Մարդկային կյանքը սուրբ է բեղմնավորման պահից
Ինչու՞ ենք այդքան վստահ, որ մենք իրավունք ունենք ինքներս որոշելու`որ երեխան պետք է ապրի ու արժանանա մեր ընտանեկան սիրուն, որը`ոչ, կամ թե ո՛ր սեռն է ավելի արժանի մեր կյանքի ու կարիերայի ծրագրերի մեջ տեղավորվելու, որը`ոչ…երևի, հասարակական դիրքի հետևից կուրորեն վազելիս մոռանում ենք, որ մենք աստվածներ չենք, որ կյանքի դատ անելու իրավունք չունենք, որ մեր կյանքն ինքնին Աստծու պարգևն է, որի համար ամեն վայրկյան պետք է երախտապարտ լինենք ու մեր երեխաներին էլ չզրկենք կյանքի պարգևը վայելելու հնարավորությունից, կյանքի, որը նրանց Աստված է պարգևել` մեզ որպես գործիք օգտագործելով: Այո, մենք`գործիքներս, որ մի քիչ ստեղծագործել գիտենք, սիրում ենք ինքներս մեզ աստվածներ պատկերացնել ու բաբելոնյան աշտարակներ շինել: Ու երբ մի օր ծնկի ենք գալիս ամենատափակ հիվանդությունից, առիթ ունենք հասկանալու մեր չնչինությունը Աստծո ու կյանքի նկատմամբ…բայց հասկանու՞մ ենք: Իրո՞ք մենք այնքան վստահ ենք մեր վրա, որ մտածում ենք, թե մեր կյանքը մեր գծած ուղիով պետք է ընթանա: Նույնիսկ այդ մասին մտածելն է ծիծաղ առաջացնում: Հայրը կամ մայրը, ով պատրաստ է իր չծնված աղջիկ երեխային աբորտ անել, կամ ավելի ստույգ` սպանել, կտրատել հանուն այն կարծրատիպի, որ տղան է իր անունն ու գործը շարունակելու կամ իրեն ծերության ժամանակ տաքուկ անկյուն ողորմելու, ոչ թե աղջիկը, առնվազն ծիծաղելի եսամոլություն է, սին փառամոլություն, սխալ հայրենասիրություն, որը, ըստ էության, շովինիզմի անհատական տեսակն է: Այդ դեպքում ո՞րքան տարածություն է մեզ բաժանում ֆաշիստների եվգենիկայից կամ գենային մոդելավորումից, կամ՝ էվթանազիայից: Սրանք բոլորը, վստահ եմ, սեփական եսը, տեսակը բացարձակեցնելու ձգտումից են սկիզբ առնում: Միգուցե, այդ երևույթները պատմություն են ստեղծում, անուն և հարմարավետություն ապահովում, բայց դրանք մահաբեր են և ուղղված են Աստծո դեմ:
Ո՞րն է աբորտի դիմելու հիմնական պատճառը: Հարցը լուրջ մասնագիտական, անկողմնակալ, ամբողջական ուսումնասիրությունների կարիք ունի.այդպիսիք դեռևս չկան: Ինչքան որ ինձ հաջողվել է նկատել ու հասկանալ, կարծում եմ ամենագլխավոր ցավն այն է, որ շատ մայրեր վստահ են կամ, ավելի շուտ, իրենք իրենց ջանում են վստահեցնել, որ իրենց մեջ ձևավորվող երեխան, դեռևս մարդ չէ, անհատ չէ, այլ` սերմի, արյան ինչ-որ անհասկանալի զանգված: Այսպես մտածելը երևի ինքնարդարացման հող է պատրաստում և լռեցնում խղճի ձայնը: Չի կարելի անտեսել, որ սոցիալական ծանր պայմանները, աղքատության, գործազրկության բարձր մակարդակը, ամուսնու արտերկրում աշխատելը և այլ բազում խնդիրներ իրոք լուրջ պատճառ կարող են լինել չպլանավորված հղիությունը չցանկանալու և ընդհատելու համար, բայց վստահ եմ, նաև որ շատ հաճախ կարիերա զարգացնելու մոլուցքը, պարզապես երեխա խնամելու հոգսից խուսափելը, միայն երկու զավակով ընտանիքի մոդելի ավանդական կամ սովորութային կարծատիպը, անպատճառ տղա ունենալու ցանկությունը ավելի զորեղ են ու ավելի մեծ տեղ ունեն աբորտների սարսափելի իրականության դրդապատճառների մեջ, քան՝ աղքատությունը: Սոցիալական պայմանները, գոնե ինչքան որ ես եմ նկատել, հաճախ ոչ լուրջ արդարացում են դառնում՝ պատասխանատվությունից խուսափելու և չծնված երեխային սպանելու համար: Գյումրիի անօթևանների մեջ կան տասնյակ ընտանիքներ, որտեղ աղքատության մեջ մեծանում են երեք, չորս, մինչև անգամ տասից ավելի երեխաներ: Այդ երեխաները, գուցե, կիսասոված են, բայց սպանված չեն: Եվ չի կարել ինքներս մեզ խաբելու հանգստացնելու համար ասել, որ աղքատ ծնողների՝ աբորտի համար գումար չունենալու պատճառով են այդ երեխաները լույս աշխարհ եկել: Նույնիսկ, եթե ոմանց պարագայում այդպես է, ավելի լավ է աղքատ լինել ու չկարողանալ սպանել:
Ամերիկայի Յութահ նահանգի բժշկության համալսարանի պրոֆեսոր նյարդակենսաբան դոկտոր Մորին Քոնդիկը, ով ուսումնասիրել է մարդկային էմբրիոնի զարգացումը և ելույթներ ունեցել Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում ընդդեմ աբորտների պրակտիկայի, գիտական ուսումնասիրություններով եզրակացնում է, որ կնոջ արգանդում բեղմնավորված բջիջը կամ զիգոտը, որը զարգանում և դառնում է երեխա, բեղմնավորման պահից իսկ արդեն մարդ անհատ է, թեկուզ պոտենցիալ ձևով, եթե կուզեք: Զիգոտի բոլոր մասերը ներդաշնակ ձևով սկսում են ձևավորել կառուցվածքներ ու հարաբերություններ, որոնց ծրագիրը մարդկային օրգանիզմի ձևավորումն է, զարգացումը, ծնունդը, կյանքի ընթացքը մինչև մահ: Այսինքն, ըստ այդ բացատրության, զիգոտն արդեն իր մեջ կրում է մարդկային օրգանիզմի ամբողջ տեղեկությունը, ծրագիրը և դրանով իսկ տարբերվում է առանձին ձվաբջիջներից: Զիգոտը մի բջիջ է` ամբողջապես ավարտուն մարդկային օրգանիզմի հատկություններով, այն <<մի անհատ է, որի համար սահմանված է ցուցաբերել կյանքի գործառույթներ` առանձին գործառույթներով և փոխադարձաբար իրարից կախյալ օրգանների միջոցով, այն կենդանի էակ է>>.այսպես է բնորոշում դոկտոր Քոնդիկը: Նույն մասնագետը, հիմնվելով նաև այլ գիտնականների եզրակացությունների վրա, Ներկայացուցիչների պալատում հայտարարեց, որ բացառված չէ, որ երեխան մոր արգանդում ցավ զգալու ունակություններ ունենա արդեն բեղմնավորման 8-րդ շաբաթից սկսած: Իսկ 20-րդ շաբաթից սկսած, երեխան մոր արգանդում կարող է ցավ զգալ նույն կերպ, ինչպես նորածինը: Այդ եզրակացությունը միայն Քոնդիկինը չէ.դեռևս 1980-ականներին Միացյալ Նահանգներում նման եզրակացությունների հանգեցին դոկտոր Սթիվեն Զիլինսկին և նրա համախոհները, ովքեր պնդում էին նաև, որ երեխան 8,5 շաբաթականում կարող է նույնիսկ լացել, նրա դեմքի միմիկան փոխվում է շատ խոսուն ձևով: Բժիշկներին խնդրում եմ ուղղել ինձ, եթե սխալվեմ, բայց իրենք էլ կարող են փաստել, որ երեխան աբորտի ժամանակ խուսափում է գործիքից: Եվ գիտենք, որ Հայաստանում էլ, որոշ հաստատություններում, շատ են դեպքերը, երբ աբորտը կատարվում է նաև հղիության շատ ուշ շրջանում, և ըստ ցանկության աբորտները, ոչ թե ըստ բժշկական ցուցումների: Ուրեմն, ըստ Քոնդիկի եզրակացության, ստացվում է, որ ասենք 1 շաբաթական երեխային աբորտի զոհ դարձնելը նույնն է, ինչ նորածին երեխային սպանելը, որովհետև երկուսն էլ մարդ անհատներ են, պարզապես առաջինի սպանությունը տեղի է ունենում կուլիսների հետևում` արգանդում:
