Ջերմացրո՛ւ մեր սառած սրտերը աստվածապաշտության եռանդով…
2018թ. հունիսի 2-ին Հայ Կաթողիկէ Եկեղեցին տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը վիրապից: Ներկայացնում ենք այս ներբողը՝ նվիրված տոնին:
Եկե՛ք միասին խորհենք այս ահավոր խորհուրդի մասին, որ Տերը ցույց տվեց մեզ:
Ո՜վ սքանչելիք, ահա երկրից վեր է ճառագայթում այսօր իմանալի արեգակը, և մեզ երկրից երկինք է հրավիրում:
Խոր գերեզմանից դուրս է գալիս՝ ոչ թե չորսօրյա մահացյալը նման Ղազարի, այլ տասնչորսամյա մեռյալը, որպեսզի հոգով մահացածներիս անմահության կյանքի վերափոխի:
Թունավոր զեռունների միջից անապական դուրս է գալիս՝ որպեսզի մենք ոտքի տակ կոխկրտենք ապականիչ ախտերի խումբը՝ թշնամու օձերին, վիշապներին և բոլոր աներևույթ զորություններին:
Կավից և տիղմից մաքրվում է հոգով մաքուրը, որպեսզի մեր հոգիների աղտեղությունը մաքրի սուրբ ավազանով:
Մենք՝ որ նրա լուսազգյաց անձը խավարեցնել էինք կարծում՝ վիրապ նետելու պատժով, Աստված սակայն նրան կարգեց խավարյալներիս լուսատու՝ յոթնապատիկ լուսափայլությամբ դուրս գալով վիրապից:
Եթե մեր մարմնավոր ծնողների համար ասվեց. «Պատվի՛ր քո հորն ու մորը», ուրեմն որքա՜ն ևս առավել նույնը պարտավոր ենք անել հանդեպ մեր հոգիների ծնողի, ունկնդրելով նրա լուսավոր վարդապետությունը, պահելով նրա առաքելավանդ կանոնները:
Նույն հարգանքը պարտական ենք նաև մեր սուրբ հոր՝ Գրիգոր Լուսավորչի օգնական՝ անարատ սրբուհի Հռիփսիմեին, որը որպես արեգակ ծագեց Հայոց Աշխարհի վրա, նախորդը Ս. Գրիգոր արփիի:
Տերը մեզ այցելեց ոչ թե ծանոթների և մերձավորների ձեռքով, այլ անծանոթների և օտար եկվորների. նրանց՝ որ մեր կողմից անարգվեցին, հալածվեցին և գլխատվեցին: Նա, որին առանք և Արտաշատի խոր վիրապը նետեցինք, ելավ, և անկյունաքար եղավ: Եթե Աստված Սբ. Գրիգորին մեզ հոգևոր հայր կարգեց, սուրբ կույսերին էլ հոգևոր մայրեր, որովհետև, եթե Հռիփսիմե կույսը իր մահվամբ ծնած չլիներ Հայաստան աշխարհը, Սբ. Գրիգորը չէր կարողանա ողջ մի ազգ ծնել: Եվ, եթե սրբուհու արյունը ոռոգած չլիներ մեր աշխարհի խոպան այգին, Աստված Ս. Լուսավորչին չէր ուղարկի այս այգին մշակելու համար:
Նրան՝ ում Տերը սիրում է, խրատում է. տանջում է ամեն որդու, որ ընդունում է: Նույնպես և քաղցրացավ Մարդասերի գութը մեր վրա: Նախ՝ մեր աշխարհը ցնցում էր իր բարկության գավազանով, թագավորին և մեծամեծներին խիստ կշտամբելով և բոլորին անխտիր ահուդողի մատնելով: Այն աստիճան՝ որ այլևս մարդկանցից դարման չգտնելով, աստվածային օգնությանը ապավինեն:
