններում նստել պատվո տեղերում, երկարացնել զգեստների ծոպերը, գրապանակներում աղոթքներ ունենալ՝ մարդկանց աղոթասեր ու բարեպաշտ երևալու համար, բայց իրականում նման էին սպիտակեցված գերեզմանների, որոնք ներսից լի էին կեղտով: Նրանք մարդկանց վրա դնում էին դժվարակիր բեռներ, իսկ իրենք մատով անգամ չէին ուզում այդ բեռները շարժել: Իսկ Հիսուս եկավ կարիքի մեջ հայտնված մարդու դժվարակիր բեռը Ի՛նքը շալակելու. «Եկէ՛ք ինձ մօտ բոլոր հոգնածներդ ու բեռնաւորուածներդ, եւ ես ձեզ կհանգստացնեմ», Մտթ. 11, 28:
Հաջորդը, որ անտարբեր անցավ կիսամեռ մարդու կողքով, մի ղևտացի էր՝ մեկն Իսրայելի այն ցեղերից, ովքեր Աստծո օրենքով կոչված էին կատարելու Սուրբ Խորանի սպասավորությունը: Սա էլ մի մարդ էր, որ սրբությանն էր ծառայում, կոչված էր աստվածահաճո մի ծառայության, բայց ևս զանց առավ «սիրի՛ր ընկերոջդ» պատվիրանը:
Միայն սամարացին էր, որ կանգ առավ և արեց այն, ինչ Աստված խնդրում է յուրաքանչյուր մարդուց: Սամարիան համարվում էր անհավատ մի երկրամաս, որտեղ շատ տարածված էին կռապաշտությունները: Եւ ահա ա՛յդ անհավատների միջից եկավ այն անձը, ով պահեց Տիրոջ ամենակարևոր երկրորդ պատվիրանը: Ուրեմն, հաճախ Աստծուն ավելի հավատարիմ են նրանք, ումից ամենաքիչն ենք ակնկալում այդպիսի հավատք և հավատարմություն: Այդ սամարացին ծախսեց իր ժամանակը, իր գումարը, երբ որ տարավ իջևանատուն և վճարեց, խոստացավ նաև վճարել հավելյալ ծախսերը՝ իր երկրորդ այցելության ժամանակ: Սա՛ է մեզանից ակնկալում Աստված, միմյանց համար նվիրել, զոհաբերել անշահախնդիր ձևով, հոգ տանել, պատասխանատվություն կրել միմյանց համար, այսինքն՝ ճիշտ հակառակը այն բանի, ինչ արեց Կայենը, երբ որ սպանեց Աբելին. Աստված հարցրեց Կայենին. «Ու՞ր է քո եղբայր Աբելը», Կայենը պատասխանեց. «Միթե՞ ես իմ եղբոր պահակն եմ»: Այո՛, յուրաքանչյուր մարդ իր ընկերոջ պահակն է, միայն այսպես կարելի է սիրել միմյանց:
Բարի սամարացին իրականում Հիսուս Ի՛նքն է, որ ևս մարդկայնորեն սերում էր անհավատ համարվող Գալիլիայից, որ եկավ պատմական այն ժամանակաշրջանում, երբ Աստծո ժողովուրդը կողոպտված էր թե արտաքին թշնամուց, որ սատանան է և հեթանոս ազգերը և թե ներքին թշնամուց, որ իրենց անտարբերությամբ դարձել էին քահանաներն ու ղևտացիները, օրենսգետները: Հիսուս եկավ փրկելու կիսամեռ հրեա ժողովրդին և ամբողջ մարդկությանը, տվեց իր կյանքը, որպեսզի փրկի մարդու կյանքը, գինին, որով մաքրեց վիրավոր մարդու վերքերը, Ի՛ր արյունն է, որ թափեց Խաչի վրա: Հիսուս մարդկությանը հանձնեց Եկեղեցու խնամքին, որ իջևանատունն է և խոստացավ հատուցել բոլոր ծախսերը Իր երկրորդ գալստյան ժամանակ:
Հիսուս միաժամանակ մեզ բոլորիս տվեց ընկերոջը սիրելու մի կատարյալ օրինակ. «Չկա աւելի մեծ սէր, քան երբ մարդ իր կեանքը դնի իր ընկերոջ համար», Յվհ. 15, 13: Հիսուսի օրինակով յուրաքանչյուրս պարտավոր ենք միմյանց սիրել՝ պատրաստ լինելով ինչ-որ բան զոհել մեր ունեցածից՝ ընկերոջ համար: Դու՛ք ամենքդ այստեղ կոչված եք հետևելու Հիսուսի օրինակին, որովհետև կոչվում եք «քրիստոնյաներ»՝ մարդիկ ովքեր հանձն են առել հետևելու Հիսուսի օրինակին, ովքեր կազմում եք Նրա ընտանիքի, այսինքն Եկեղեցու անդամները, որտեղ ամենակարևոր հարաբերությունը սերն է և միմյանց արժանապատվությունը հարգելը և ոչ թե միմյանց շահագործելը, վիրավորելը, բամբասելը, որոնք սատանայից են և ցանվում են Տիրոջ պարտեզի մեջ՝ մոլախոտերի նման: Այդ մոլախոտերը սատանան ցանում է նաև մեր մեջ, և մենք պետք է զգոն լինենք, որ ինքներս մեր մեջ զանազանենք ցորենը՝ մոլախոտից, չտրվենք սատանայի գայթակղությանը, հեռու մնանք ամեն տեսակ վեճերից, դատարկաբանություններից, մեծամիտ պահվածքից, հայհոյախոսություններից: Մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում իր ընկերոջ համար, իսկ այդ պատասխանատվությունը ապրելու և Տիրոջ առաջ պարզերես լինելու համար հարկավոր է, որ կարողանանք միմյանց մեջ գտնել լավը, դրականը՝ չկարևորելով վատը, ցավալով վատի համար, ջանալով օգնել, ոչ թե քննադատել, ստորացնել: Միայն այդպես կարելի է ընտանիք կառուցել: Այս կենտրոնը, որ Հայկական Կարիտասը տրամադրում է ձեզ, կոչված է լինելու ձեր հոգևոր ընտանիքի կառուցման և զարգացման վայրը: Բայց դու՛ք եք, որ կառուցելու եք այդ ընտանիքը՝ հետևելով Քրիստոսի ձայնին, ձեր խղճի ձայնին, հաղթահարելով ձեր ներքին վատ մղումները, մեղքի պատճառները, լռեցնելով վեճերը, տեղի չտալով բարկությանը, որպեսզի սատանան չհաղթի ձեզ և չքանդի ձեր ընտանիքը, որ ջանում եք կառուցել Հիսուսի օգնությամբ: Հարկ է օգնել ոչ թե սատանային, այլ Հիսուսին: Իսկ Հիսուս ասում է. «Ով ինձ հետ չի հաւաքում, ցրում է», Ղկ. 11, 23:
Տ. Հովսեփ Գալստյան
19 մարտի 2019թ.
Հայկական Կարիտասի Տարեցների ցերեկային խնամքի հայ կաթողիկէ սոցիալական կենտրոն