Մեկ կարևոր կետ էլ ուզում եմ առանձնացնել: Կնոջ այսպես կոչված <<աբորտի իրավունքը>> և երեխայի կյանքի իրավունքը: Երբ մայրը որոշում է աբորտ անել իր երեխային, ու՞մ իրավունքն է պետք ավելի կարևորել` մոր կամքը, թե երեխայի կյանքի իրավունքը, մոր հարմարավետությու՞նը, թե` երեխայի անվտանգությունը: Սա շատ խորքային հարց է: Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի մեջ <<աբորտի իրավունք>> հասկացություն գոյություն չունի, կա մարդու ազատության իրավունք, մարդու կյանքի իրավունք, բայց աբորտի` ոչ: Կոնվենցիայում ամրագրված է, որ հղի կնոջ իրավունքներն ու շահերը չեն կարող միշտ գերիշխել և չի կարելի դրանք իրականացնել երեխայի կյանքի իրավունքը ոտնահարելով: Այսինքն, մոր կամքը չի կարող գերակայել երեխայի կյանքի արժեքին: Կոնվենցիայի 8-րդ հոդվածը սահմանում է, որ մոր ինքնավարությունը չի պարունակում աբորտի իրավունք: Մի քանի ամիս առաջ Ֆրանցիսկոս Պապը աբորտի մասին ասաց հետևյալը.<<Չկա մի մարդկային կյանք, որն ավելի կարևոր լինի, քան մեկ այլ կյանք…>>: Իսկ Բենեդիկտոս 16-րդ Պապը սովորեցնում էր.<<Աստծո սերը խտրություն չի դնում մայրական արգանդում գտնվող սաղմի, արդեն ծնված երեխայի, կամ երիտասարդ, հասուն ու տարեց մարդկանց միջև: Աստված խտրություն չի դնում, որովհետև նրանցից յուրաքանչյուրի մեջ Նա տեսնում է սեփական պատկերի արտացոլումն ու նմանությունը…>>: Կաթողիկե Եկեղեցու կրոնագիտության 5-րդ հոդվածի 2258 կետում գրված է.<<Մարդկային կյանքը սուրբ է, որովհետև ի սկզբանե այն Աստծո ստեղծագործությունն է և այն ընդմիշտ մնում է հատուկ հարաբերության մեջ իր Արարչի հետ, ով մարդկային կյանքի միակ նպատակն է: Միայն Աստված է Տերը կյանքի, սկզբից մինչև վերջ.ոչ ոք ոչ մի դեպքում չի կարող ինքն իրեն իրավունք վերապահել ուղղակիորեն ոչնչացնելու անմեղ մարդկային կյանքը>>: 1995թ. Evangelium Vitae շրջաբերականում Հովհաննես Պողոս Բ Սրբազան Պապը գրեց, որ Եկեղեցու ուսմունքը հղիության արհեստական ընդհատման մասին <<անփոփոխ ու անփոփոխելի է,-և ավելացնում է,-ես հայտարարում եմ, որ ուղղակի աբորտը, այսինքն` դիտավորյալ աբորտը` մտադրյալ որպես նպատակ կամ միջոց, միշտ ծանր բարոյական սխալ է, քանի որ այն անմեղ մարդկային էակի դիտավորյալ սպանություն է: Այս վարդապետությունը հիմնված է բնական օրենքի և Աստծո գրված խոսքի վրա…Ոչ մի հանգամանք, ոչ մի նպատակ, ոչ մի օրենք, ինչ էլ լինի, չեն կարող երբևէ օրինական դարձնել մի գործողություն, որը ի բնէ անօրեն է, որովհետև այն հակառակ է Աստծո օրենքին, որը գրված է յուրաքանչյուր մարդու սրտում, ճանաչելի է բանականությամբ և քարոզվում է Եկեղեցու կողմից>> (62):