Ապա Աստված իր հրեշտակին է ուղարկում մի պարկեշտ կույսի մոտ, արքայի տնից: Տրդատի քույրը՝ Խոսրովիդուխտը, հրաշալի մի տեսիլքով նրանից պատվեր է առնում մեկ-երկու և ավելի անգամներ, բանտարկյալ Գրիգորին վիրապից հանելու համար, որովհետև, ասում է, որ նա պետք է բժշկի տանջվածներին և պետք է լուսավորի Հայաստան աշխարհը՝ աստվածագիտությամբ:
Եվ խոսքը գործի է վերածվում:
Ավագ նախարար Օտան անհուսությամբ գնում է, իբրև վաղուց մի մեռյալի մոտ, և վիրապի մեջ թաղվածին՝ հրաշքով կենդանի է գտնում: Եվ ուրախությամբ պարանը իջեցնելով խորունկ փոսից դուրս են հանում Աստծո մարդուն, առաքելանման նահատակին:
Դուրս է գալիս արփիանման Գրիգորը՝ իբրև նոր արև՝ արևելքի խորքերից. արտաքին տեսքով սակայն ամպամած և թխագույն մարմնով, այլագունած բազմամյա արգելարանի խստությունից: Եվ հենց դա էր հոգիների լուսատուի հոգու պայծառության նշանը:
Իսկույն Վաղարշապատի արքայարանը տարվելով, Արամյան տան վրա որպես լուսեղեն արեգակ ծագեց: Ցնծաց համայն Հայաստան աշխարհը՝ ի տես լույսի՝ երկար գիշերից հետո:
Անփարատելի թվացող դեպքերից վերանորոգում և մի նոր աշխարհ է կերպավորում՝ փարատելով տխրության սուգը, հեթանոսության մառախուղը: Տառապյալներին բժշկում է աղոթքով, հոգիների խավարասեր դևերին՝ հալածում:
Վիրապից ելնելուց հետո՝ Սբ. Գրիգորը Հռիփսիմյանց կույսերի նշխարները ամփոփեց այն հնձանատեղիում, ուր նրանք օթևանել էին, և այնտեղ քարոզեց թագավորին և ժողովրդին լուսավոր վարդապետությունը և աստվածապաշտության խորհուրդը՝ վաթսունհինգ օր շարունակ:
Ապա, գործակցությամբ թագավորի, մեհյանները և բագինները կործանեց, բոլոր հրապարակների վրա կանգնեցրեց տերունական խաչի նշանը:
Այնուհետև, աստվածային կանչով քահանայական կարգ հրավիրվեց և Կեսարիա գնալով՝ Հայաստանի քահանայապետ օծվեց՝ Ղևոնդիոս պատրիարքի ձեռամբ: Վերադառնալով Հայաստան, մկրտեց Տրդատ թագավորին ամբողջ ազգով, եկեղեցիներ կառուցեց և պայծառացրեց հայկազյան տունը արեգակի փայլով:
Եվ դու՜, լուսաբու՜ն հայր, համատարած և գեղեցիկ արեգա՜կ Թորգոմյան տան, պարթևների ցեղից սերված Գրիգոր, հսկող հովիվ և վարդապետ ճշմարտության, միշտ կենդանի եղիր մեր մեջ, արթնացրու՜ մեր զորությունները քո լուսացնցուղ ճառագայթներով, և աճեցրու՜ մեր հոգիների անդաստանի մեջ բարի բերքերը: Ծաղկեցրու՜ բազմապիսի առաքինությունները և աստվածահաճո վարքը՝ քո արյամբ ոռոգված աստվածատունկ մեր դրախտի մեջ: Ջերմացրո՜ւ մեր սառած սրտերը աստվածապաշտության եռանդով, և լուսազարդ գեղեցկությամբ պայծառեցրո՜ւ քո սուրբ Եկեղեցին, ուր հետևելով քո ուղղափառ վարդապետությանը՝ պաշտենք քեզ սրբությամբ և արդարությամբ՝ մեր կյանքի բոլոր օրերին:
Աղբյուրը՝ Վարք Սրբոց
Արևելահայերենի վերածեց՝ Հրանուշ Սարգսյանը