• Բաց նամակ և համագործակցության առաջարկ Հռոմի Սուրբ Աթոռին՝ Հաղորդակցամիջոցների 51-րդ միջազգային օրվա առթիվ

    Մարտահրավեր և հույս.

    «Կառուցողական նոր հաղորդակցության» զարգացման անհրաժեշտությունը տեղական եկեղեցական հաղորդակցամիջոցների հետ


     

     

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

     

    Հայաստանից՝ Հաղորդակցամիջոցների 51-րդ միջազգային օրվա առթիվ, արձագանքելով Սուրբ Աթոռի Հաղորդակցության քարտուղարության հրավերին

     

    Ուզում եմ այս հոդվածը, կամ ավելի շուտ, առաջարկը սկսել Հաղորդակցության 51-րդ միջազգային օրվա առթիվ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ուղերձի տողերով, որը վերցրեցի որպես հոդվածիս առանցք.

     

    «Ուզում եմ քաջալերել բոլորին՝ ներգրավվել կառուցական մի հաղորդակցության մեջ, որը մերժում է այլոց նկատմամբ նախապաշարումը և խրախուսում հանդիպման մշակույթը՝ օգնելով բոլորիս՝ աշխարհին նայել իրատեսորեն և վստահությամբ»:

     

    Այս մտածողության վրա են հիմնված Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից նախաձեռնված բարեփոխումները, որոնք ընթանում են Սուրբ Աթոռի հաղորդակցության համակարգում և միտված են նոր հորիզոններ բացելու Տեր Հիսուս Քրիստոսի Բարի Լուրը ներկայիս աշխարհում ավելի արդյունավետ տարածելու համար: Այս բարեփոխումների հանձնառությունը ստանձնեց 2015-ին ստեղծված Հաղորդակցության քարտուղարությունը, որն իրականացնում է Սուրբ Աթոռի զանգվածային հաղորդակցության աշխատանքի համակարգումը: Նոր ղեկավար մարմնի ստեղծման մասին իր ինքնագիր նամակում Քահանայապետը գրեց.

     

    «Հաղորդակցության ներկայիս համատեքստը, որը բնորոշվում է թվային մեդիայի ներկայությամբ և զարգացմամբ, միաձուլմամբ և համագործակցությամբ, պահանջում է և՛ Սուրբ Աթոռի տեղեկատվական համակարգի վերաքննություն և՛ հանձնառություն՝ վերակազմակերպելու այն…» (Motu proprio… ):

     

    2017թ. մայիսի 4-ին Հաղորդակցության քարտուղարության լիագումար համագումարի մասնակիցներին Քահանայապետն ասաց. «Այս բաժանմունքը, որը շուտով՝  հունիսի 27-ին, կբոլորի երկրորդ տարին, բարեփոխման գագաթնակետին է: Բարեփոխումը միայն «իրերը սպիտակեցնելը չէ». բարեփոխումը իրերին այլ ձև տալն է՝ դրանք կազմակերպելով այլ կերպ…Բարեփոխումը հիմնովին է, քանի որ նոր իրականությունը կատարում է քայլեր, որոնք անդառնալի են»:

     

    Կարևոր է, որ այդ նոր քայլերը շարունակեն իրականացվել նույն տրամաբանությամբ, որով սկսվեց բարեփոխումը, այսինքն՝ առավել համապատասխանեցնել աշխատանքը ժամանակակից տեխնոլոգիական աշխարհի հնարավորություններին՝ միավորելով մարդկային և տեխնոլոգիական ռեսուրսները: Այս ռեսուրսների միավորումը, ըստ իս, ենթադրում է նաև աշխատանքի կազմակերպման ապակենտրոնացում՝ օգտագործելով փոխօգնության և մասնակցության սկզբունքները, ըստ Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքի տրամաբանության: Այս մասին բազմիցս խոսել է նաև Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Սուրբ Աթոռի Ծերակույտի բարեփոխումների մասին իր ելույթներում՝ շեշտելով կառավարման ու կազմակերպական աշխատանքներում ծայրամասային համայնքներին և սուբյեկտներին առավել մեծ գործառույթներ հատկացնելու անհրաժեշտությունը, կամ այլ խոսքով «դեպի ծայրամասեր» գնալու կարևորությունը, որը կենդանի և ոչ հիվանդ Եկեղեցու կենսունակության ցուցիչն է, նրա խոսքերով: Նույն 2017թ. մայիսի 4-ի իր խոսքում Նորին Սրբությունը շեշտեց հետևյալը.