Եվ վերջում մի քանի վիճակագրական տվյալ բերեմ: ՄԱԿ-ի տվյալներով ամեն տարի աշխարհում կատարվում է մոտ 45մլն. աբորտ, որից մահանում է մոտ 70.000 մայր: Ամեն օր աշխարհում կատարվում է մոտ 125.000 աբորտ, այսինքն` 1 ժամվա ընթացքում` մոտ 5200, ստացվում է, որ ամեն վայրկյան աշխարհում ինչ-որ մի վայրում 1-2 երեխայի համար իր մոր արգանդը դառնում է իր գերեզմանը: Եվ սրանք միայն գրանցված, վիրահատական միջոցներով աբորտների թվերն են: Միայն 2012թ. Հայաստանում կատարվել է 13.700 աբորտ, 13.700 երեխայի մահ` ծնողների կամքով, իսկ ծնունդների թիվն այդ տարի եղել է 42.500: 2013թ. տվյալները դեռևս չեն հրապարակվել: Սա` ըստ ազգային վիճակագրության տվյալների: 100 կենդանածին կամ մեռած ծնվածների հաշվով 2012թ. գրանցվել է 31.7 աբորտ, այսինքն` 31 տոկոսը: Սա դարձյալ միայն գրանցված, վիրահատական միջոցներով կատարված աբորտների թիվն է, ինչքա՛ն էլ կան, որ չեն գրանցվում որոշ բժիշկների օրենքը շրջանցելու և իրենց գրպանները լցնելու պատճառով, կամ պարզապես տնային պայմաններում հղին դեղորայքով վերջ է տալիս իր երեխայի կյանքին: Հայաստանում 50-ը բոլորած կանանցից շատերը իրենց կյանքում միջինը 5-6 աբորտ են անում և առողջական խնդիրներ ունենում, որոնց մասին բժիշկները կվկայեն: Մի քանի օր առաջ առողջական խնդիրներով մի կնոջ հանդիպեցի, ով 14 աբորտ էր ունեցել: Ծանոթներ ունեմ, որ նույնիսկ հաշիվն են կորցրել, թե քանի հղիություն են ընդհատել: Չխոսենք էլ նրա մասին, թե Հայաստանի նման երկրին սա ինչ ահռելի վնաս է` աշխատուժի պակաս, ծերացում, սեռերի անհամամասնություն. Հայաստանում, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի վերլուծություններով (որոնք թեև վերջնական ու ամբողջական չենք համարում), 100 աղջկա դիմաց ծնվում է միջինը 114 տղա.այս ցուցանիշով մենք մոտենում ենք Չինաստանին, որտեղ միջինը 118 տղա է ծնվում 100 աղջկա դիմաց: Հայաստանում նման մինչև 15 տարեկանների մեջ տղաների թիվը 39000 ով ավելի է աղջիկների թվից:
Ընդհանրապես Հայաստանում երրորդ զավակ ունենալը ամոթի նման մի բան է դարձել հատկապես վերջին 10-15 տարիներին, երբ սեռով պայմանավորված աբորտներ սկսեցին անել արդեն 2-րդ և նույնիսկ 1 երեխան տղա ունենալու անհագ ցանկությամբ:<<Դու հո՞ Եհովայի վկա չես, որ երրորդ երեխա ես ունենում>>.հարցրեց ինձ մի անգամ ծանոթս: Աստծուն ընդառաջ գնալու և նրա ամենամեծ պարգևը շնորհակալությամբ ընդունելու համար պետք չէ լինել աղանդավոր, այլ ընդամենը հարկ է խոնարհությամբ և մեծ հույսով գրկաբաց ընդունել Աստծո կամքը, Աստծո նվերը: Պետք չէ վախենալ, երբ վստահում ենք Աստծուն, շատ դռներ են բացվում մեր առջև: Երբ մենք ընդառաջ ենք գնում Աստծուն, Աստված էլ մեզ է ընդառաջ գալիս: Աստվա՛ծ, Սուրբ Կույս Մարիամի բարեխոսությամբ պահպանիր մեր բոլոր այն երեխաներին, որոնք դեռ պիտի ծնվեն և օգնիր մայրերին հասկանալ իրենց մեջ ապրող կյանքի արժեքը:
Լևոն Գալստյան