• Տոն հիշատակության Սբ. Ներսես Հայրապետի և Խադի

    Ճաշի կամ ընթրիքի չէր նստում՝ առանց սեղանակից ունենալու աղքատներ, կույրեր, կաղեր, ցավագարներ, որոնց անձամբ էր սպասարկում և վերքերը դարմանում:


    Հայաստանյաց եկեղեցու հայրապետների մեջ սքանչելի, մարգարեական հոգով լցված և առաքելական վաստակով պայծառացած, Մեծն Ներսեսը սերում էր պարթև Արշակունիներից, և թոռան թոռն էր Ս. Գրիգոր Լուսավորչի:

    Տակավին մանուկ՝ ուղարկվեց Կեսարիա՝ վարժվելու հելլենական դպրությանը, և հատկապես աստվածային գրքերի ուսումնասիրությանը:

    Կեսարիայից գնաց Պոլիս, ուր ևս առավել խորացրեց իր ուսումը, և սիրելի դարձավ տեղացի հույներին ու հայերին: Այնտեղ փեսան դարձավ մի երևելի իշխանի, և ունեցավ մի որդի, որի անունը դրեց Իսահակ, որ նույն ինքը Սահակ Պարթև հայրապետն էր:

    Երբ Արշակի թագավորության երկրորդ տարին մեռավ հայոց Փառներսեհ կաթողիկոսը, եպիսկոպոսները, թագավորի և նախարարների հետ ժողով գումարելով, կաթողիկոսական աթոռին արժանավորագույնը համարեցին Մեծն Ներսեսին, և այս նպատակով էլ պատգամավորներ ուղարկելով՝ նրան Հայաստան բերել տվեցին:

    Երանելին շատ հակառակվեց իր խոնարհության պատճառով, սակայն Աստծո կամքին հակառակ չգնալու համար՝ հանձն առավ իրեն առաջարկված պաշտոնը, պայման դնելով սակայն, որ ինքն անաչառորեն պետք է հանդիմանի հանցագործներին և Աստծո պատվերին հակառակ գործողներին:

     

    Երբ համաձայնեցին նրա բոլոր պայմաններին, այն ժամանակ Կեսարիա ուղարկվեց՝ Եվսեբիոս եպիսկոպոսապետի ձեռամբ եպիսկոպոս ձեռնադրվելու համար՝ 364 թվականին:

     

    Երբ առաջին քահանայապետական Սուրբ Պատարագը մատուցեց, Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ և նստեց նրա գլխի վրա:

    Ապա վերադարձավ Հայաստան, ուր մեծաթափոր հանդեսներով նրան ընդունեցին Արշակ թագավորը, նախարարները և համայն ժողովուրդը, և մեծ փառքով Վաղարշապատ տանելով՝ բազմեցրին Էջմիածնի Աթոռին:

     

    Հազիվ պաշտոնը ստանձնած՝ Սբ. Ներսեսը սկսեց մեծ թափ տալ եկեղեցական բարեկարգությանը՝ վերահաստատելով թուլացած ավանդույթները, զարգացնելով անուսումներին, խրատելով անուղղելիներին, և բոլորին վարակելով իր սրբությամբ:

     

    Հավանությամբ Արշակի՝ սուրբ հայրապետն ընդհանուր ժողով գումարեց Տարոնի Աշտիշատ ավանի մեջ, մասնակցությամբ թագավորի, եպիսկոպոսների և ավագ իշխանների: Այս ժողովի ժամանակ կայացված կարևոր որոշումներից են.

     

    Ա. – Եկեղեցու և արքունիքի մեջ պահել նվիրապետական կարգը՝ ըստ պատվավոր աստիճանի և ավագության:

    Բ. – Պահել ամուսնության օրինավոր կարգը՝ արգելելով մինչև յոթ սերունդ մերձավորների միջև ամուսնությունը, և խորշել մերձավոր խնամությունից, որպեսզի իշխանները և ազատները իրենց մերձավոր ազգականների հետ ամուսնություններ չկնքեն՝ հայրենի ցեղապետությունը պահելու պատրվակով:

    Գ. – Թաղման կարգը կատարել՝ ըստ քրիստոնեական օրենքի, և ոչ թե հեթանոսների նման ողբալով և սգալով մեռելի վրա, իբրև թե անհույս են նրանց հարության համար:

