• Համահայկական էլեկտրոնային գրականության շտեմարան, որտեղ կտեղադրվեն հնատիպ հայկական գրքերի թվայնացված տարբերակները

    Համահայկական էլեկտրոնային գրականության շտեմարան, որտեղ կտեղադրվեն հնատիպ հայկական գրքերի թվայնացված տարբերակները


    Հոկտեմբերի 6-8-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ապա Ազգային գրադարանում տեղի է ունեցել Հայկական գրադարանների միջազգային Գ համաժողովը «Անցյալի պահպանություն՝ հանուն ապագայի» կարգախոսով ՀՀ Մշակույթի նախարարության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ազգային գրադարանի նախաձեռնությամբ: Համաժողովին մասնակցել են ՀՀ մարզերի, հայկական սփյուռքի, Հայ Կաթողիկե և Հայ Առաքելական Եկեղեցիների գրադարանների ներկայացուցիչներ: Հայ Կաթողիկե Եկեղեցին համաժողովին ներկայացրել է Զմմառի վանքի գրադարանապետ, թանգարանապետ և ընդհանուր քարտուղար Հոգեշնորհ Հ. Մովսես վրդ. Տոնանյանը, մասնակցել են նաև Մխիթարյան միաբաններ Հոգեշնորհ Հ. Վահան վրդ. Օհանյանը և Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր Հոգեշնորհ Հ. Պողոս վրդ. Գոճանյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրել է Մայր Աթոռի գրադարանապետ Արարատ քհն. Պողոսյանը, իսկ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ Գերշն. Տ. Տիրան Արքեպս. Փանոսյանը:

    Հայր Մովսեսը, ով մեզ սիրահոժար տեղեկություններ տրամադրեց համաժողովի աշխատանքի մասին, մասնավորապես զեկուցել է Զմմառի հնատիպ գրքերի ցուցակագրման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Գրքերի և մատյանների ցուցակագրումը կարևոր նախապատրաստական քայլ է միջգրադարանային համագործակցության համար, որը փորձում են արդյունավետ դարձնել մի հետաքրքիր գաղափարով՝ ստեղծել համահայկական էլեկտրոնային գրականության շտեմարան, որի մեջ կտեղադրվեն աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայկական հնատիպ արժեքավոր գրքերի թվայնացված տարբերակները թե՛ գրադարաններից, թե՛ անհատ մարդկանց հավաքածուներից: Սա կլինի ոչ միայն անփոխարինելի համացանցային մատենադարան, հոգևոր և աշխարհական գրականության գանձարան, այլև՝ համագործակցության հիանալի մի դաշտ, որտեղ գրադարանները իրենց ռեսուրսներով կօգնեն միմյանց, կիմանան, թե որն է արդեն թվայնացված, կրկնակի աշխատանք չեն կատարի և կփոխանակվեն գրականությամբ՝ համալրելով իրենց գրական հարստությունը: Այս գաղափարը նոր չէ, այն քննարկվել է նաև երկու տարի առաջ կազմակերպված Բ համաժողովին, բայց իրականություն դառնալու համար մեծ աշխատանք և ֆինանսական միջոցներ են հարկավոր: Նախ հարկ է, որ գրադարաններն ունենան թվայնացված գրականության շտեմարաններ, իսկ դա ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ միջոցների և մասնագետների սղության պատճառով: Մինչ օրս թվայնացված գրականության ամենամեծ շտեմարանը հաջողվել է ստեղծել Ազգային գրադարանին, որը և իր օգնությունն է առաջարկում մյուս գրադարաններին: Այս Գ համաժողովի ընթացքում Ազգային գրադարանի հետ թվայնացման աշխատանքներում փոխօգնության համաձայնագիր են կնքել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրադարանի ղեկավարը: Ազգային գրադարանը նույնը առաջարկում է նաև Զմմառի գրադարանին: Հայր Մովսես վրդ. Տոնանյանն այդ առաջարկը փոխանցել է Զմմառի վանքի մեծավորին՝ բանակցություններ սկսելու հնարավորության հարցը քննելու համար: Դա, հավանաբար, նորից ընդհանուր քննարկման սեղանին կդրվի հաջորդ համաժողովի ժամանակ՝ երկու տարի հետո:

    Համաժողովի ընթացքում քննարկումների կարևոր կետ է եղել ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները գրադարաններում: Երևանում նախատեսվում է կազմակերպել ցեղասպանության փաստագրական գրականության ցուցահանդես, որին կմասնակցեն շատ գրադարաններ: Զմմառում մասնավորապես 2015թ. փետրվարին կկազմակերպվի գիտաժողով՝ հայոց ցեղասպանության մասին միջազգային արխիվների թեմայով, որտեղ կխոսվի նաև Վատիկանի արխիվների մասին: Ի դեպ, Վատիկանը նախատեսում է առաջիկայում գիրք հրապարակել հայոց ցեղասպանության մասին արխիվային նյութերի վերաբերյալ: Զմմառի վանքի գրապահոցներում այժմ պահվում է 2100 ձեռագիր մատյան, 350 հնատիպ գիրք, մոտ 3500 կտոր միջնադարյան գրականություն և մոտ 80.000 կտոր նոր շրջանի գրականություն: Զմմառի վանքն իր գրական ու թանգարանային հարստություններով աշխարհում 5-րդ հայկական մշակութային կենտրոնն է:

    IMG_2625 IMG_2949 IMG_2971 IMG_2973 IMG_673610581831_858140310886837_653082528_n

Օրացույց

Օրացույց