     

    «Խնդրում եմ ձեզ, որ ձեր առաջնորդող չափանիշը լինի առաքելական, միսիոներական՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով դժվարություններին, աղքատությանը՝ այն գիտակցությամբ, որ այս իրավիճակներն այսօր ևս պետք է իրենց պատշաճ լուծումները ստանան: Այս կերպ հնարավոր է Ավետարանը հասցնել բոլորին, առավելագույնս օգտվելով մարդկային ռեսուրսների հնարավորություններից՝ առանց փոխարինելու տեղական եկեղեցիների հաղորդակցության միջոցները, և, միաժամանակ, օժանդակելով առավել կարիքավոր եկեղեցական համայնքներին» (Քահանայապետի խոսքն ամբողջությամբ՝ այստեղ):

     

    Այս նոր կամ բարեփոխված մտածողությամբ շատ կարևոր է Եկեղեցու ներսում ձևավորել համագործակցության և փոխօգնության գործուն ցանց՝ տարբեր երկրների տեղական եկեղեցիների հաղորդակցության միջոցների և Սուրբ Աթոռի նորաստեղծ Հաղորդակցության քարտուղարության միջև: Մանավանդ, այն երկրներում, որտեղ տեղական համայնքներն ունեն տնտեսական, սոցիալական բարդ կենսապայմաններ, կաթողիկէ տեղական հաղորդակցության միջոցները կարիք ունեն առավել կայուն պայմաններում գործող հաղորդակցության միջոցների աջակցության, համագործակցության՝ ի շահ Ավետարանի քարոզության հատկապես անապահով համայնքներին:

     

    Փաստ է, որ այսօր Ընդհանրական Եկեղեցու կարևոր իրադարձությունները, Սրբազան Քահանայապետի գործունեությունն ու քարոզները, շրջաբերական նամակները հասանելի են տարբեր թվային միջոցներով և լեզուներով՝ շնորհիվ Սուրբ Աթոռի առաջատար լրատվամիջոցների (CTV, Radio Vaticana, L’Osservatore Romano և այլն), բայց, այնուամենայնիվ, դեռևս կան երկրներ, համայնքներ, որտեղ այդ կարևոր տեղեկատվությունը դժվար հասանելի է՝ լինելով միայն համացանցում կամ ոչ համապատասխան լեզվով: Օրինակ, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքներում (տարածքն ընդգրկում է մոտ 250.000 հավատացյալ) նման տեղեկատվությունը հասանելի է միայն համացանցում և այն էլ՝ ոչ տեղի՝ արևելահայերեն, լեզվով. Ռադիո Վատիկանի հայկական բաժինը, ահռելի նվիրյալ աշխատանք կատարելով հանդերձ, նյութերը սփռում է արևմտահայերենով, որը մեծ մասամբ դժվար ընկալելի է այդ տարածքների հայության համար և հիմնականում հասանելի է սփյուռքի հայության համար: Նրանց նաև արևելահայերեն տեղեկատվությամբ ապահովելու համար 2014-ին Հայաստանում ստեղծվեց հայ կաթողիկէ առաջնորդության համացանցային պաշտոնական կայքը, որը պատրաստում է հոդվածներ և տեսանյութեր՝ Կաթողիկէ Եկեղեցու անցուդարձի, Սրբազան Քահանայապետի գործունեության և Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի համայնքների ներքին կյանքի, պատմության մասին՝ արևելահայերենով, ագլերենով և ռուսերենով: Այս հաղորդակցության միջոցը միակն է, որ աշխատում է այս տարածքում՝ այս ձևաչափով և միայն այս նպատակներով, բայց չունի նյութական և մարդկային տեսուրսների ապահովություն՝ զարգանալու և կատարելու այն ծավալուն և հույժ կարևոր աշխատանքը, որին լծվել է:

     

