• Հովվական այցելություն՝ Արփենի և Հովտուն գյուղեր

    «Լավ հովիվը ճանաչում է իր ոչխարներին և նրանց անուններով է կանչում»


    2025թ. սեպտեմբերի 26-ին՝ իր գահակալության մեկամյա հոբելյանի ուրախությանը Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանն իր հովվական այցելությամբ մասնակից դարձրեց նաև Շիրակի մարզի Արփենի և Հովտուն համայնքների հավատացյալ ժողովրդին: Սա Սրբազան Հոր առաջին այցելությունն էր այդ գյուղերին:

     

    Աշոցքի տարածաշրջանի Արփենի համայնքի բնակիչները Սրբազան Հորը դիմավորեցին Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակում՝ ավանդական աղուհացով և երգուպարով, ջերմ ողջույններով և ներկայացնելով իրենց փոքրիկ՝ բայց ուշագրավ հոգևոր պատմությամբ հարուստ գյուղը, որի բնակիչները ևս 1830-ականներին գաղթել են Արևմտյան Հայաստանից և հիմնել այդ գյուղը, 1920-ին ենթարկվել թուրքական բանակի կոտորածներին: Այժմ գյուղում ապրում է մոտ 50 ընտանիք, բայց նախկինում բավական մեծաթիվ բնակչություն է ունեցել:

     

    Հաջորդ գյուղը՝ Հովտունը, որ գտնվում է Ամասիայի տարածաշրջանում, ևս հիմա սակավ բնակիչներ ունի՝ 25 ընտանիք: Գյուղում եկեղեցի դեռ չի կառուցվել, կա մի հնագույն հունական եկեղեցի, որը կիսավեր է: Սբ. Պատարագներն այստեղ նախկինում մատուցվել են դպրոցում, հետո՝ ժողովրդապետական կենտրոնում, որը հին փոստի շենքն էր և գնվեց Առաջնորդարանի կողմից, մաս-մաս նորոգվեց: Հիմա ծառայում է որպես մատուռ, ունի մի քանի սենյակներ, որոնք կարող են ծառայել հովվական տարբեր ձեռնարկների համար: Այստեղ ևս Սրբազան Հորը դիմավորեցին նույն ջերմությամբ և պատմելով գյուղի մասին:

     

    2025-ի հունվարից այս երկու գյուղի հոգևոր հովիվն է Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանը, որ այստեղ ծառայել է նաև 2008-2013 թվականներին:

     

    Առաջնորդ Հայրը Սուրբ Պատարագ մատուցեց Արփենիի եկեղեցում և Հովտունի մատռան մեջ, խոսեց Վարագա Սուրբ Խաչի տոնի խորհրդի մասին՝ նաև իր հայրական ուրախությունը հայտնելով, որ կարողանում է այցելել իր առաջնորդության բոլոր հավատացյալներին՝ անկախ նրանից, համայնքի բնակչությունը մեծաթիվ է, թե փոքրաթիվ, լսել բոլորի պատմությունները, իր հայրական մտերմությամբ լինել բոլորի կողքին և աղոթել նրանց հետ միասին: Սա է գահակալության լավագույն նվերը:

     

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    30 սեպտեմբերի, 2025թ.

     

     

Օրացույց

Օրացույց