    Դ. – Չհալածել ուրուկներին (բորոտներին)՝ հրեական կամ հեթանոսական օրենքով նրանց աքսորելով անբնակ վայրեր, անդարման և սովալլուկ՝ կեր դարձնելով գազաններին. այլ այսպիսի ցավագնոտների (հիվանդների) համար հիմնել հանգստավայրեր Հայաստանի տարբեր գավառներում: Կառուցել ուրկանոցներ՝ բորոտների համար, անկելանոցներ՝ կույրերի, կաղերի և հաշմանդամների համար, ինչպես նաև հիվանդանոցներ, որբանոցներ, այրիանոցներ, աղքատանոցներ, օտարանոցներ, հյուրանոցներ և հոգետներ, և նրանց համար սահմանել հասութաբեր գյուղեր և ագարակներ՝ վերակացուներով և պաշտոնյաներով հանդերձ: Եվ այս ամենի վրա ընդհանուր հոգաբարձու է կարգում երանելի Խադ սարկավագին՝ Կարին գավառից:

    Ե. – Կրոնավորական կարգը ընտրողները պետք է համապատասխանեն վանական կանոններին: Նրանք չպետք է դեգերեն քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, կամ իջևանեն աշխարհականների տներում:

    Եվ քանի որ իր ժամանակ կրոնավորները շատ էին և եղած վանքերը անբավարար էին՝ նրանց բոլորին պատսպարելու համար, հրաման տվեց, որ նոր վանքեր և մենաստաններ կառուցեն, ըստ յուրաքանչյուրի կարիքների ու վիճակի:

    Այս ընթացքով գեղեցկացավ և պայծառացավ Հայաստան աշխարհը՝ նորանոր տաճարներով, վանքերով և եկեղեցիներով: Ասում են, թե Մեծն Ներսեսը 2040 վանք է կառուցել: Բացի այդ, ավելացրեց նաև հույն և ասորի դպրության կրթարանները (քանի որ հայերը տակավին սեփական գիր չունեին)՝ հոգ տանելով, որ Եկեղեցու սպասավորությունը լինի լավագույնը՝ գիտությամբ և աստվածային իմաստությամբ:

    Իր հայրապետանոցի զարդն էր աղքատների հյուրասիրությունը: Ճաշի կամ ընթրիքի չէր նստում՝ առանց սեղանակից ունենալու աղքատներ, կույրեր, կաղեր, ցավագարներ, որոնց անձամբ էր սպասարկում և վերքերը դարմանում:

    Այսպիսի վայելուչ կարգերով պայծառացավ Հայաստանյաց Եկեղեցին՝ Մեծն Ներսեսի օրոք: Եպիսկոպոսների և իշխանների միաբան խորհուրդով և թագավորի հավանությամբ որոշեցին, որ այնուհետև ազգի ընդհանրական եպիսկոպոսապետին այլևս չստիպեն Կեսարիայի եպիսկոպոսապետից ընդունել իր ձեռնադրությունը՝ առաջվա նման, – ինչը որ մեծ դժվարությունների և գժտությունների տեղիք տվեց հայերի և հույների միջև, այլ ազգի եպիսկոպոսների կողմից ձեռնադրվի որպես ազգային պատրիարք: Եվ սրա հիման վրա Ս. Ներսեսին անվանեցին պատրիարք՝ այսինքն հայրապետ, և այս սովորությունը մնաց հաջորդ աթոռակալների մեջ՝ մինչև այսօր:

     

    Այն ժամանակներում թշնամություն ծագեց հայոց Արշակ թագավորի և հռոմեացիների Վաղենտիանոս կայսեր միջև: Այս պատճառով կայսրը սպանել տվեց Արշակի եղբորը՝ Տրդատին, որը պատանդ էր իր մոտ: Եվ իր Թեոդոս սպարապետին մեծ զորքով Հայաստանի վրա ուղարկեց: Արշակը աղաչեց Սբ. Ներսեսին, որ հաշտության մի միջոց գտնի կայսրի հետ:

     

