Ունկն դիր, Տէ՛ր, աղօթից իմոց…
Աղոթքը ենթադրում է հավատի առկայություն դեպի անտեսանելի աշխարհի գոյությունը և իրենից ներկայացնում է դիմում այդ աշխարհին: Կատարվում է հանրայնորեն կամ մասնավոր ձևով:
Աղոթքը կարող է լինել ինչպես բարձրաձայն՝ արտաքին, այնպես էլ մտքում՝ ներքին աղոթքներ: Տարբեր կրոններ այս երկու ձևերը համադրում են համաձայն իրենց սկզբունքների: Արտաքին աղոթքի ձևեր կարելի է համարել երգերը, պարերը, թմբկահարումը և այլն: Իսկ ներքին աղոթքն այն է, երբ մարդը մտքով և սրտով ուղղվում է դեպի նա, ում դիմում է՝ Աստված, հրեշտակներ, սրբեր և այլք:
Աբրահամական կրոններում աղոթքին զուգահեռ կատարվում են նաև մի շարք շարժումներ՝ խաչակնքում, երկրպագություն, ծնրադրություն և այլն:
Աղոթքի տեսակներն են՝ գոհաբանական, փառաբանական, ապաշխարանքի, բարեխոսական և այլն:
Աղոթքը մարդուն հասցնում է մի յուրահատուկ վիճակի, որում նա կարողանում է կապ հաստատել Աստծո հետ: Բացի դրանից, այդպիսի վիճակը մարդու համար այնքան անհրաժեշտ է, որքան քունը:
Գոյություն ունի թերապևտիկ ուղղություն՝ սիներգիական հոգեթերապիա, որի աշխատանքի առանցքն են կազմում աղոթքը և ապրումը, որոնք դիտարկվում են ոչ թե կրոնական գիտության ոլորտում, այլ չեզոք՝ ընդհանուր հոգեթերապիայի ոլորտում: Այս ուղղության ուսումնասիրման առարկան գործողություն-ապրում-աղոթք եռյակն է: Դրանք մարդկային ակտիվության 3 անփոխարինելի, միմյանցից չառանձնացող տեսակներ են և կազմում են մարդու կյանքի ողջ գոյաբանական՝ էքզիստենցիալ, հորիզոնը:
Անհնարինի հնարավոր լինելը– սա այս եռյակի ֆենոմենոլոգիական հիմքն է, և այն ոչ թե ինքնախաբեություն է կամ, նույնիսկ, Աստծո ամենազորություն, այլ՝ այն հույսը և հավատը, որ կարող է մի լուսավոր պահի ունենալ մարդը:
Ինչ-որ բանի հնարավոր լինելն արտահայտվում է հետևյալ ձևերով՝ հույս, վստահություն, իմաստավորում, իրականանալիություն, լինելիություն և այլն:
Իսկ անհնարին լինելը՝ անդառնալիություն, անիրականանալիություն, անխուսափելիություն, անզորություն և այլն:
Սիներգիական հոգեթերապիայի էքզիստենցիալ եռյակի յուրաքանչյուր բաղադրիչ իր նշանակությունն ունի.
1.Գործողությունն ուղղված է արտաքին աշխարհին, նրանում ինչ-որ փոփոխություններ անելուն:
2.Ապրումներն ուղղված են սեփական անձին, նրան ճանաչելու, նրանում փոփոխություններ կատարելուն:
3.Աղոթքն ուղղված է Աստծուն: Այն անդրանցական (տրանսցենդենտալ) ինտուիցիա է՝ վերգիտակցական զգացում, զգայական փորձից դուրս եղածի ինտուիտիվ զգացում, առանց որի աղոթքը հնարավոր չէ:
Այսինքն՝ կարող ենք ասել, որ աղոթքը հանդես է գալիս այն ժամանակ, երբ մարդն այլևս հենման կետ չունի ո՛չ դրսում` արտաքին պայմաններում և այլոց մեջ, ո՛չ սեփական անձում, սեփական ռեսուրսների մեջ: Դա այն պահն է, երբ անհնարինության, սեփական հնարավորությունների սահմանափակության գիտակցումը հասնում է իր գագաթնակետին: Եվ մարդը դիմում է աղոթքի հանգստացնող զորությանը:
Իսկ ո՞րն է աղոթքի ազդեցությունը մարդու վրա ֆիզիոլոգիական մակարդակում:
Այդ հարցի պատասխանը պարզելու համար կատարվել են հետազոտություններ, որոնց ժամանակ հետազոտվողների հետ կատարել են էլեկտրաուղեղային գրանցում (ԷՈՒԳ)՝ սովորական ժամանակ և աղոթքի ժամանակ: Սովորական ժամանակ նրանց մոտ գրանցվել են α(ալֆա) և β(բետա) ռիթմեր (8-30 Հց հաճախականությամբ): Իսկ երբ սկսել են աղոթել, նրանց մոտ գրանցվել է δ(դելտա) ռիթմ՝ 1-4 Հց հաճախականությամբ, որը համապատասխանում է բնական կամ նարկոտիկ քնի ժամանակ ուղեղի ակտիվությանը:
Եղել են նաև հետազոտվողներ, ում մոտ լիարժեք բացակայել՝ վերացել են α և β ռիթմերը: Այդ վիճակը համապատասխանում է 2-3 ամսական նորածնի ուղեղի աշխատանքին: Այսինքն՝ կարելի է ասել՝ աղոթելով մարդը վերադառնում է մանկություն՝ ապահով ու անհոգ շրջան: Այս երևույթը հոգեվերլուծության մեջ անվանում են ռեգրեսիա: Իսկ Ավետարանում այս մասին ասվում է. «Եղեք մանկան նման և կփրկվեք» («Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի», Մտթ. 18:2):
Մեկ այլ հետազոտության ժամանակ փորձել են ուսումնասիրել մարդու ուղեղի կեղևի տարբեր հատվածների ակտիվությունը աղոթքի ժամանակ: Այդ նպատակով մարդուն ներարկել են անվնաս ռադիոակտիվ նյութ, որը տեղաշարժվում է դեպի ուղեղի այն հատվածները, որոնք տվյալ պահին ակտիվ են: Եվ պարզվել է, որ աղոթքն ուղեղում ակտիվացնում է խոսքի համար պատասխանատու հատվածները: Բացի դրանից, այդ պահին պասիվ վիճակում են գտնվել ուղեղի այն հատվածները, որոնք ապահովում են տարածական կողմնորոշումը: Այսինքն՝ աղոթքի ժամանակ մարդուն տիրում է տրանսցենդենտալ վիճակը, երբ նա կտրվում է ֆիզիկական աշխարհից, իրեն միավորված, ձուլված է զգում Աստծո և տիեզերքի հետ:
Գինյա Սումբուլյան
ԵՊՀ Հոգեբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի
Օգտագործված աղբյուրներ՝
https://www.b17.ru/article/13211// “С.С. Орлова, Влияние молитвы на психологическое состояние человека.”
Василюк Ф.Е. Переживание и молитва, М., 2005 г.
http://www.panarmenian.net/rus/details/203692/ “Как молитва влияет на работу мозга человека?”
https://pikabu.ru/story/kak_molitva_vliyaet_na_mozg_cheloveka_i_ego_soznanie_5095091 “Как молитва влияет на мозг человека и его сознание.”