    Փաստ է, որ տեղական եկեղեցական լրատվամիջոցները կարիք ունեն համագործակցության և աջակցության, որպեսզի դառնան ոչ միայն Ավետարանը և Սրբազան Քահանայապետի խոսքը աշխարհի մոռացված ծայրամասերը ժամանակակից միջոցներով հասցնելու, այլև Եկեղեցու առավել ուշադրության կենտրոնում գտնվող և ապահովության մեջ ապրող հավատացյալներին, Սուրբ Աթոռի բարձրաստիճան հոգևորականներին ու լայն հասարակությանը ծայրամասի համայնքների և առանձին հավատացյալների մասին տեղեկատվություն փոխանցելու զարգացող կառույցներ: Փաստ է նաև, որ հաճախ առավել ապահովված լրատվամիջոցը մեծ ուրախությամբ և նույնիսկ քննադատաբար օգտվում է առավել անապահով լրատվամիջոցի հրապարակած տեղեկատվությունից՝ առանց հետաքրքրվելու, թե ինչպիսի դժվարություններով է ստեղծվել այդ նյութը և ինչպես կարելի է օժանդակել այդ լրատվամիջոցին, որպեսզի համակողմանիորեն զարգանա և հիմք ստեղծվի հետագա կայուն համագործակցության համար:

     

    Տեղական լրատվամիջոցներին առավել մեծ ուշադրություն դարձնելը, օժանդակելը, ինքնուրույն ավելի ակտիվ գործելու հնարավորություններով օժտելը, փորձի փոխանակմամբ, ընդհանուր դասընթացներով մարդկային ռեսուրսները զարգացնելը կամրացնի նաև Եկեղեցու կենտրոնը, կօգնի առավել արդյունավետ կառավարել ու բարեփոխել Սուրբ Աթոռի տեղեկատվական համակարգը, ըստ Քահանայապետի որդեգրած բարեփոխման տրամաբանության և Հաղորդակցության քարտուղարության կանոնադրության, որը խրախուսում է համագործակցության զարգացումը տեղական եկեղեցիների հաղորդակցամիջոցների հետ (ըստ հդվ. 11, 3, հդվ. 12, 3):

     

    Ըստ վերը շարադրվածի, առաջարկում եմ Սուրբ Աթոռի Հաղորդակցության քարտուղարությանը, Սրբազան Քահանայապետի ձեռնարկած բարեփոխման մտածողությանը համապատասխան, մշակել ռազմավարություն՝ տեղական հաղորդակցամիջոցների հետ համագործակցությունը, նրանց օժանդակությունը և մասնակցությունը Եկեղեցու տեղակատվական միասնական համակարգի մեջ առավել զարգացնելու ուղղությամբ: Անհրաժեշտ է միասնաբար, օգտագործելով դաշտում գործող բոլոր սուբյեկտների ներուժն ու մտավոր ռեսուրսները, մշակել ժամանակի տեխնոլոգիական նորարարություններին, սոցիալական հաղորդակցության տրամաբանության, տեղական և միջազգային հանրության մշակութային, հոգևոր պահանջներին համապատասխան նոր ծրագրեր, որոնք մեր առջև կբացեն առավել արդյունավետ ավետարանացման նոր հեռանկարներ և նոր հույս: Միայն միասնաբար և միմյանց օգնելով կարելի է համընթաց քայլել ժամանակի պահանջներին և գործանականում արտահայտել Տեր Հիսուս Քրիստոսի մեկ Եկեղեցու սկզբունքը («…որպէսզի բոլորը մէկ լինեն», Հվհ, 17, 21):

     

    Այս առումով, շնորհավորելով բոլոր հաղորդակացմիջոցների աշխատակիցներին 51-րդ միջազգային օրվա առթիվ՝ կուզենայի աղոթել և հուսալ Սրբազան Քահանայապետի 2017թ. ուղերձի վերնագրի և դրական բովանդակության տրամաբանությամբ.

     

    «Մի՛ երկնչիր, որովհետեւ ես քեզ հետ եմ» (Ես., 43:5), հաղորդելով հույս և վստահություն մեր ժամանակներում»:

     

     

    Այս նամակը անգլերեն թարգմանությամբ ուղարկվել է Սուրբ Աթոռի Մամլո քարտուղարություն

Օրացույց

Օրացույց