    Սբ. Ներսեսն անմիջապես դիմավորեց Թեոդոսին իր ավագանու հետ, և համոզիչ խոսքերով իջեցրեց նրա բարկությունը և նրանից խոստում վերցրեց Հայաստանին վնաս չհասցնել: Նույնիսկ Սբ. Ներսեը մինչև արքունի դուռը գնաց, ուր ամենայն իմաստությամբ և շնորհաբուխ խոսքերով համոզեց ինքնակալին հայերի հետ խաղաղություն կնքել:

     

    Կայսրը մեծապես համակրելով Սբ. Ներսեսին՝ վերադարձրեց նաև պատանդներին՝ Տիրիթ Արտաշեսյանին՝ Արշակի եղբորորդուն, Գնել Տրդատյանին՝ Արշակի մյուս եղբորորդուն: Եվ քանի որ զուր սպանել էր Տրդատին՝ ավելի գթություն ցույց տվեց նրա որդուն՝ Գնելին, և նրան հյուպատոսության պատիվ և գանձեր շնորհեց: Ու լսելով նաև, որ մահացել է Արշակ արքայի կինը, նրան կնության տվեց իր ազգականուհուն՝ Օղիմպիադա չքնաղ օրիորդին:

    Այսպես վերադարձավ Սբ. Ներսեսը Հայաստան, և ուրախացան համայն ժողովուրդն ու Արշակ արքան:

    Բայց շատ ժամանակ չանցած՝ Արշակը ոտնակոխ արեց Սբ. Ներսեսի բարիքը և կայսեր սերը՝ գործակցությամբ Տիրիթի:

    Երբ Տիրիթը տեսավ, որ իր եղբորորդի Գնելը մեծ բարձունքի հասավ, փեսայացավ Սյունյաց Անդովկ Նահապետին՝ և կնության առավ նրա Փառանձեմ դստերը, նախանձեց և սկսեց նրա մասին չարախոսել Արշակի մոտ:

    Եվ Արշակը, որ աչք էր դրել Գնելի ստացածին և նրա կնոջը, սպանել տվեց Գնելին և առավ նրա կնոջը՝ Փառանձեմին: Եվ քանի որ տակավին ողջ էր Օղիմպիադա թագուհին, Փառանձեմը նրան սպանել տվեց Մրջնիկ անունով մի սուտ քահանայի ձեռքով՝ մահադեղ խառնելով Սուրբ Հաղորդության մեջ, և ինքը նրա փոխարեն եղավ թագուհի:

     

    Այս բոլոր չարիքները լսելով՝ Սբ. Ներսեսը խոր սգի մատնվեց, անիծեց Արշակին և նրա գործակիցներին, և մայրաքաղաք Վաղարշապատից հեռանալով՝ առանձնացավ մի վանքի մեջ:

     

    Այս դեպքերից հետո Արշակի նախարարներն էլ Արշակի դեմ թշնամացան՝ Արշակավան վատանուն քաղաքի պատճառով և նրա դեմ հրահրեցին պարսից Շապուհ արքային:

    Մինչ Արշակը վարանում էր, Վաղենտիանոս կայսեր եղբայրը՝ Վաղեսը, իմանալով, որ Արշակը հռոմեացիներին արհամարհելով՝ պարսիկների հետ է գործակցում, դարձյալ Թեոդոս սպարապետին բազմաթիվ զորքերով Հայաստանի վրա ուղարկեց՝ այն ավերելու համար:

     

    Արշակը տագնապեց, և դարձյալ Սբ. Ներսեսին դիմեց՝ միջնորդությամբ նախարարների, խոստանալով ապաշխարել և դարմանել իր գործած չարիքները, եթե խաղաղություն հաստատի:

     

    Սբ. Ներսեսը դարձյալ զիջեց միջնորդների թախանձանքներին, և նախ նախարարներին հաշտեցրեց թագավորի հետ, ուխտ հաստատելով նրանց միջև, որ թագավորը պետք է հետամուտ լինի շինարարության, իսկ նախարարները նրան խոստանալով հպատակություն:

     

    Ապա անձամբ գնալով Թեոդոսին ընդառաջ՝ նրան համոզեց վնաս չհասցնել Հայաստանին, խոստանալով նրան հարկ և պատանդներ, որոնցից էր Պապ Արքայորդին:

     

    Թեոդոսը լսեց Սբ. Ներսեսի աղերսանքները, և հորդորեց կրկին իր հետ միասին արքունի դուռը գնալ՝ պատանդներով հանդերձ:

