• Տոն հիշատակության Թեոդիտոն Վկայի, յոթ կույսերի և Թալիլիա բժշկի

    Նահատակների արյունը սերմն է քրիստոնյաների. Տերտուղիանոս


    Թեոդիտոնը կամ Թեոդոտոսն ամուսնացած քրիստոնյա էր, Գաղատիայի Անկյուրիա քաղաքից, և զբաղվում էր գինեվաճառությամբ, երբ 303 թվականին սկսվեցին Դիոկղետիանոսի հալածանքները քրիստոնյաների դեմ: Օգտվելով այն հանգամանքից, որ իր արհեստն իրեն քիչ կասկածելի էր դարձնում հալածողների առջև, ամեն կերպ օգնություն էր հասցնում բանտարկված քրիստոնյաներին. թաղում էր նրանց մարմինները, հաց և գինի էր հայթայթում Սբ. Պատարագի համար, իր տունը եկեղեցի ու ապաստարան էր դարձնում հալածվածների համար:

     

    Երբ Գաղատիայի Թեոդեկնոս կուսակալը ջրախեղդ անելով նահատակեց յոթ կույսերին՝ Տեկուսային, Աղեքսանդրային, Կղոդիային, Փեննային, Եվփրասիային, Մատրոնային և Հուղիտային, որոնցից առաջինն Թեոդիտոնի մորաքույրն էր, և նրանց պարանոցին կամ ոտքերին քարեր կապելով՝ լճի մեջ խորասույզ արեց նրանց մարմինները, որպեսզի իրենց հավատակիցների երկյուղածության առարկան չլինեն, Թեոդիտոնը, մի քանի ուրիշ քրիստոնյաների օգնությամբ, ամեն հնարք ի գործ դնելով՝ ջրից դուրս հանեց և Նահապետաց եկեղեցու մոտ թաղեց նրանց: Երբ իրողությունը հայտնի դարձավ, քաղաքի բոլոր քրիստոնյաները ենթարկվեցին ծանր նեղությունների: Այդ ժամանակ Թեոդիտոնը ինքն իրեն զոհ մատուցելով և ամենածանր տանջանքներից հրաշքով ազատվելուց հետո նահատակվեց գլխատմամբ:

    Նույն օրը Ս. Թալիլիա բժշկի հիշատակության օրն է: Թալիլիան ծնվել է 265թ. Լիբանանում: Երբ ինրա դեմ սկսվեց հալածանքը, ըստ ավանդության,հազից 18 տարեկան մի պատանի էր եւ սովորում է բժշկություն Մակաբիոս անունով մի բժշկի: Պատմում են, որ Թալիլիան բազում բժշկություններ է արել, նաև հրաշքներ, որոնք եղել են իր անխախտ հավատքի պտուղը: Բուժումների համար գումար չի վերցրել, օգնել է շատ աղքատների, որի համար նրան նաև անվանում են «Անառևտուր Բժիշկ»: Նախ հալածվել է Լիբանանում, որտեղ կարողացել է փախչել մահապատժից: Բայց Էգեայում նրան բերում են դաժան կուսակալի առջև եւ նա համարձակ ասում է. «Հիմա ինձ հետ կարող եք անել այն ինչ ուզում եք, ես ուզում եմ մեռնել իմ Փրկիչ և Աստված Քրիստոսի համար և հուսով եմ՝ կկարողանամ դիմանալ ոլոր չարչարանքներին՝ նրա օգնությամբ»:

     

    Երանելի սուրբն իր հավատի ամրությամբ դարձի է բերում անգամ իր դահիճներին՝ Աստերոիսոին և Աղեքսանդրոսին, ովքեր հրաժարվեցին կատարել կուսակալի հրամանը՝ ծակելու սրբի կրունկները և կախելու գլխիվայր: Կուսակալի հրամանով Աստերիոսը և Աղեքսանդրոսը մահապատժի են ենթարկվում: Ապա Թալիլիային նետում են ծովը, որտեղից փրկվում է աստվածային հրաշքով, որից հետո նրան նետում են գազանների առջև, բայց գազանները հանդարտ նստում են նրա ոտքերի մոտ: Դրանից հետո զայրացած կուսակալի հրամանով Թալիլիան գլխատվում է:

Օրացույց

Օրացույց