     

    Վաղեսը, որ արիոսյան[1] էր, երբ լսեց սուրբ մարդու գալուստը, իր ամբողջ ցասումը թափեց նրա վրա, և հրամայեց նրան աքսորել երկու սարկավագներով և մի քանի քահանաներով:

     

    Ճանապարհին նավը ալեկոծության մեջ ընկնելով՝ ընկղմվեց, իսկ մեջինները ելան ամայի մի կղզի, ուր կերակրվում էին միայն ծառերի արմատներով, քանի որ ուրիշ ուտելիք չկար: Այնուհետև՝ Սբ. Ներսեսի աղոթքի շնորհիվ, ծովը սկսեց ձկներ դուրս տալ ցամաք, և այսպես կերակրվեցին ինն ամիս: Նույն կերպ երանելի հայրապետն իր աղոթքով քաղցրահամ ջուր բխեցրեց կղզու մեջ:

    Երբ Վաղեսը չարաչար մահվամբ մեռավ, նրա փոխարեն թագավորեց բարեպաշտ Թեոդոսը, որն իր աքսորավայրից վերադարձրեց Սբ. Ներսեսին, ով թագավորանիստ քաղաք գալով մասնակցեց Կ. Պոլսի ժողովին:

     

    Երբ պատրաստվում էր Հայաստան վերադառնալ, լսեց Արշակի վտարանդությունը և չարաչար մահը, և Հայաստանի ավերումը՝ պարսիկների կողմից: Այս պատճառով խնդրեց Մեծն Թեոդոսից, որ Պապին թագավոր կարգի Հայաստանի վրա:

     

    Թեոդոսը կատարեց Մեծն Ներսեսի բաղձանքը, և բանակով Պապին Հայաստան ուղարկեց: Պարսից թագավորը այս լսելով՝ ստվար գնդով արշավեց Հայաստանի վրա:

     

    Սբ. Ներսեսը քաջալերեց մարտիկներին, որ աներկյուղ մարտնչեն հավատքի թշնամիների դեմ, և ինքը Նպատ լեռան վրա ելնելով՝ բազկատարած աղոթում էր, մինչև որ հայերը լիակատար հաղթանակ տարան:

     

    Երբ Հայաստանը խաղաղվեց, Ս. Ներսեսը հորդորեց Պապ թագավորին և նախարարներին՝ քայլել Աստծո օրենքների և պատվիրանների ճանապարհով: Բայց, որովհետև Պապը խակամիտ[2] էր, չուզեց անսալ սրբի խրատներին. ընդհակառակը, ուզեց դավ նյութել նրա կյանքի դեմ: Եվ մի օր նրան ճաշի հրավիրելով՝ գինու բաժակի մեջ թույն խառնեց և խմեցրեց նրան:

     

    Երբ երանելին հասկացավ իրողությունը, թագավորին ասաց. «Ես սիրով կըմպեմ այս բաժակը, բայց ո՛վ թագավոր, եթե ես դրան արժանի էի, դու՝ որպես այր թագավոր պետք է ինձ հրապարակավ սպանեիր: Ո՞վ կարող էր քեզ արգելք հանդիսանալ… »

     

    Այնուհետև ոտքի ելավ և գնաց իր եկեղեցին: Նրան հետևեցին բազմաթիվ իշխաններ և պաշտոնյաներ՝ որոնցից էր Մեսրոպ Մաշտոցը: Նրանք շատ ջանք թափեցին, որ հակաթույների միջոցով չեզոքացնեն դեղի ազդեցությունը, բայց սուրբը մերժեց:

    Բայց հարկ համարեց նրանց պատմել այն տեսիլքը, որ Աստված էր ցույց տվել անբնակ կղզու մեջ, և որի մասին մինչ այդ որևէ մեկին չէր պատմել: Նրանց մեկ առ մեկ պատմեց Արշակունյաց տոհմի հայոց թագավորության վերացումը, Լուսավորչի տնից քահանայական ցեղի վերանալը, վանքերի ապականությունը, նետողների ազգի (թաթարների) հարձակումը, արևելյան թագավորության զորանալը և իր երկրի ավերումը, Երուսաղեմ սուրբ քաղաքի գրավումը և սուրբ խաչի գերումը, և այլևայլ փոփոխություններ, որոնք պետք է կատարվեին տիեզերքի մեջ, մինչև Նեռի գալուստը:

     

    Երբ հոգնեց խոսելուց, արյունը սկսեց հոսել բերանից երկու ժամ, և նա այս վիճակում Աստծուց թողություն էր խնդրում իրեն սպանողների համար: «Եվ մինչ ակնապիշ նայում էինք նրան,- ասում է Մաշտոցը ճառընտիրների մեջ,- և համակված էինք սուգով, աղոթելով ավանդեց իր հոգին»:

     

    Եվ մեծ սուգ ու կոծ արեցին քահանաներն ու նախարարները, և Պապ թագավորն էլ կեղծավորաբար սուգ մտավ, և մեծ պատիվներով թաղել հրամայեց սուրբին Եկեղյաց գավառի Թիլ ավանում:

     

    Սբ. Ներսեսը հայրապետական աթոռին նստեց քսան տարի և մեռավ հազիվ հիսուն տարեկան հասակում՝ 383 թ.: Նրա գերեզմանի վրա կատարվում էին բազմաթիվ բժշկություններ:

     

    Սուրբ Ներսես հայրապետի մարմինը մնում էր ամփոփված Թիլ ավանում, և նրա վրա անպակաս էին հրաշագործությունները: Այսպես շարունակվեց մի քանի դար, մինչև որ մեծ պատերազմ ծագեց պարսից թագավոր Խոսրովի և հույների կայսր Հերակլի միջև: Հայաստանը նույնպես մեծ ավերածություններ կրեց այս պատերազմների ժամանակ, և քանդվեց Թիլ ավանը, ու սրի մատնվեցին սուրբի գերեզմանի սպասավորները, և այնուհետև Սբ. Ներսեսի նշխարների հետքը կորսվեց:

     

    Միայն 1272 թ. Հակոբ Կլայեցի կաթողիկոսի օրոք, հրաշքով հայտնաբերվեցին Սուրբի մասունքները:

    Բայց, թե այսօր որտեղ են գտնվում այդ նշխարները, դժբախտաբար մեզ հայտնի չէ: Մեր եկեղեցական-ազգային պատմության մեջ Ներսես Մեծը նշանավորվում է իբրև նախապատրաստող հայկական ինքնազարթոնքի և քրիստոնեական վերածննդի մեծ գործի:

     

    Խադ եպիսկոպոսը եղել է Ներսես Մեծ հայրապետի հավատարիմ գործակիցը: Երանելի Խադը վախճանվել էր Սբ. Ներսեսից առաջ, հավատարմորեն և մեծ ձեռնահասությամբ կատարելով իրեն հանձնված պաշտոնը՝ որպես հոգաբարձու հիվանդների և աղքատների: Սակայն նա քննադատվում էր՝ որպես ձի հեծնող և շքեղ հանդերձներ կրող, այս պատճառով նա հրաժարվեց դրանցից, և այնուհետև խարազնազգեստ[3] շրջեց մինչև իր մահը:

     

    Երբ Արշակ արքան Կամսարականների ցեղը կոտորել տվեց և հրամայեց, որ նրանց մարմինները կեր դառնան շներին՝ սայլապաններից ոմանք նրանց ոսկորները գտնելով՝ ամփոփեցին մասնավոր փոսերի մեջ: Այս պատճառով Արշակը հրամայեց սայլապաններին կախել փայտերից:

     

    Խադը կատարվածներն իմանալով՝ շտապեց Արշակի մոտ և աներկյուղորեն նրան հանդիմանեց իր անասելի արարքների համար: Թագավորը զայրանալով՝ հրամայեց նրան քարկոծել: Բայց Ապահունյաց տոհմից քաջ այրեր փախցրեցին Խադին և տարան իրենց գավառը, ուր կարճ ժամանակ անց Խադը ավանդեց հոգին:

     

     

    Աղբյուր՝ Վարք Սրբոց

    Ներկայացրեց թարգմանաբար՝ Հրանուշ Սարգսյանը

     

     

     

    [1] Արիոսի հերետիկոսության կողմնակից

    [2] Խակ մտքով, տհաս, տկարամիտ, մտավորապես չզարգացած

    [3] Մազե կոպիտ կտորից կարված զգեստ, քուրձ

Օրացույց

Օրացույց